Մատչելիության հղումներ

logo-print

Հովիկ Աբրահամյանը ելույթ է ունեցել Եվրախորհրդարանի հանձնաժողովում


Լեռնային Ղարաբաղի խնդիրը նուրբ եւ զգայուն շատ կողմեր ունի, ուստի հարցին առնչվող հրապարակային հայտարարությունների եւ դիրքորոշումներ արտահայտող փաստաթղթերի ընդունման խնդրում հայկական կողմն ակնկալում է առավելապես անաչառ ու հավասարակշիռ մոտեցումներ: Այդ մասին հայտարարել է Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը` երեկ ելույթ ունենալով Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հատուկ նիստում:

Հիշեցնելով, որ նամակ է հղել Եվրոպական խորհրդարանի նախագահին` կապված մայիսի 20-ին Եվրախորհրդարանի ընդունած «Հարավային Կովկասում Եվրամիության կողմից ռազմավարություն մշակելու անհրաժեշտության մասին» բանաձեւի հետ, Հովիկ Աբրահամյանը հավելել է. - «Բանաձեւում ընդգրկվել են Լեռնային Ղարաբաղին առնչվող ոչ ճշգրիտ ձեւակերպումներ, քանի որ բանաձեւի հեղինակը լավատեղյակ չլինելով հիմնախնդրի նրբերանգներին, երբեւէ չի այցելել տարածաշրջան ու չի խորհրդակցել բանակցային գործընթացում միջնորդների` ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների, մասնավորապես Եվրամիության անդամ երկիր հանդիսացող Ֆրանսիայի ներկայացուցչի հետ»:

Արդյունքում, ըստ Աբրահամյանի, անտեսվել են հակամարտության էությանը առնչվող կարեւորագույն փաստեր, ինչը «կարող է բացասական ազդեցություն ունենալ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վրա»: «Պատահական չէ սահմանի վրա վերջերս տեղի ունեցած ադրբեջանական կողմի սադրանքը, որի հետեւանքով զոհվեցին 5 հայ եւ մեկ ազերի զինվորներ», - ասել է Ազգային ժողովի նախագահը:

Ղարաբաղի խնդիրը, Հովիկ Աբրահամյանի խոսքերով, լուծում ունի «մասնավորապես ԵԱՀԽ-ի Հելսինկիի եզրափակիչ ակտում ամրագրված միջազգային իրավունքի` տարածքային ամբողջականության, ազգերի ինքնորոշման եւ ուժի չկիրառման սկզբունքների հիման վրա»:

Անդրադառնալով Հայաստան - Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին` Հովիկ Աբրահամյանը ընդգծել է. - «Ցավոք, Թուրքիան ներկայումս պատրաստ չէ սկսած գործընթացը շարունակել առանց նախապայմանների` համաձայն Ցյուրիխում միջազգային բարձր միջնորդությամբ ստորագրված արձանագրությունների ոգուն, դրանով իսկ վերջ դնելով Եվրոպայում միակ փակ սահմանի գոյությանը: Հայաստանը պատրաստակամ է իր տրամաբանական ավարտին հասցնելու այս գործընթացը, եթե Թուրքիայի կողմից դրսեւորվի քաղաքական կամք եւ դրական քայլեր նկատվեն այդ ուղղությամբ»:

Ազգային ժողովի նախագահը դիմել է Եվրախորհրդարանի հանձնաժողովին` «ակնկալելով, որ Եվրամիությունն ավելի հետեւողական կլինի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ սահմանի բացման գործում»:

Ազգային ժողովի նախագահը ծավալուն անդրադարձ է կատարել Հայաստան - Եվրամիություն հարաբերություններին եւ դրանց համատեքստում երկրի ներսում կատարվող բարեփոխումներին:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` նույն օրը Հովիկ Աբրահամյանը մի շարք երկկողմ հանդիպումներ է ունեցել, այդ թվում` Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Լասլո Տոկեշի եւ Հայաստան - ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Միլան Ցաբերնոշի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG