Մատչելիության հղումներ

Հովիկ Աբրահամյան. «Հայկական կողմը ակնկալում է անաչառ մոտեցում»


Հովիկ Աբրահամյան
Հովիկ Աբրահամյան
Լեռնային Ղարաբաղի խնդիրը նուրբ եւ զգայուն շատ կողմեր ունի, ուստի հարցին առնչվող հրապարակային հայտարարությունների եւ դիրքորոշումներ արտահայտող փաստաթղթերի ընդունման խնդրում հայկական կողմն ակնկալում է առավելապես անաչառ ու հավասարակշիռ մոտեցումներ: Այդ մասին հայտարարել է Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը` երեքշաբթի օրը ելույթ ունենալով Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հատուկ նիստում:

Հիշեցնելով, որ նամակ է հղել Եվրոպական խորհրդարանի նախագահին` կապված մայիսի 20-ին Եվրախորհրդարանի ընդունած «Հարավային Կովկասում Եվրամիության կողմից ռազմավարություն մշակելու անհրաժեշտության մասին» բանաձեւի հետ, Հովիկ Աբրահամյանը հավելել է. - «Բանաձեւում ընդգրկվել են Լեռնային Ղարաբաղին առնչվող ոչ ճշգրիտ ձեւակերպումներ, քանի որ բանաձեւի հեղինակը լավատեղյակ չլինելով հիմնախնդրի նրբերանգներին, երբեւէ չի այցելել տարածաշրջան ու չի խորհրդակցել բանակցային գործընթացում միջնորդների` ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների, մասնավորապես Եվրամիության անդամ երկիր հանդիսացող Ֆրանսիայի ներկայացուցչի հետ»:

Արդյունքում, ըստ Աբրահամյանի, անտեսվել են հակամարտության էությանը առնչվող հետեւյալ կարեւորագույն փաստերը. - «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը չի կարող հակադրվել Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի հետ, քանի որ Լեռնային Ղարաբաղը երբեւէ չի եղել ո'չ 1918 թվականին հռչակված անկախ Ադրբեջանի, ո'չ էլ վերջինիս իրավահաջորդը հանդիսացող ներկայիս Ադրբեջանի կազմում: Ադրբեջանը ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացման խաղաղ եւ օրինական գործընթացի, դիմել է ուժի կիրառման եւ 1991-1994 թվականներին սանձազերծել է լայնամասշտաբ պատերազմ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ, ինչի հետեւանքն են հակամարտության գոտում առաջացած իրողությունները: Հայաստանը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեռեւս միջազգայնորեն չճանաչված լինելու պատճառով, ներկայացնում եւ պաշտպանում է նրա շահերը, բայց չի կարող փոխարինել նրան: Որպես հետեւանք չի կարող ԼՂՀ-ի կենսական շահերին վերաբերող հարցերով ստանձնել պարտավորություններ վերջինիս փոխարեն: Ուստի, Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղին որպես բանակցային կողմ ճանաչելը կնպաստի արդյունավետ եւ ամբողջական բանակցությունների կայացմանը»:

«Այս իրողությունների անտեսումը կարող է բացասական ազդեցություն ունենալ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վրա: Պատահական չէ սահմանի վրա վերջերս տեղի ունեցած ադրբեջանական կողմի սադրանքը, որի հետեւանքով զոհվեցին 5 հայ եւ մեկ ազերի զինվորներ», - ասել է Ազգային ժողովի նախագահը:

Լեռնային Ղարաբաղի խնդիրը, Հովիկ Աբրահամյանի խոսքերով, լուծում ունի «մասնավորապես ԵԱՀԽ-ի Հելսինկիի եզրափակիչ ակտում ամրագրված միջազգային իրավունքի` տարածքային ամբողջականության, ազգերի ինքնորոշման եւ ուժի չկիրառման սկզբունքների հիման վրա»:

«Ցավոք, Ադրբեջանը, հավատարիմ մնալով իր որդեգրած ապակառուցողական քաղաքականությանը, շարունակում է տարածաշրջանում իր նավթային գերշահույթների հաշվին սպառազինությունների մրցավազքը` խախտելով Եվրոպայում սովորական սպառազինությունների պայմանագրով սահմանված բոլոր նորմերը: Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը չի դադարում մշտապես հանդես գալ ռազմատենչ հայտարարություններով` իր հասարակության մեջ թշնամանք սերմանելով հայերի նկատմամբ: Սակայն ողջ տարածաշրջանի համար վտանգավոր գործելակերպ որդեգրած Ադրբեջանի կեցվածքը մինչ օրս չի արժանացել որեւէ գնահատականի միջազգային համապատասխան ատյանների կողմից», - հայտարարել է Հայաստանի խորհրդարանի նախագահը:

Անդրադառնալով Հայաստան - Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին` Հովիկ Աբրահամյանը ընդգծել է. - «Ցավոք, Թուրքիան ներկայումս պատրաստ չէ սկսած գործընթացը շարունակել առանց նախապայմանների` համաձայն Ցյուրիխում միջազգային բարձր միջնորդությամբ ստորագրված արձանագրությունների ոգուն, դրանով իսկ վերջ դնելով Եվրոպայում միակ փակ սահմանի գոյությանը: Հայաստանը, մեծապես արժեւորելով իր այս նախաձեռնությանը միջազգային մակարդակով ցուցաբերված միջնորդությունը եւ ձգտելով պահպանել հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորությունները, պատրաստակամ է իր տրամաբանական ավարտին հասցնելու այս գործընթացը, եթե Թուրքիայի կողմից դրսեւորվի քաղաքական կամք եւ դրական քայլեր նկատվեն այդ ուղղությամբ»:

«Հաշվի առնելով Թուրքիայի խորհրդարանում ողջամիտ ժամկետներում արձանագրությունների վավերացման ուղղությամբ անհարկի ձգձգումները, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ետ կանչեց արձանագրությունները Հայաստանի խորհրդարանի օրակարգից` պահպանելով սակայն արձանագրությունների տակ դրված հայկական կողմի ստորագրությունը եւ դրանով իսկ հարգելով միջնորդների բարձր հեղինակությունը», - հայտարարել է Ազգային ժողովի նախագահը:

Համոզմունք հայտնելով, որ հայ - թուրքական հարաբերությունների կարգավորումը մեծապես կնպաստի տարածաշրջանում անվտանգության եւ համագործակցության ամրապնդմանը, Հովիկ Աբրահամյանը դիմել է Եվրախորհրդարանի հանձնաժողովին` «ակնկալելով, որ Եվրամիությունն ավելի հետեւողական կլինի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ սահմանի բացման գործում»:

Ազգային ժողովի նախագահը իր ելույթի սկզբում ծավալուն անդրադարձ է կատարել Հայաստան - Եվրամիություն հարաբերություններին եւ դրանց համատեքստում երկրի ներսում կատարվող բարեփոխումներին: Ելույթից հետո նա պատասխանել է Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հաձնաժողովի անդամների հարցերին:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` նույն օրը Հովիկ Աբրահամյանը մի շարք երկկողմ հանդիպումներ է ունեցել, այդ թվում` Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Լասլո Տոկեշի եւ Հայաստան - ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Միլան Ցաբերնոշի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG