Մատչելիության հղումներ

Հուլիսի 14-ի մամուլ


«Առավոտ»-ի խմբագիրն անդրադառնում է Ճանապարհային ոստիկանությանը ճանապարհապարեկային բաժնի պետ Նորիկ Սարգսյանի այն արձանագրմանը, թե «գեր ոստիկաններին նիհարներով փոխարինելու փորձ 2005-2008 թվականներին արվել է, եւ դա վատ հետեւանքների է հանգեցրել»: «Այդ էր պատճառը, որ 2008 թվականի ճանապարհատրանսպորտային պատահարների պիկի էինք հասել», - նշել է Նորիկ Սարգսյանը: Խմբագիրը մեկնաբանում է. - «Ամեն ինչ պարզ է: «Գաիշնիկի» աշխատանքը նյարդային է, ամբողջ օրը «պախկվում ես» թփերի մեջ եւ սպասում, թե ով է խախտելու երթեւեկության կանոնները, որ «մի քանի կոպեկ» տուն տանես, ընտանիք պահես: Իսկ նյարդային բջիջները, ինչպես հայտնի է, չեն վերականգնվում: Ահա եւ ստիպված ես հիշյալ «մի քանի կոպեկի» մի մասը ծախսել խաշի, խորովածի եւ քյաբաբի վրա, որպեսզի դիմանաս այդ բարդ եւ անշնորհակալ աշխատանքին: Այստեղից է գալիս «գաիշնիկների» գիրությունը. դա, ըստ էության, գիրություն էլ չի, այլ հսկայական «աշխատանքային կոշտուկ» որովայնի շրջանում: Հիմա պատկերացրեք, որ այդ տաժանակիր գործն անի նիհար մարդը: Բնական է, որ նա չի կարողանա կենտրոնանալ օրինախախտներին հայտնաբերելու վրա. ամբողջ օրը ուշքն ու միտքը խաշն ու խորովածը կլինի: Այսքանից հետո դուք ուզում եք, որ ճանապարհատրանսպորտային պատահարների քանակը քի՞չ լինի»:

«Զիջումների պարագայում պատերազմն անխուսափելի է», - գրում է «Հայոց Աշխարհ»-ը եւ պարզաբանում. - «Ալմաթիում սպասվող ԵԱՀԿ արտգործնախարարների ոչ պաշտոնական համաժողովի նախօրեին Ադրբեջանի ղեկավարության եւ քարոզչության որդեգրած հարձակողական մարտավարությունը գալիս է բացահայտելու Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի նոր որոգայթները։ Հունիսի 18-ի ռազմական սադրանքից եւ դրան հետեւած Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի նախագահների Տորոնտոյի հայտարարությունից եւ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի տարածաշրջանային այցից հետո Ադրբեջանի հարձակողական կեցվածքի ընդամենը մի քանի օր տեւած մեղմացմանը հետեւել է «նոր սրացումը»։ Իլհամ Ալիեւի, Էլմար Մամեդյարովի վերջին ելույթներն ու հայտարարությունները բերում են մի եզրակացության. Բաքուն հորինել է մի յուրահատուկ «Մյունխենյան սցենար» եւ առաջիկայում հետեւելու է դրան»։


«Հրապարակ»-ը «Նոր թիրախ» վերնագրի ներքո գրում է. - «Հետաքրքիր ժողովուրդ ենք` ինչ ուզում եք ասեք: Մենք պարբերաբար ինչ-որ խնդիրներ ենք հորինում, ինչ-որ թիրախներ ստեղծում մեզ համար ու սկսում հերոսաբար պայքարել դրանց դեմ: Ինչ-որ շրջան համայն հայության «թշնամու» տիտղոսը կրում էր ԵԽԽՎ նոր նախագահ Մովլութ Չավուշօղլուն, հետո` ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի նոր համազեկուցող Գորան Լինդբլադը: Հիմա էլ հայերս նոր թիրախ ենք գտել` հանձին Մեթյու Բրայզայի, որին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ուզում է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան նշանակել: Դժվար է ասել` եթե Մեթը չլիներ ԱՄՆ նախագահի ընտրյալը, այլ ոմն Սեմ կամ Ջեկ, դրանից մեր կյանքում ի՞նչ էր փոխվելու: Մեզ միշտ թվում է, թե անձերն են որոշում ամեն ինչ»:

«Հայկական ժամանակ»-ի տնտեսական մեկնաբանը գրում է. - «Մեր գյուղատնտեսության ապագան չի երեւում: Եվ դա նաեւ նրանից է, որ ՀՀ-ում տնտեսական աճ ցույց տալու համար անամոթաբար կեղծվում են հատկապես գյուղատնտեսության ցուցանիշները: Գյուղացին աղքատ է, վարկերի տոկոսադրույքները շատ բարձր են, մեր արտադրած գյուղմթերքները մեծ մասամբ մրցունակ չեն արտաքին շուկայում, գյուղացին բոլոր առումներով` իրավական, սոցիալական, քաղաքական, պաշտպանված չէ: Այս իրավիճակի փոփոխությունն այն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմանն է, որ գյուղատնտեսությունը զարգանա: Իսկ որպեսզի իրավիճակը փոխվի, պետք է Հայաստանում արմատական քաղաքական փոփոխություն տեղի ունենա: Այլ տարբերակ չկա»:

«Բարոյական աղետի մեխանիզմը» վերնագրված հոդվածում «Չորրորդ ինքնիշխանության» մեկնաբանը գրում է. - «Ամեն անգամ, երբ խոսվում է հասարակության սոցիալական ծանր վիճակի մասին, շատերի մեջ տպավորություն է ստեղծվում, թե խոսքն ընդամենը կենցաղային դժվարությունների մասին է` աշխատանք չկա, աշխատավարձերը ցածր են, սննդամթերքը թանկ է եւ այլն: Իրականում սա միայն խնդրի երեւացող կողմն է, եթե խնդիրը միայն դա լիներ, ժամանակի ընթացքում ամեն ինչ կկարգավորվեր: Մինչդեռ պրոբլեմն այն է, որ սոցիալական այս ծանր վիճակն ի վերջո հանգեցնում է արտագաղթի, որն էլ իր հերթին Հայաստանի համար վերածվում է ոչ միայն դեմոգրաֆիական, այլեւ բարոյական աղետի»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG