Մատչելիության հղումներ

Քլինթոնը Դավութօղլուի հետ քննարկել է իր հարավկովկասյան այցը


Հիլարի Քլինթոնը ելույթ է ունենում Երեւանում: 4-ը հուլիսի, 2010թ.

Հիլարի Քլինթոնը ելույթ է ունենում Երեւանում: 4-ը հուլիսի, 2010թ.

Թուրքիայի եւ Միացյալ Նահանգների արտգործնախարարները երեկ շուրջ մեկժամյա հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում, թուրքական աղբյուրների հաղորդմամբ, քննարկել են պետքարտուղար Հիլարի Քլինթոնի՝ Հարավային Կովկաս կատարած այցելության մանրամասները, թուրք–իսրայելական հարաբերությունները, ինչպես նաեւ Իրանի միջուկային ծրագրի շուրջ առկա տարաձայնությունները։

«Զրույցի ընթացքում երկու նախարարները անդրադարձ են կատարել պետքարատուղար Քլինթոնի՝ Հարավային Կովկաս, Դավութօղլուի՝ Բալկաններ կատարած այցերին», - հաղորդել է Թուրքիայի հանրային հեռուստաընկերությունը։

Հեռախոսազրույցի վերաբերյալ մանրամասներ է փոխանցել նաեւ պետդեպարտամենտի խոսնակ Ֆիլիպ Քրուոլին՝ ընդգծելով, որ երկու բարձրաստիճան դիվանագետները քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը։

Ավելին, ըստ «Ասոշիեյթեդ փրես» գործակալության, զրույցի արդյունքում Թուրքիան համաձայնել է այլեւս չմիջատել եւ չխոչընդոտել Իրանի նկատմամբ միջազգային հանրության կողմից գործադրվող ճնշումներին։ «Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը խնդրել է Դավութօղլուին հարցը թողնել ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի ու Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հայեցողությանը, ինչին Թուրքիայի արտգործնախարարը համաձայնել է», - «Ասոշիեյթեդ փրես»-ին ասել է Միացյալ Նահանգների բարձաստիճան դիվանագետներից մեկը, ով, սակայն, նախընտրել է անանուն մնալ։

Թուրքիան, հիշեցնենք, ընդդիմանում էր Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու՝ միջազգային հանրության քայլերին, եւ մեկ ամիս առաջ անգամ ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդում դեմ քվեարկեց ռազմավարական դաշնակցի՝ Միացյալ Նահանգների սատարած բանաձեւին։

Առայժմ ո'չ Թուրքիայի, ո'չ Միացյալ Նահանգների դիվանագիտական աղբյուրները պաշտոնապես չեն հերքում կամ հաստատում զրույցի ընթացքում Քլինթոնի եւ Դավութօղլուի միջեւ ձեռք բերված համաձայնության մասին տեղեկությունը։ Փոխարենը, պաշտոնական Վաշինգտոնը հավաստում է, որ հեռախոսազրույցի ընթացքում Միացյալ Նահանգների պետքարտուղարը Վաշինգտոնի աջակցությունն է հայտնել Թուրքիայի համար կարեւորագույն խնդիրներից մեկին՝ Քրդական աշխատավորական կուսակցության դեմ պայքարին։

«Քրդական աշխատավորական կուսակցությունը, որ դասվել է ահաբեկչական խմբավորումների շարքում, շարունակում է մնալ, Թուրքիայի, Միացյալ Նահանգների եւ Իրաքի համընդհանուր թշնամին եւ սպառնալիք` տարածաշրջանի համար։ Մենք շարունակում ենք աջակցել այս հարցում Թուրքիայի եւ Իրաքի ջանքերին», - երեկ Վաշինգտոնում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է պետդեպարտամենտի խոսնակ Ֆիլիպ Քրուոլին։

Քուրդ գրոհայինների դեմ պայքարից բացի, կողմերը անդրադարձել են նաեւ մեկ այլ հրատապ հարցի՝ թուրք-իսրայելական հարաբերություններին։

Պետդեպարտամենտի հաղորդմամբ, Հիլարի Քլինթոնը կոչ է արել Դավութօղլուին շարունակել Իսրայելի հետ տարվող կարեւոր երկխոսությունը, քանի որ, ինչպես հայտարարել է պետդեպարտամենտի խոսնակը, «երկու երկրների հարաբերությունները շարունակում են կենսական նշանակություն ունենալ տարածաշրջանի ապագայի համար»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG