Մատչելիության հղումներ

«Պետք է հաղթահարել վախը»


Թուրքական արմատներ ունեցող գերմանացի կինոռեժիսոր Ֆաթիհ Աքինը մամուլի ասուլիսում: Երեւան, 13-ը հուլիսի, 2010

Թուրքական արմատներ ունեցող գերմանացի կինոռեժիսոր Ֆաթիհ Աքինը մամուլի ասուլիսում: Երեւան, 13-ը հուլիսի, 2010

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում Հայաստան ժամանած ռեժիսորները իրենց ելույթներում, լրագրողների հետ հանդիպումների ժամանակ խոսում են ոչ միայն կինոարվեստից, այլեւ անդրադառնում են հասարակությանը, մարդկանց հետաքրքրող բազմաթիվ այլ հարցերի:

Հայ-թուրքական հարաբերությունները, երկու ազգերի միջեւ տասնամյակներ ի վեր ձգվող հակամարտությունը, ինչպես ֆրանսահայ ռեժիսոր Սերժ Ավետիքյանի, այնպես էլ ծագումով թուրք գերմանացի ռեժիսոր Ֆաթիհ Աքինի արդյունք է «վախի, որը պետք է հաղթահարել»:

Այս տարի Կաննի կինոփառատոնում «Ոսկե արմավենու» արժանացած «Անիծված կղզին» փաստավավերագրական անիմացիոն ֆիլմի հեղինակ Սերժ Ավետիքյանը, նշեց, թե «կարելի է համատեղ աշխատել թուրքական որոշ կազմակերպությունների հետ ու անցնել դեպի այն պրոցեսը, որ վախենալու բան չկա»:

«Որովհետեւ կարծում եմ, որ շատ մեծ վախ կա: Ոչ միայն ստեղծագործողների մոտ, այլեւ ընդհանուր ձեւով, թե ինչպես է ստեղծվելու նորից նորմալ հարաբերություն [հայերի եւ թուրքերի միջեւ]: Իհարկե, շատ բարդ է դրա մասին նստել ու խոսել այսօր, բայց, կարծում, որ արվեստը, կինոն կարող են մեծ դեր խաղալ: Որովհետեւ քաղաքական գործիչները անում են իրենց ասածը, որ կապված են ուրիշ-ուրիշ բաների հետ, իսկ ստեղծագործողը, եթե ինքը ազատ է, ոչ թե իշխանության ճնշման տակ է աշխատում, այլ իր անձնական անունով, իմ կարծիքով, ինքը կարող է շատ օգտակար լինել», - հավելեց Սերժ Ավետիքյանը:

Համբուրգում ծնված, ծագումով թուրք կինոռեժիսոր Ֆաթիհ Աքինի անունը հայտնի է ոչ միայն Գերմանիայում: «Ոսկե ծիրան»-ի «Երեւանյան պրեմիերա» ծրագրի շրջանակներում երեքշաբթի օրը ցուցադրվեց նրա «Հոգու խոհանոց» ֆիլմը:

Դրանից առաջ լրագրողների հետ հանդիպմանը Աքինը նույնպես խոսեց «վախը հաղթահարելու» մասին. - «Հայ-թուրքական հակամարտությունը հիմնված է վախի վրա, եւ խնդիրն այն է, որ պետք է հաղթահարել այդ վախը: Դա վախ է ճշմարտության նկատմամբ, եւ կինոն հենց այն ուժն է, որ կարող է հաղթահարել այդ վախը: Եվ ոչ միայն կինոն. նաեւ` գրականությունն ու երաժշտությունը կարող են մարդկանց անցկացնել ճշմարտության մութ սենյակներով»:

Անդրադառնալով իր ազգային ինքնությանը` Ֆաթիհ Աքինը ասաց. - «Ընդհանրապես ես արյան կատեգորիաներով չեմ մտածում: Կարծում եմ, որ արյան, ծագման մասին խոսելը դա ինչ-որ չափով շովինիզմի տարրեր է պարունակում»:


Ալան Հյուզ. «Կիսով չափ հայ եմ»

«Ոսկե ծիրան»-ը առիթ դարձել, որ առաջին անգամ Հայաստան այցելի ամերիկացի ռեժիսոր Ալան Հյուզը, որը կիսով չափ հայ է. նրա հայրը սեւամորթ ամերիկացի է, մայրը` պարսկահայուհի:

«Կիսով չափ հայ եմ, թեեւ հայ ընկերներ քիչ ունեմ, որովհետեւ սեւամորթների շրջապատում եմ մեծացել», - ասաց նա` շարունակելով. - «Այն ամենը, ինչով դաստիարակվել եմ, հայկական է` սկզբունքները, բարոյականությունը: Որովհետեւ մայրս հայ է, եւ ինձ դուր է գալիս հայ լինել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG