Մատչելիության հղումներ

Հայ դատի հանձնախումբ. «Բրայզան չի կարող հաստատվել Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում»


Մեթյու Բրայզան ասուլիս է տալիս Բաքվում, ապրիլ, 2009թ.
Մեթյու Բրայզան ասուլիս է տալիս Բաքվում, ապրիլ, 2009թ.

«Մեթյու Բրայզան չի կարող հաստատվել Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնում, որովհետեւ նրա անձի դեպքում դա պարզ շահերի բախում է», - ամերիկացի սենատորներին հղած 7-էջանոց նամակում կարծիք է հայտնել Ամերիկայի Հայ դատի հանձնախումը:

Այս տարվա մայիսի վերջին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարեց, թե Ադրբեջանում Ամերիկայի շահերը ներկայացնելու համար ընտրել է փոխպետքարտուղարի Եվրոպայի եւ Ասիայի հարցերով օգնական, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացում միջնորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ-ի Մինսկի խմբում ամերիկացի նախկին համանախագահ Մեթյու Բրայզային:

Բրայզայի թեկնածությունը նախ պետք է քննարկվի ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողում, այնուհետեւ հաստատման դրվի նաեւ Սենատում:

Այդ քննարկումներից առաջ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանը Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի 19 անդամներին հղած նամակում գրել է, թե ամերիկահայ համայնքի մտահոգությունները Բրայզայի թեկնածության հաստատման հարցում գլխավորապես երկուսն են` շահերի գոյություն ունեցող բախումն ու այն հանգամանքը, որ դիվանագետը չի կարողանում իրականացնել ԱՄՆ-ի արտաքին քաղաքական առաջնահերթությունները:

Նամակում Քեն Խաչիկյանը սենատորների ուշադրությունն է հրավիրում Մեթյու Բրայզայի կնոջ` ազգությամբ թուրք գիտաշխատող Զեյնո Բարանի մասնագիտական գործունեությանը եւ նկատում, որ դա կարող է շահերի բախման մեջ մտնել Բրայզայի պարտականությունների հետը. - «Նրա [Զեյնո Բարանի] գործատուն` Հադսոնի ինստիտուտը, ֆինանսավորում է ստանում օտարերկրյա ու շահագրգիռ, այդ թվում` էներգետիկ ընկերություններից»։

Անդրադառնալով Բրայզայի անցած դիվանագիտական ուղուն` Քեն Խաչիկյանը նաեւ նշել է, թե լինելով Ղարաբաղյան խնդրի կարգավորման միջնորդական խմբի անդամ` նա «սուտ մեղադրանքներ է հնչեցրել, թե Հայաստանը գրավել է Ադրբեջանի տարածքը»:
XS
SM
MD
LG