Մատչելիության հղումներ

Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնն ու Եվրամիության ընդարձակման գծով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն մեկնում են Ստամբուլ, որտեղ երեքշաբթի օրը մեկնարկում են Եվրամիություն - Թուրքիա հարաբերությունների ընդլայնման շուրջ քաղաքական խորհրդակցությունները:

Թուրքական կողմից խորհրդակցություններին մասնակցելու են արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն եւ Եվրամիության հետ բանակցությունների գծով պետնախարար Էգեմեն Բաղիշը:

Այցից առաջ Շտեֆան Ֆյուլեն հայտարարել է, որ «Թուրքիայում իրականացվող բարեփոխումները կարող են դառնալ այս երկրի` Եվրամիությանը անդամակցության շարժիչ ուժը, եւ Եվրահանձնաժողովը իր աջակցությունն է առաջարկում բարեփոխումներին»: Իսկ Քեթրին Էշթոնը դրական միտումներ է արձանագրում գործընթացում:

Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցով պաշտոնական բանակցությունները ընթանում են 2005 թվականից, սակայն, մի կողմից, Կիպրոսի խնդրի, մյուս կողմից` երկրում մարդու իրավունքների պաշտպանության եւ ժողովրդավարության բնագավառներում առկա իրավիճակի պատճառով դրանք դանդաղել են:

Եվրոպական ընտանիքին Թուրքիայի լիիրավ անդամակցությանը ընդդիմանում են Գերմանիան եւ Ֆրանսիան: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, մասնավորապես, բազմիցս հայտարարել է, որ Եվրամիությունը պետք է Թուրքիային արտոնյալ գործընկերոջ կարգավիճակ տրամադրի, ընդգծելով, որ Թուրքիա - Եվրամիություն բանակցությունները կարող են դեռեւս երկար շարունակվել, եւ որ դրանք ամենեւին չեն երաշխավորում պաշտոնական Անկարայի վերջնական անդամակցությունը եվրոպական ընտանիքին։

Միացյալ Նահանգները, մինչդեռ, ակնհայտորեն աջակցում է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությանը: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման օրերս իտալական Corriera della Sera պարբերականին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Թուրքիան պետք է դառնա Եվրոպական միության լիիրավ անդամ: «Եվրամիության համար խելամիտ կլիներ ընդունել Թուրքիային, քանի որ Թուրքիան Արեւմուտքի համար ահռելի ռազմավարական նշանակություն ունեցող երկիր է», - ասել էր Օբաման:

Թուրքական թերթերը Միացյալ Նահանգների նախագահի այս հայտարարությունը գնահատել են իբրեւ «անդամակցության հարցով քայլեր ձեռնարկելու կոչ` Եվրամիությանը»:

Մինչ Ստամբուլում մեկնարկող խորհրդակցությունները, անցած շաբաթ Թուրքիայի արտգործնախարարը այցելել էր Գերմանիա, Մեծ Բրիտանիա եւ Պորտուգալիա: Հանդիպումների ընթացքում նա եւս մեկ անգամ վերահաստատել է, որ Եվրամիությանը անդամակցությունը իր երկրի համար առաջնահերթ եւ ռազմավարական խնդիր է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG