Մատչելիության հղումներ

«Հուլիսի 16-17-ը Ալմաթիում կայանալիք ԵԱՀԿ-ի անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակներում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների բանակցություններից Լեռնային Ղարաբաղը ոչ մի էական տեղաշարժի ակնկալիք չունի», - «Ազատություն» ռադիոկայանին երկուշաբթի օրը փոխանցեց Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը` փաստարկելով, թե «ծայրահեղ ոչ-կառուցողական է Ադրբեջանի դիրքորոշումը»:

Բաբայանի խոսքով, Հելսինկյան սկզբունքները, որոնց մասին իրենց համատեղ հայտարարությունում նշել էին Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբում համանախագահող պետությունների ղեկավարները, ընդգրկում են բազմաթիվ իրավական նորմեր, որոնց մեծ մասի շուրջ կարելի է համաձայնության գալ, թեկուզ` ձեւական: Սակայն, նրա համոզմամբ, տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման սկսբունքների միջեւ կողմերի մոտ առկա հակասությունների եւ դրանց հենց կապված խնդիրների հարցում որեւէ փոփոխություն չկա 1988-ից ի վեր:

«Եթե խոսում ենք Հելսինկյան սկզբունքների մասին, եւ Ադրբեջանը փորձում է ներկայացնել այդ սկզբունքները որպես տարածքային ամբողջականության պահպանման կարեւոր գործոն, դա այդպես չէ, իհարկե: Բայց նման մոտեցումը արդեն իսկ հնարավորություն չի թողնում գալ ընդհանուր հայտարարի: Պետք է մի բան ըմբռնել, որ վերադարձ 88 թվականին Ղարաբաղի համար ո'չ տարածքների, ո'չ էլ կարգավիճակի առումով անհնար է: Դա անընդունելի է, որեւէ մեկը չի կարող դա կատարել», - հայտարարեց Լեռնային Ղարաբաղի նախագահի խոսնակը:

Նա համոզված է, որ միջնորդ երկրները ցուցաբերում են «հավասարակշռված մոտեցում` ուղղված ստատուս-քվոյի պահպանմանը»:

Ռիչարդ Կիրակոսյան:
Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանի գնահատմամբ, Հայաստանի եւ Ադրբեջանի դիրքորոշումները այնքան հեռու են իրարից, որ ակնկալիք ունենալու կամ մտահոգվելու առիթ չկա: Բայց սա Սանկտ-Պետերբուրգում կայացած բանակցություններից եւ դրանց հետեւած Ադրբեջանի ռազմական սադրանքից հետո արտգործնախարարների առաջին հանդիպումն է, եւ Ռիչարդ Կիրակոսյանը համոզված է, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը ճնշում է բանեցնելու Ադրբեջանի վրա:

«Ալիեւը շուտ վերադարձավ Բաքու եւ ինքը, դժբախտաբար, որոշեց զենքով հարցը լուծել: Եվ, դժբախտաբար, արյուն թափվեց: Ես կարծում եմ, այս [Ալմաթիի] հանդիպմանը ավելի մեծ ճնշում կլինի Ադրբեջանի վրա, որովհետեւ Մինսկի խմբի թիվ մեկ մտահոգությունն այն է, որ Ադրբեջանը դուրս է Մինսկի խմբի գործընթացից: Եվ Մինսկի խումբը պետք է փորձի, ինչպես փորձեց [ԱՄՆ-ի պետքարտուղար] Քլինթոնը, համոզել Ադրբեջանին վերադառնալ դիվանագիտական գործընթացին»:

Վերլուծաբանի լարծիքով, մտահոգվելու տեղիք չի տալիս նաեւ համանախագահների տարածաշրջանային այցից հետո արված այն հայտարարությունը, որ աշնանը Լեռնային Ղարաբաղին հարող տարածներում ԵԱՀԿ-ն իրականեցնելու է առաքելություն, որը համաձայնեցված է կողմերի հետ:

Ըստ Ռիչարդ Կիրակոսյանի, միջնորդները շատ լավ հասկանում են, որ Ղարաբաղի վերադարձը Ադրբեջան անհնար է:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG