Մատչելիության հղումներ

Հրապարակվել է Հայաստան – ՆԱՏՕ ԱԳԳԾ-ի տեքստը


Գերմանական բանակի գեներալը պարգեւներ է հանձնում հայ զինվորականներին:

Գերմանական բանակի գեներալը պարգեւներ է հանձնում հայ զինվորականներին:

«Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական նպատակը եվրոպական քաղաքական, տնտեսական և հասարակական կառույցներին ու հաստատություններին հետագա ինտեգրումն է: Հայաստանը նաեւ մտադիր է աշխուժացնել գործնական եւ քաղաքական համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ` Դաշինքին ավելի մերձենալու նպատակով», - ասված է Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) առաջին կետում:

Հյուսիսատլանտյան դաշինքի հետ 26 + 1 ձեւաչափով համագործակցության այս ծրագիրը, որտեղ 26-ը ՆԱՏՕ-ի անդամ երկրների թիվն է [ներկայումս` 28], սկզբնավորվել է դեռեւս 2004 թվականին, սակայն, ցայժմ հայտնի չէր, թե ՆԱՏՕ-ի շրջանակներում անցկացվող փրկարարական ու պլանավորման զորավարժություններից եւ Կոսովոյում ու Աֆղանստանում խաղաղապահ գործունեությանը մասնակցելուց զատ այն ինչ է ներառում:

Օրերս Հայաստանի պաշտպանության նախարարությունն իր պաշտոնական կայքեջում հրապարակել է ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի ԱԳԳԾ-ի ողջ տեքստը:

Ծրագրի հրապարակման անհրաժեշտության պաշտոնական հիմնավորումը հետեւյալն է. - «Միջազգային ռազմաքաղաքական համագործակցության թափանցիկությունն ապահովելու եւ հանրությանն իրազեկելու նպատակով Հայաստանի արտգործնախարարությունը Հայաստանի շահագրգիռ այլ գերատեսչությունների համաձայնությամբ գաղտնազերծել է Հայաստան -ՆԱՏՕ անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը»:

Նշենք, որ ծրագիրը ներառում է համագործակցության ոլորտների լայն շրջանակ, որում ներառված բազմաթիվ դրույթներ, ի դեպ, անմիջականորեն չեն առնչվում ռազմաքաղաքական ոլորտին: Թվարկենք դրանցից մի քանիսը` ժողովրդավարություն, օրենքի գերակայություն, պայքար կոռուպցիայի դեմ եւ մարդու իրավունքներ, տնտեսական զարգացում, գիտության, շրջական միջավայրի եւ քաղաքացիական ճգնաժամերի պլանավորման խնդիրներ եւ այլն:

Առաջին հայացքից ռազմական բովանդակություն չունեցող այս ոլորտներում համագործակցության պաշտոնական նպատակը հետեւյալն է. - «Հայաստանը գիտակցում է, որ առաջընթացը կախված է բարեփոխումների արդյունավետ իրագործումից եւ այդ իմաստով հաստատակամ է ակտիվացնել իր ջանքերը: Հայաստանը նաեւ գիտակցում է երկրում տարբեր քաղաքական ուժերի միջեւ կառուցողական երկխոսության խթանման անհրաժեշտությունը»:

Այս ամենով հանդերձ, ՆԱՏՕ -Հայաստան համագործակցության հիմնական ուղղություններն են մնում պաշտպանական եւ անվտանգության համակարգի բարեփոխումը, պայքարը ահաբեկչության եւ կազմակերպված հանցավորության դեմ եւ քաղաքացիական ճգնաժամերի կառավարումը:

Ծրագրում հիշատակում կա նաեւ ղարաբաղյան հակամարտության եւ հայ-թուրքական հարաբերությունների մասին. - «Հայաստանը հանձնառու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը եւ լիովին աջակցում է այդ խնդրում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ջանքերին: Հայաստանը ձգտում է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը եւ հաստատակամ է հետամուտ լինել Թուրքիայի հետ կառուցողական երկխոսությանը` ներառյալ այդ նպատակով ուղղակի բանակցություններին»:

Հայկական ատլանտյան ասոցիացիայի գործադիր տնօրեն Թեւան Պողոսյանը «Ազատություն» ռադիոկայանյի հետ զրույցում նշեց, որ այս ծրագրի հրապարակումն ամենեւին չի նշանակում, թե Հայաստանն այսպիսով քայլ է կատարում ՆԱՏՕ-ին անդամակցելու ուղղությամբ, իսկ գաղտնազերծումը պայմանավորված է երկրի ուժային կառույցների գործունեությունն ավելի թափանցիկ դարձնելու` Հայաստանի պատրաստակամությամբ, ինչը, Պողոսյանի գնահատմամբ` «դրական է»:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG