Մատչելիության հղումներ

Բերլուսկոնին գովազդ է հնչյունավորում


Սիլվիո Բերլուսկոնի
Սիլվիո Բերլուսկոնի
Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին անձամբ է հնչյունավորել հեռուստատեսային այն գովազդը, որը իտալացիներին կոչ է անում ամառային հանգիստն անցկացնել հայրենիքում:

«Կախարդական Իտալիա» անունը ստացած 30-վայրկյան տեւողությամբ այդ հոլովակում վարչապետի ձայնը կոչ է անում հայրենակիցներին «ավելի լավ ճանաչել սեփական երկիրը, օգտվել արձակուրդի հնարավորությունից եւ բացահայտել սեփական երկրի մշակույթը»:

73-ամյա Բերլուսկոնին Իտալիան այդ գովազդում որակում է «երկնքի, արեւի ու ծովի միաձուլում, որի գաղտնիքները շարունակում են առեղծվածային մնալ»:

Այդ նկարագրությունների ողջ ընթացքում հեռուստաէկրաններին հայտնվում են իտալական հանրահայտ հուշարձանները` Հռոմը իր տեսարժան վայրերով, Միլանը` իր հրաշագեղ տաճարով, Վենետիկն` իր ջրանցքներով ու հանրահայտ Ռեալտոյով, Ֆլորենցիայում գտնվող` Միքելանջելոյի Դավիթը:

Ինչպես Իտալիայի զբոսաշրջության նախարար Վիտորիա Բրամբիլան է նկատել, գովազդի նպատակը «իտալական տնտեսության համար խթան հանդիսանալն է»:

Կառավարության գնահատմամբ` այս ամառ իտալացիները ծրագրում են 14 միլիարդ եվրո ծախսել արտերկրյա հանգստի վրա, եւ, իշխանության հաշվարկներով, «օգնությունը շոշափելի կլիներ անգամ այն դեպքում, եթե այդ գումարի ինչ-որ մաս երկրից դուրս չգար», զբոսաշրջության նախարարի այս խոսքերն է փոխանցում «Ռոյթերզ» լրատվական գործակալությունը:

Այս գովազդի ցուցադրումը իտալական հեռուստաալիքներով սկսվեց բյուջետային ծախսերը 25 միլիարդ եվրոյով կրճատելու ծրագրի մասին կառավարության հայտարարելուց հետո, ինչը Բերլուսկոնիի վարկանիշի անկման նոր պատճառ դարձավ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG