Մատչելիության հղումներ

Թուրքիան կպայքարի էթնիկ զտումների դեմ


Սրեբրենիցայի իրադարձությունների զոհերի հուշահամալիր-գերեզմանոցը

Սրեբրենիցայի իրադարձությունների զոհերի հուշահամալիր-գերեզմանոցը

Թուրքիան երբեք չի մոռանա մահմեդական շուրջ 8 հազար տղամարդկանց կոտորածը բոսնիական Սրեբրենիցա քաղաքում եւ թույլ չի տա, որ ուրիշները դա մոռանան, որպեսզի աշխարհի որեւէ անկյունում այլեւս էթնիկ զտումները չկրկնվեն: Այդ մասին կիրակի երեկոյան հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը, ով թիվս այլ երկրների բարձրաստիճան պաշտոնյաների ժամանել էր Սրեբրենիցա` հարգանքի տուրք մատուցելու 15 տարի առաջ սերբերի կողմից իրականացված զանգվածային կոտորածների զոհերի հիշատակին։

Ընդգծելով, որ տեղի ունեցածը Հաագայի դատարանի կողմից ճանաչվել է որպես ցեղասպանություն, Էրդողանը նշել է. - «Դա ծանր հարված էր համայն մարդկության արժանապատվությանը եւ սեւ կետ ոչ միայն Բալկանների, այլեւ ողջ Եվրոպայի պատմության մեջ»։

«Սրեբրենիցայի զոհերը հերոսներ էին, որոնք կորցրին իրենց կյանքը` հանուն հայրենիքի, պատվի ու մարդկության, եւ սպանվեցին դաժան, արդյունալի ու անօրեն պատերազմում», - հայտարարել է Թուրքիայի վարչապետը` հավելելով. - «Չնայած այդ տառապանքներին` մենք այսօր տեսանք բոսնիացի մի կնոջ, ով սեղմեց Սերբիայի նախագահ Բորիս Տադիչի ձեռքը, թեեւ սերբ զինվորականները 15 տարի առաջ սպանել էին նրա ամուսնուն ու երկու որդիներին։ Ես արիություն ու արժանապատվություն տեսա այդ կնոջ աչքերում, բայց ոչ` ատելություն, եւ մեծարում եմ նրան այդ վարքագծի համար»։

«Սա այն է, ինչի կարիքը մենք ունենք` համաշխարհային խաղաղության հասնելու համար, աշխարհը նման մայրերի ու կանանց կարիքն ունի», - պնդել է էրդողանն ու ընդգծել. - «Մենք գիտենք, որ նույնիսկ մեկ մարդու մահը ողջ մարդկության մահվան է նման, մեր քայլերը հենց այդ ընկալման վրա են հիմնված, այդուամենայնիվ, մենք պնդում ենք` խաղաղություն, խաղաղություն, խաղաղություն»։

Անդրադառնալով խաղաղությանն ուղղված քայլերին` Էրդողանը հատկապես կարեւորել է Սերբիայի խորհրդարանի կողմից այս տարի Սրեբրենիցայի վերաբերյալ ընդունված բանաձեւը, որը թեեւ չի ճանաչում կոտորածները որպես ցեղասպանություն, այդուամենայնիվ, ներողություն է խնդրում կատարվածի համար։

«Այդ բանաձեւը պատմական քայլ էր` տարածաշրջանի միասնական ու խաղաղ ապագայի համար», - ընդգծել է Թուրքիայի վարչապետը։

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG