Մատչելիության հղումներ

logo-print

Բրիտանական դեսպանատունը կկրճատի ծախսերը


Չարլզ Լոնսդեյլի հանդիպումը Լոնդոնի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, 9-ը հուլիսի, 2010թ.

Չարլզ Լոնսդեյլի հանդիպումը Լոնդոնի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, 9-ը հուլիսի, 2010թ.

2010 թվականը առաջընթաց էր հայ - բրիտանական հարաբերություններում, հայտարարեց Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլը ուրբաթ օրը Լոնդոնի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ:

Դիվանագետը նշեց, որ այս տարի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը առաջին անգամ այցելեց Բրիտանիա եւ կարեւոր հանդիպումներ ունեցավ Լոնդոնում: Այս տարի նաեւ սկսվեց «Երեւան, իմ սեր» մշակութային ծրագիրը:

Այժմ Չարլզ Լոնսդեյլը փորձելու է նպաստել հայ - բրիտանական գործարար կապերին: «Եթե դուք հետաքրքրված եք, կամ գիտեք մարդկանց, որ կցանկանան Հայաստանում որեւէ գործ սկսել, ես պատրաստ եմ աջակցել: Վերջերս մի քանի հայ եւ բրիտանացի գործարարներ Երեւանում հիմնեցին հայ - բրիտանական գործարար խորհուրդ, որը նույնպես կարող է օգնել գործարարներին: Միաժամանակ, ես հանդիպում եմ Բրիտանիայի գործարար շրջանակներին` փորձելով խրախուսել կապերը Հայաստանի հետ», - ասաց դեսպանը` նշելով, որ հիմնական ոլորտները, որ կարող են հետաքրքրել բրիտանացի գործարարներին, տեղեկատվական տեխնոլոգիաներն ու զբոսաշրջությունն են:

Ի պատասխան Հայաստանում բիզնես սկսելու առաջարկին` ներկաները հարցեր տվեցին Հայաստանում օրենքի իշխանության, կոռուպցիոն խնդիրների մասին: Դեսպանը վկայեց, որ դրական տեղաշարժեր կան, բայց մեծ խնդիրները դեռ մնում են: «Ընկերուհիս հայ է, նա ուզում էր նորացնել անձնագիրը: Տատանվում էր` ինչքան պիտի վճարեմ, ում, որքան կտեւի… Նախկինում դա երկար էր տեւում, բայց նա գնաց ու իմացավ, որ հստակ սակագներ կան` եթե մեկ շաբաթում եք ուզում, այսքան գումար, երկու օրում` այսքան….. Կարելի է ասել` նրանք օրինականացրել են գանձվող գումարները, ու հիմա դրանք գոնե բյուջե են գնում», - պատմեց Չարլզ Լոնսդեյլը եւ հավելեց. - «Կառավարությունը նաեւ հարկային ոլորտ է բերել ընկերությունների, որոնք նախկինում արտոնյալ էին: Բայց հիմնական խնդիրը օլիգարխիկ համակարգն է, որ այսօր էլ իշխում է շուկան ու նույնիսկ ղեկավարում Ազգային ժողովը: Սա ամենամեծ մտահոգությունն է»:

Չարլզ Լոնսդեյլը չխուսափեց նաեւ ցեղասպանության ճանաչման հարցից` կրկնելով նախկինում Բրիտանիայի կառավարության հնչեցրած դիրքորոշումը. - «Այս հարցում մենք դժվար թե փոփոխություն տեսնենք նոր կառավարության քաղաքականության մեջ: Մենք ընդունում ենք եղելությունը ու ցավում ենք հայերի կրած տառապանքների համար: Բայց ցեղասպանությունը իրավաբանական հասկացություն է, եւ այսօր աշխարհում որեւէ միջազգային դատարան չի կարող հետին թվով 1915 թվականի եղելությունը որակել ցեղասպանություն: Եվ Բրիտանիայի կառավարությունը չի կարող իրավաբանական տերմինն օգտագործել պատմական դեպքերի համար»:

Անդրադառնալով հայ - թուրքական ու նաեւ հայ - ադրբեջանական հարաբերությունների թեմային` բրիտանացի դիվանագետը նշեց, թե իր կարծիքով` այստեղ լուրջ տեղաշարժ առաջիկայում չի լինի: Թե' հայ - թուրքական, թե' հայ - ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում բրիտանական դեսպանությունը մասնակցում է ոչ թե քաղաքական, այլ հասարակական - մշակութային հարթակում` խրախուսելով համատեղ ծրագրեր, շփումներ, հաղորդումներ, ընդգծեց դեսպանը:

Չարլզ Լոնսդեյլը մի քանի օր առաջ հանդիպել է նաեւ Մանչեսթրի հայ համայնքի հետ: Նրա խոսքով` բրիտանահայերը երկրի հարկատուներ են եւ իրավունք ունեն իմանալու իր ու իր ղեկավարած դեսպանության գործունեության մասին: Բացի այդ, հանդիպումները իրեն օգնում են հասկանալ հայերի մտահոգությունները եւ համագործակցության նոր եզրեր գտնել:

Դեսպանը Լոնդոն է եկել` հանդիպելու իր երկրի նորընտիր ղեկավարության հետ, տեղեկանալու փոփոխությունների մասին:

Հայտնելով, որ, կապված ֆինանսատնտեսական ճգնաժամի հետ` իր ղեկավարած առաքելության ծախսերը կրճատվելու են, նա միաժամանակ հավաստեց, որ դեսպանությունը չի փակվի:

Ճգնաժամից դուրս գալու եւ հսկայական արտաքին պարտքը մարելու համար, Չարլզ Լոնսդեյլի խոսքով, Մեծ Բրիտանիան ստիպված է կրճատումներ անել բոլոր ոլորտներում: Դեսպանությունն էլ է նվազեցնելու ծախսերը, բայց ոչ թե ծրագրերը պակասեցնելով, այլ գործի դնելով հնարամտությունն ու ստեղծագործաբար մոտենալով խնդիրներին:

«Մինչեւ հոկտեմբեր մենք չենք իմանա բրիտանական կառավարության բյուջետային վերջնական պլանները, այնպես որ` դեռ մի քիչ վաղ է կոնկրետ քայլերի մասին խոսել: Ակնհայտ է, որ բյուջեի դեֆիցիտը նշանակում է ծախսերի կրճատումներ: Դրական կողմն այն է, որ մենք կմնանք Հայաստանում, կշարունակենք մեր ծրագրերը` գուցե ավելի փոքր կազմով: Խնդիրը ոչ թե ավելի քիչ գործ անելն է, այլ ավելի լավ գործ` ավելի սուղ միջոցներով», - ասաց դեսպանը:
XS
SM
MD
LG