Մատչելիության հղումներ

Հուլիսի 10-ի մամուլ


«168 ժամ»-ն տված հարցազրույցում Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը մեկնաբանում է Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնի տարածաշրջանային այցը. - «Անշուշտ, առանց Ադրբեջանի Հայաստանի հետ չի կարելի Լեռնային Ղարաբաղի հարց քննարկել: Եվ անշուշտ չի կարելի չգնալ Վրաստան եւ եւս մեկ անգամ աջակցություն հայտնել մի երկրի, որը, փաստորեն, հենց ամերիկյան հորդորներով էր, որ ՌԴ-ի հետ գնաց պատերազմի: Այսինքն` ԱՄՆ-ը շարունակում է Վրաստանին դիտարկել տարածաշրջանում իր կարեւորագույն գործընկերը: Իսկ այս պահի դրությամբ որեւէ հարցական չի բարձրացվում Սերժ Սարգսյանի լեգիտիմության վերաբերյալ: Եկավ Հիլարի Քլինթոնը, հայտարարեց, որ մեծ պատիվ է գտնվել ՀՀ-ում, խոսք անգամ չասաց քաղբանտարկյալների մասին, նույնիսկ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Այսինքն` հստակ պատգամ էր սա, որ մենք որոշ ժամանակով մոռանում ենք ձեր լեգիտիմության մասին, հիմա դուք ձեր պարտավորությունները պիտի կատարեք: Սա է ընդամենը: Եվ Հայաստանի համար այդ ամեն ինչի կարեւորագույն բաղկացուցիչ մասը ԼՂՀ խնդիրն է, եւ հենց ԼՂՀ խնդրով է, թե ցեղասպանության ուրացումով էր, ամեն ինչ արվում է, որ կարողանան իշխանություն պահել: Այսինքն` լեգիտիմություն մուրալ միջազգային հանրությունից»:

«Ազգ»-ը տեղեկացնում է. - «Այսօր ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովն Օսլոյում տեղի ունեցող իր հերթական նստաշրջանի լիագումար նիստում կքննարկի մի զեկույց, որտեղ նախապես «չվերահսկվող տարածքների» ցանկում չկար Լեռնային Ղարաբաղը, բայց ադրբեջանցի խորհրդարանականի բողոքով ընդգրկվել է այդ ցուցակում: Սա կարծես բավարար չէր հակահայկական եվրոպական ձեւակերպումների շարքը լրացնելու համար, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի` Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերն էլ, իր հերթին, իր իսկ հեղինակած զեկույցը ներկայացնելիս հայտարարել է, թե ղարաբաղյան հակամարտության առնչությամբ «սառեցված» տերմինի օգտագործումը «մոլորության մեջ է գցում»:

«Հայոց Աշխարհ»-ի հետ զրույցում քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը հայտարարել է. - «Հայաստանի շրջափակումը շարունակելը Թուրքիայի ռազմավարական շահերից չի բխում. մի երկիր, որ վերջին շրջանում երես է թեքել Ամերիկայից, խզել հարաբերությունները Իսրայելի հետ, ունի քրդական հարց, այդքանով հանդերձ` ձգտում է դեպի Արեւմուտք, ինչպե՞ս կարող է 10 ճակատով կռիվ տալ, չբացել Հայաստանի սահմանը։ Ինչ վերաբերում է խոսակցություններին, թե աշնանը սահմանը կարող է բացվել, կարծում եմ, խոսքը մեկանգամյա քայլի` Աղթամարի եկեղեցու բացման հետ կապված, սահմանային ռեժիմի ժամանակավոր փոփոխության մասին է։ Թուրքերը միշտ էլ քննարկել են նման ժամանակավոր գործողությունների հնարավորությունը, չբացառելով, որ նույնիսկ առանց դիվանագիտական հարաբերությունների հաստատման սահմանը այս կամ այն առիթով` դեպքից դեպք, կարող է բացվել, հետո նորից փակվել»։

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին ղեկավար Սամվել Բաբայանը «Հրապարակ»-ին ասել է. - «Ես Ռոբերտ Քոչարյանի հետ քաղաքական հարցերից չեմ խոսում: Իսկ վերջին բրիֆինգում բաց արտահայտվել եմ, որ Հայաստանում ընդհանրապես քաղաքական դաշտ չեմ տեսնում: Երկրորդ, ես որեւիցե կուսակցություն ստեղծելու, հիմնելու կամ որեւիցե մեկի հետ կուսակցություն խաղալու իմաստ էլ չեմ տեսնում»: Լրագրողը հարցնում է. - «Եթե այսօր պարզվի, որ հանձնում են Ղարաբաղին կից տարածքները, Դուք էլի քաղաքական ակտիվություն չե՞ք ցուցաբերի»: Պատասխան. - «Եթե կհասնի նրան, որ ես իմ տեսակետը կարտահայտեմ, եւ ինչ-որ մի խավ Ղարաբաղում կամ Հայաստանում կընդունի իմ տեսակետը, ես կակտիվանամ, կփորձեմ էդ տեսակետը պաշտպանել: Բայց եթե հասարակությունն անտարբեր է` Ղարաբաղում կլուծվի հարց, չի լուծվի, կտան հողերը, թե չէ, թե ղարաբաղցիների, թե հայաստանցիների կողմից, ես հո սպիտակ ագռավ չե՞մ: ... Հասարակությունը չի ուզում պայքարել ոչ անարդարության դեմ, ոչ մի բանի, իր որեւէ շահի համար»:

«Կապիտալ»-ի հետ զրույցում դաշնակցական պատգամավոր Արա Նռանյանը մեկնաբանում է կենսաթոշակային բարեփոխումները. - «Հայաստանում կառուցվում է հետամնաց երկրի մոդել: Հայաստանը աշխարհին ներկայանում է որպես ռեսուրս` հանքային նյութ եւ աշխատուժ արտահանող երկիր: Այս [կենսաթոշակային] բարեփոխման արդյունքում աղքատ Հայաստանը կդառնա զարգացած ֆինանսական շուկաների համար երրորդ հումքը` փողը արտահանող երկիր: Սա՞ է մեր պատկերացրած ապագա Հայաստանը: Ոչ մի զարգացած պետությունում առաջարկվող համակարգը չի ներդրվել: Իսկ մի քանի զարգացող պետությունների փորձը որեւէ լավատեսություն չի ներշնչում: Կան բազմաթիվ այլ մեթոդներ: Միանշանակ է, որ անհրաժեշտ է մտցնել կամավոր կուտակային համակարգը եւ կիրառել պայմանական կուտակային համակարգի սխեման` արդարության սկզբունքն ապահովելու համար»:

Նույն թեմայով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG