Մատչելիության հղումներ

logo-print

Ըստ Մամեդյարովի` Ալմաթիում քննարկվելու է Քելբաջարի եւ Լաչինի վերադարձի հարցը


Էլմար Մամեդյարով

Էլմար Մամեդյարով

Հաջորդ շաբաթ Ալմաթիում ԵԱՀԿ-ի նախարարների նիստի շրջանակներում նախատեսվող հանդիպմանը Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները քննարկելու են առաջին փուլում Քելբաջարը եւ Լաչինը ազատելու հարցը, ադրբեջանցի լրագրողների հետ զրույցում ուրբաթ օրը հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը.

«Երկու երկրների արտգործնախարարների հանդիպումը տեղի կունենա հուլիսի 16-ին կամ 17-ին, [ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի] համանախագահները դեռ կոնկրետ ժամկետներ չեն նշել», - ասել է նա` հավելելով, թե հայկական կողմի հետ բանակցությունները շարունակվում են նորացված Մադրիդյան սկզբունքների հիման վրա:

«Այդ սկզբունքներից մի քանիսը մենք քննարկել ենք վերջին 6 տարիների ընթացքում, եւ այժմ իմաստ չունի վերադառնալ դրանց», - նշել է Մամեդյարովը:

Նրա խոսքերով, բանակցություններում ուշադրությունը գլխավորապես կենտրոնացվելու է 5 շրջանների հետ նաեւ Քելբաջարի եւ Լաչինի` «5+2» ձեւաչափով վերադարձի հարցի վրա:

«Պատմականորեն Քելբաջարն ու Լաչինը երբեք Լեռնային Ղարաբաղի կազմում չեն եղել: Այժմ խոսքը այդ երկու շրջանները վերադարձնելու ժամկետների մասին է», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը եւ վստահեցրել, թե մյուս 5 շրջանների վերադարձի հարցը արդեն լուծված է եւ այլեւս չի քննարկվում:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հարցին` Մամեդյարովը նշել է, որ հայկական կողմը հանդես է գալիս հանրաքվեի անցկացման օգտին, բայց Ադրբեջանի դիրքորոշումն այն է, որ «քվեարկությանը հայերի հետ պետք է մասնակցի նաեւ Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքը»:

Մամեդյարովի խոսքերով, կողմերի միջեւ այսօր քննարկվող սկզբունքների համաձայն` ստեղծվելու է Հայաստանի, Ադրբեջանի, ինչպես նաեւ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչներից բաղկացած հատուկ կոմիտե, որը պետք է զբաղվի հանրաքվեի հարցերով: «Սակայն դա հնարավոր է միայն ադրբեջանցի փախստականների Ղարաբաղ վերադառնալուց հետո», - հավելել է Ադրբեջանի արտգործնախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG