Մատչելիության հղումներ

Հայաստան կներկրվի ցորենի սերմնացու


Գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը (ձ) եւ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը (ձ) եւ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Կառավարության նիստում հինգշաբթի օրը հավանության է արժանացել ցորենի սեմնաբուծության եւ սերմնարտադրության ծրագիրը, որով նախաեսվում է Հայաստան ներկրել բարձրորակ ցորենի սերմնացու:

Գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանի խոսքով, ցորենի սերմնացու Հայաստանի չի ներկրվել շուրջ 10 տարի: Նաեւ այդ պատճառով 2005 թվականից ի վեր բավականին կրճատվել են ցորենի ցանքատարածությունները` 123 հազար հեկտարից մինչեւ 82 հազար:

Տարեկան Հայաստանում օգտագործվում է շուրջ 650 հազար տոննա ցորեն: Այդ քանակի գերակշիռ մասը ներկրվում է: Տեղում արտադրվում է շուրջ 200 հազար տոննա:

«Ներկայացրել ենք հստակ ծրագիր 2010-2013 թվականների համար, որը մեզ հնարավորություն կտա 2014 թվականին ցորենի ցանքատարածությունները հասցնել մոտ 250 հազար հեկտարի եւ համախառն բերքի արտադրանքը հասցնել մինչեւ 420 հազար տոննայի, որը մեր ինքնաբավության մակարդակը 37 տոկոսից կհասցնի մինչեւ 55 տոկոսի», - ասաց նախարարը:

1000 տոննա որակյալ սերմնացու նախատեսվում է ներկրել Ռուսաստանի Ստավրոպոլի մարզից, 500 տոննա տրամադրելու են տեղական սերմնաբուծարանները: Այդ սերմնացուն ֆերմերներին տրամադրվելու է անվճար` հետագայում կրկնակին փոխհատուցելու պայմանով:

Գերասիմ Ալավերդյանը ներկայացրեց նաեւ այն չափանիշները, որոնց հիման վրա տրամադրվելու է այդ սերմնացուն. - «Տրամադրվելու է այն ֆերմերներին, որոնք ունեն 3 եւ ավելի հեկտար հողատարածքներ, որոնց հողերը վարակված չեն, որոնք կատարելու են քաղհան, պարարտացում, ոռոգում»:

Ծրագրի առաջին փուլի իրականացմանը պետությունը հատկացնելու 558 միլիոն դրամ: Գումարը տրամադրվելու է «Պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին» ծրագրի միջոցով:

Շիրակի մարզում, մինչդեռ, ցորեն ցանած գյուղացիները, որոնց սուբսիդավորել էր Գյուղատնտեսության նախարարությունը, այս տարի կարկուտի պատճառով բերք գրեթե չունեն: Մարզում գյուղացիներից շատերը ընդհանրապես հրաժարվել են ցորեն ցանել:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյոք նախարարությունը պատրաստ է գյուղացիների հետ կիսել ռիսկերը, Գերասիմ Ալավերդյանն արձագանքեց, թե իրենք ծրագրում են ավելացնել հակակարկտային կայանների թիվը:

Անդրադառնալով պտուղ-բանջարեղենի աննախադեպ բարձր գներին` նախարարը ասաց. - «Անցած տարի այս ժամանակ ունեինք արդեն հողից ստացված բերք, այս տարի [անձրեւների պատճառով] մի մասը դեռ ջերմոցային է, ուստի թանկ է: Դա սեզոնային բնույթ է կրում»:

Ալավերդյանի խոսքով, անցած տարվի 85 հազար տոննայի փոխարեն այս տարի միայն 35 հազար տոննա ծիրանի բերք է ակնկալվում, որից 13 հազարը արտահանվելու է:

Եղանակը, սակայն, չի ազդել խաղողի բերքի վրա. Ակնկալվում է 210 տոննա խաղող (անցած տարվա 185 հազարի փոխարեն):

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG