Մատչելիության հղումներ

Սեմնեբի. «Հարավային Կովկասի իրավիճակը մնում է անկանխատեսելի»


Փիթեր Սեմնեբի
Փիթեր Սեմնեբի

Հարավային Կովկասը շարունակում է մնալ փոփոխականությամբ եւ անկայունությամբ բնութագրվող տարածաշրջան, հայտարարել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին:

ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրության համաձայն` Սեմնեբին համոզմունք է հայտնել, որ միջազգային հանրությունը պետք է ներգրավված մնա տարածաշրջանում, հատկապես հակամարտությունների կարգավորման եւ ժողովրդավարական բարեփոխումների խթանման ոլորտներում:

Նա խոսել է հակամարտությունների կարգավորման եւ Հայաստանում, Ադրբեջանում ու Վրաստանում ժողովրդավարության եւ օրենքի գերիշխանության ամրապնդման ուղղությամբ Եվրամիության գործադրած ջանքերի մասին` ընդգծելով. - «Այդ ջանքերը հաջողությամբ կպսակվեն միայն միջազգային հանրության համաձայնեցված ջանքերի դեպքում: ԵԱՀԿ-ի դերը ծայրաստիճան կարեւոր է այդ առումով, եւ այն Եվրամիության համար նախընտրելի գործընկեր է»:

Սեմնեբին շեշտել է, որ տարածաշրջանի չկարգավորված հակամարտությունների լուծումը առաջնահերթություն է մնում Եվրամիության համար:

«Չկարգավորված հակամարտությունները Հարավային Կովկասում թիվ մեկ սպառնալիքներն են տարածաշրջանային կայունությանը, քանի որ ստատուս քվոն ինքնին անկայուն է եւ ահագնացման վտանգներ է պարունակում: Դա դրսեւորվեց 2008 թվականի օգոստոսին Վրաստանի պատերազմով: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը առանձնահատուկ մտահոգության առարկա է. շփման գծի երկայնքով վերստին տեղի են ունենում մահաբեր միջադեպեր», - հայտարարել է Եվրամիության հատուկ ներկայացուցիչը:

«Ձգձգվող հակամարտությունները նաեւ վտանգում են իր Արեւելյան հարեւանությունում քաղաքական բարեփոխումները եւ տնտեսական զարգացումը խթանելու Եվրամիության ջանքերը», - ամփոփել է Սեմնեբին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG