Մատչելիության հղումներ

Ամերիկահայ երաժիշտ Արա Դինկջյանը անցած շաբաթավերջին համերգներով հանդես է եկել Ստամբուլում։

Hurriyet-ին տված հարցազրույցում նա ասել է, թե ժամանակն է, որ վերջ տրվի թշնամությանը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ:

«Մենք պետք է հետեւենք խաղաղության երդմանը, այլ ոչ թե ատելությանն ու թշնամանքին», - ասել է հայազգի երաժիշտը:

Մամուլը գրում է, որ նրա համերգը մեծ ընդունելություն է գտել Ստամբուլի հայերի ու թուրքերի կողմից։ Հազարավոր մարդիկ միասին երգել են, ոտքի վրա ծափերով ողջունել նրան։

Արա Դինկջյանը նվագում է արեւելյան լարային գործիքների վրա:

Իր նոր երգը նա անվանել է «Իմ մութ վայրը»։ Hurriyet-ին տված հարցազրույցում երաժիշտը պարզաբանում է. - «Որովհետեւ կարեւոր չէ` որտեղից ենք մենք, կարեւոր չէ` ինչ կրոն ենք դավանում, կարեւոր չէ` որ մշակույթի կրողն ենք, մենք բոլորս խորը տխրություն ունենք մեր սրտերում, նույնիսկ եթե մեր դեմքին ժպիտ կա»։

Չնայած նա ծնվել ու մեծացել է Ամերիկայում, Դինկջյանն ասել է, որ երբեք չի կորցրել իր շփումները Թուրքիայի հետ, որտեղից նրա նախնիներն են։

Նա ասել է, որ իր հայրը թուրքական դասական երաժշտության ձայնասկավառակների հարուստ հավաքածու ուներ, եւ ինքը մեծացել է` լսելով այդ ձայնագրությունները:

Հիմա նա աշխատում է օգտագործել հնարավոր բոլոր առիթները` թուրք երաժիշտների հետ համագործակցելու համար:

Նա ասել է, որ այդպիսի համագործակցության ցանկությունը զարմանալի չէ, որովհետեւ երաժշտությունում ոչ մի խտրականություն չկա, երաժշտությունում մարդկանց չեն դատում իրենց ռասայական, կրոնական կամ ազգային պատկանելության համար։

Hurriyet-ը գրում է. - «Չնայած նրա ընտանիքը տուժել է 1915 թվականի իրադարձությունների ժամանակ, հարցազրույցում Արա Դինկջյանն ասում է, որ իրենց ատելություն ու թշնամանք երբեք չեն սովորեցրել, եւ դա շատ կարեւոր է»:

Արա Դինկջյանը հայտնել է, որ իր հետ Թուրքիա է բերել իր երեխաներին` ցույց տալու համար երկիրը, եւ ավելացրել, թե իրեն թույլ չի տա երեխաների մեջ ատելության սերմանել։

«Իհարկե, ես նրանց պատմում եմ ցավալի միջադեպերի մասին, բայց ես նաեւ նրանց խորհուրդ եմ տալիս սիրել բոլոր մարդկանց` առանց խտրականությունների», - նշել է երաժիշտը:

Հինգ տարի առաջ նա այցելել էր իր նախնիների ծննդավայրը` Դիարբեքիր։

«Ես իսկապես չեմ կարողանում արտահայտել իմ զգացմունքները, բայց եթե որեւէ մեկը ինձ առեւանգեր, տաներ այլ մոլորակ ու թույլ տար վերջին հայացքը ձգել աշխարհի վրա, ես կցանկանայի երկրագնդի վրայի մի փոքրիկ կետի նայել, որի մասին իմ պապն ու տատը հեքիաթներ են ինձ պատմել։ Դա Անատոլիան է, դա այն է տեղն է, որին ես պատկանում եմ», - ասել է Արա Դինկջյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG