Մատչելիության հղումներ

«Մոտ ապագայում Թուրքիայի կողմից աննշան քայլեր կտեսնենք»


Հայ - թուրքական արձանագրությունների ստորագրման արարողությունը, Ցյուրիխ, 10-ը հոկտեմբերի, 2010թ.

Հայ - թուրքական արձանագրությունների ստորագրման արարողությունը, Ցյուրիխ, 10-ը հոկտեմբերի, 2010թ.

Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը մոտ ապագայում Թուրքիայի կողմից «աննշան» քայլեր է կանխատեսում հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում անդրադառնալով Երեւանում Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնի արած հայտարարությանը, որ հայ - թուրքական գործընթացում «գնդակը գտնվում է մրցակցի [Թուրքիայի] դաշտում», Սաֆրաստյանը նկատեց. - «Սա առաջին անգամ չէ, որ ԱՄՆ-ն հայտարարում է, որ կարծում է, որ իսկապես Թուրքիան է այս գործընթացը դրել փակուղի եւ Թուրքիան էլ պետք է քայլեր ձեռնարկի գործընթացը վերականգնելու համար, ուղղակի այս անգամ նման հայտարարություններ արվեցին պետքարտուղարի կողմից, որ, իհարկե, բարձր մակարդակ է»:

«Այս առումով, ինձ համար պարզ է, որ Թուրքիան իր որոշումները, որ ընդունել էր` կապված հայ - թուրքական միջպետական հարաբերությունների կարգավորման գործընթացի սառեցման հետ, իհարկե, այս հայտարարությունից հետո չի փոխի, թեեւ նա կփորձի շարունակել իր դիվանագիտական քայլերի այն շարանը, որ նա կիրառում է ԱՄՆ-ի նկատմամբ եւ որի նպատակն է կորզել ինչ-ինչ զիջումներ ԱՄՆ-ից` փոխարենը շատ փոքր քայլերով առաջ գնալով հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում», - կարծիք հայտնեց թուրքագետը եւ հավելեց. - «Այս տրամաբանությունից ելնելով` ես կարծում եմ, որ մոտակա ապագայում մենք Թուրքիայի կողմից մենք ինչ-որ աննշան քայլեր կտեսնենք այդ ուղղությամբ»:

Ռուբեն Սաֆրաստյանը փոխանցեց նաեւ, որ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, փաստորեն, արձագանքել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր Հիլարի Քլինթոնի կատարած այցելությանը` հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում ասելով. - «Թուրքիան դժգոհություն է հայտնում այդ այցելության կապակցությամբ, բայց եւ հասկանում է, որ դա ոչ թե պաշտոնական, այլ անձնական այց էր», եւ որպես դրական երեւույթ նշելով, որ Քլինթոնը այցելության ժամանակ բանավոր կամ գրավոր հայտարարություն չի արել:

«Սրանից կարելի է ենթադրել, որ Թուրքիան, մի կողմից, այն փաստը, որ Քլինթոնը այցելեց Ծիծեռնակաբերդ, ընդունում է որպես ԱՄՆ-ի կողմից քողարկված պաշտպանություն հայտնի այն [Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252] բանաձեւին, որ գտնվում է Կոնգրեսում, եւ մյուս կողմից` նա ԱՄՆ-ին ուզում է ցույց տալ, որ եթե ամերիկացիները դրանով սահմանափակվեն, ապա Թուրքիան կգոհանա իրադրությամբ», - ասաց թուրքագետը` ամփոփելով. - «Այսինքն, երկու կողմից էլ, մենք տեսնում ենք, որ կիրառվում են դիվանագիտական որոշակի գործողություններ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG