Մատչելիության հղումներ

logo-print

Ռուս ազգայնականները ընդհատակ են անցնում


Ազգային միասնության օրվա առթիվ սքինհեդները ցույցեն անցկացնում Մոսկվայում, 4-ը նոյեմբերի, 2008թ.

Ազգային միասնության օրվա առթիվ սքինհեդները ցույցեն անցկացնում Մոսկվայում, 4-ը նոյեմբերի, 2008թ.

«Այլազգիների դեմ հարձակումների թիվը Ռուսաստանում կտրուկ նվազել է», - փաստում են մոսկվացի իրավապաշտպանները:

Եթե 2009 թվականի առաջին կիսամյակում ազգայնականների հարձակումների արդյունքում Ռուսաստանում 36 մարդ էր զոհվել, ապա այս տարի նույն ժամանակահատվածում մահացու ելքով 19 հարձակում է արձանագրվել, վկայում են իրավապաշտպան ՍՈՎԱ կենտրոնի հրապարակած տվյալները:

Կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Վերխովսկու խոսքով` անցած հունիս ամիսն այս առումով ամենախաղաղն էր վերջին մի քանի տարիների ընթացքում: «Հունիսին մեր դիտարկած 33 մարզերում այլազգիների դեմ հարձակման ընդամենը երկու դեպք է արձանագրվել», - «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության հետ զրույցում նշել է կենտրոնի տնօրենը:

«Մեր տվյալներով, այլատյացության հողի վրա կատարվող հանցագործությունների թիվը կրճատվում է գլխավորապես ոստիկանական գործողությունների շնորհիվ: Իրավապահների ձեռնարկած քայլերը զգալիորեն նվազեցնում են առավել ակտիվ խմբերի թիվը: Պարզ է, սակայն, որ այս չարիքը զուտ ոստիկանական մեթոդներով արմատախիլ անել հնարավոր չէ: Ավելին, թեեւ հարձակումների թիվը նվազել է, այնուհանդերձ` վիճակագրությունը շարունակում է անթույլատրելի բարձր մակարդակի վրա մնալ», - ասել է Վերխովսկին:

Իրավապաշտպանի խոսքով` ազգայնականները հասկացել են, որ ծայրահեղական խմբավորումների դեմ իսկական որս է սկսել: «Դա մի իրավիճակ է, որ հինգ տարի առաջ շատ դժվար էր պատկերացնել», - ընդգծել է Վերխովսկին:

«Չեմ կարծում, որ հետագայում ավելի հեշտ է լինելու պայքարել այդ ուժերի դեմ: Ազգայնական այն խմբերը, որոնք հակված են բռնի գործողությունների, աշխատում են ավելի լավ թաքնվել, ավելի հմուտ կոնսպիրացիա են կիրառում: Դրան էլ գումարած` ի հայտ են գալիս խմբեր, որոնց գոյության մասին մինչ այժմ որեւէ տեղեկություն չկար: Այս նոր խմբավորումների մասին տեղեկություններ չունեն անգամ իրավապահները` լինի ներքին գործերի նախարարությունը թե Անվտանգության դաշնային ծառայությունը», - նշել է փորձագետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG