Մատչելիության հղումներ

Հուլիսի 8-ի մամուլ


«Կհանդգնի՞ Ալիեւը պատերազմ սկսել, թե՞ ոչ». - այս հարցադրումն է անում «Առավոտ»-ի խմբագիրը եւ նշում. - «Ասում են, Քոչարյանի ունեցվածքը կազմում է 4 միլիարդ դոլար [ինչը, ի դեպ, ինձ չափազանցություն է թվում` «խեղճուկրակ» մեկ միլիարդից ավելի նա, կարծում եմ, չունի]: Բայց եթե, ենթադրենք, Քոչարյանը 4 միլիարդ է «դզել», ապա Ալիեւը` 24, որովհետեւ Հայաստանում ավելի քիչ բան կա թալանեու, քան նավթային Ադրբեջանում: Ի՞նչ եք կարծում, Իլհամը առանց հիմնավոր պատճառների կվտանգի՞ իր ունեցվածքը, իր շվայտ կյանքը հանուն մի արկածախնդրության, որի ելքը ավելի քան մշուշոտ է: Որ կողմից էլ նայես, Ադրբեջանի վերնախավին ներկայիս իրավիճակը նույնքան ձեռնտու է, որքան նրանց «հայկական գործընկերներին»: Օրինակ, երբ որեւէ միջազգային ատյանում խոսվում է այդ երկրում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների անմխիթար վիճակի մասին, Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչները պաթետիկ տոնով բացականչում են. «Ախր, ինչպե՞ս մենք չճնշենք խոսքի ազատությունը եւ այլախոհությունը, երբ մեր տարածքի 20 տոկոսը բռնազավթված է, եւ մեկ միլիոն փախստականները անհամբեր սպասում են, թե երբ են վերադառնալու իրենց տները»: Ինչ խոսք` հոյակապ արդարացում է: Կարծում եմ, այդ պաշտոնյաներն ամեն օր մտքում հայերին շնորհակալություն են հայտնում նման պատրվակ ստեղծելու համար: Նույն պատրվակը մերոնք, բարեբախտաբար, չունեն: Փոխարենը ներքին լսարանի համար ունեն հետեւյալ արդարացումը. «Ախր, մենք ինչպե՞ս թույլ տանք, որ Հայաստանը ժողովրդավարական եւ իրավական երկիր դառնա, երբ մենք փաստացի պատերազմի մեջ ենք, իսկ մեր հարեւան պետության ղեկավարը ամեն օր սպառնում է պատերազմով»:

«Հայոց Աշխարհ» թերթին հարցազրույց է տվել Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը: Լրագրողը հարցնում է. - «Ինչո՞ւ է լարվածություն առաջացել Հայաստանի հարցով ԵԽԽՎ-ի Մոնիտորինգի հանձնաժողովի նոր համազեկուցող Գորան Լինդբլադի եւ մեր երկրի պատվիրակության միջեւ»։ Զոհրաբյանը պատասխանում է. - «Նախ պարզաբանեմ, որ շվեդ պատգամավոր Լինդբլադի հետ մենք որեւէ պրոբլեմ չունենք։ Որպես Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության անդամ եւ որպես Ստրասբուրգում ԵԽԽՎ գործունեությունը նախկինում լուսաբանած լրագրող կարող եմ պնդել, որ վաղուց է ակնառու դարձել, որ պարոն Գորան Լինդբլադը պրոբլեմներ ունի Հայաստանի հետ։ Այս պատգամավորի բոլոր ելույթներն ու գործողությունները ԵԽ ԽՎ-ում, նախկինում էլ, հիմա էլ մշտապես ունեցել են հստակ ու ընդգծված հակահայկական ուղղվածություն։ Վստահորեն կարող եմ ասել, որ բոլոր այն զեկույցներն ու հայտարարությունները, բանաձեւերն ու ելույթները, որ կպատրաստի պարոն Լինդբլադը, անխուսափելիորեն ունենալու են հակահայկական բովանդակություն։ Հատկապես ցանկանում եմ ընդգծել, որ Գորան Լինդբլադի այս կեցվածքը հիմնավորապես զուրկ է որեւէ օբյեկտիվությունից ու անաչառությունից։ Վստահ եմ, որ պատգամավոր Լինդբլադը միշտ պատրաստ է ստորագրել ցանկացած փաստաթղթի տակ, որն ուղղված է Հայաստանի դեմ եւ կարող է ինչ-որ կերպ վնասել հայությանը։ Եթե բանաձեւ դրվի շրջանառության մեջ, որ Հայաստանը բնաջնջել է Մարս մոլորակի բնակչությունը, ապա, վստահ եմ, Գորան Լինդբլադը կամ կլինի դրա հեղինակը, կամ ինքն առաջինը կստորագրի»։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի դատավոր Ալվինա Գյուլումյանը «168 ժամ»-ին ասել է. - «Հայաստանի Հանրապետության դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի առաջին խումբ վճիռները վերաբերում էին վարչական պատասխանատվությանը` կապված հավաքների, ժողովների, ազատ ցույցերի իրավունքին: Այսինքն` Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 11 հոդվածի խախտումներ էին»: Իսկ ի՞նչ պետք է անեն Հայաստանի իշխանությունները, երբ երկրից ստացած գործերի դեպքում Եվրադատարանի կայացրած գրեթե բոլոր վճիռները Հայաստանի Հանրապետության դեմ են. «Եթե տեսնում ենք, որ սայլը տեղից չի շարժվում, ինչ-որ մի բան պետք է անել թե' օրենսդրական, թե' իրավակիրառ պրակտիկայում», - թերթին ասել է Ալվինա Գյուլումյանը:

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը, անդրադառնալով ամառային հանգստի հետ կապված ավանդական խնդիրներին, բխեցնում է. - «Հայաստանի քաղաքացիներն ամեն ամառ հանգստի վրա ծախսում են 500-600 միլիոն դոլար: Մոտավորապես այնքան, որքան ՀՀ Զինված ուժերի 1.5-2 տարվա բյուջեն է: Բնականաբար, այդ գումարի մեծ մասը ծախսվում է արտասահմանում, այսինքն` դուրս է բերվում երկրից: Իսկ ի՞նչ պետք է անել, որպեսզի դա տեղի չունենա: Պիտի կարգուկանոն հաստատել այդ ոլորտում: Ավելի կոնկրետ` պիտի բուլդոզերներով մտնել լողափերը եւ տարածքը մաքրել ամեն տեսակի աղբից` ժանգոտ տնակներից, արգելափակոցներից ու բոմժատիպ «պլյաժ նայողներից»: Կարող են առարկել, թե «այդ մարդիկ օրենքով վարձակալել են այդ տարածքները եւ բիզնես են ծավալում»: Հետո՞ ինչ: Բա «գերակա հանրային շահը» ո՞ր օրվա համար է: Երեւանի կենտրոնում մարդկանց սեփականության իրավունքը կարող են ոտնահարել, իսկ Սեւանի ափին «վարձակալման պայմանագրերը» չե՞ն կարող չեղյալ հայտարարել: Եթե իշխանություններն իսկապես ցանկանում են, որ ՀՀ քաղաքացիները եւ սփյուռքահայերը հանգստանան Հայաստանում, այլ ելք չկա»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG