Մատչելիության հղումներ

Փալոնը ողջունում է Քլինթոնի այցը Ծիծեռնակաբերդ


Ֆրենկ Փալոն
Ֆրենկ Փալոն
ԱՄՆ-ի Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը ողջունել է պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցելությունը Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ վերահաստատել մեկեւկես միլիոն հայերի ցեղասպանությունը ճանաչելու` Միացյալ Նահանգների կառավարությանը ուղղված իր կոչը:

«Պետքարտուղար Քլինթոնի ուղեւորությունը Հարավային Կովկասի տարածաշրջան ցույց է տալիս տարածաշրջանի հետ մեր հարաբերությունների կարեւորությունը», - «Ասպարեզ» պարբերականի փոխանցմամբ` ասված է կոնգրեսականի գրավոր հայտարարությունում: - «Պետքարտուղարի այցելությունը ցեղասպանության հուշահամալիր հարգալից ակտ էր եւ Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ Միացյալ Նահանգների դիվանագիտության` ամենաբարձր մակարդակով, առաջընթացի վկայություն»:

«Հուսով եմ, պետքարտուղարը կշարունակի հավատարիմ մնալ տարածաշրջանում հարաբերությունների բարելավմանը: Հարեւանների հետ հարաբերությունների բարելավմանը Հայաստանի նվիրվածության ճանաչումը նրա կողմից եւ նրա աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը` Ադրբեջանի վերջին հարձակումների լույսի ներքո, մեծապես քաջալերող է եւ գնահատելի», - հայտարարել է հայամետ կոնգրեսականը:

Փալոնը իր հայտարարությունում հորդորում է Ներկայացուցիչների պալատին առաջ շարժվել Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծի հարցում եւ Բարաք Օբամայի վարչակազմին կոչ է անում սատարել այդ ջանքերը:

Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 բանաձեւի նախագիծը այս տարվա մարտի 4-ին հավանության է արժանացել Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, սակայն մինչ օրս Պալատի լիագումար նիստի քննարկմանը չի ներկայացվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG