Մատչելիության հղումներ

Մարադոնային Արգենտինայում ներեցին


Արգենտինացի երկրպագուի ձեռքերում «Ես հավատում եմ Աստծուն» գրությամբ եւ Մարադոնայի պատկերով պաստառ է

Արգենտինացի երկրպագուի ձեռքերում «Ես հավատում եմ Աստծուն» գրությամբ եւ Մարադոնայի պատկերով պաստառ է

Ֆուտբոլի 2010 թվականի աշխարհի առաջությունում պարտությունը ամենաթանկը նստեց, թերեւս, Նիգերիայի ազգային հավաքականի վրա. մրցության հենց առաջին փուլից դուրս մնացած եւ ընդամենը մեկ միավորով հայրենիք վերադարձած ֆուտբոլիստներին պատժելու գործն իր ուսերին վերցրեց երկրի նախագահ Գուդլակ Ջոնոթանը, ով որոշեց երկու տարով որակազրկել հավաքականն ու զրկել մարզիկներին որեւէ մրցաշարի մասնակցելու հնարավորությունից։

Պարտության համար սահմանված այս խստագույն որոշումը չեղյալ համարվեց միայն ՖԻՖԱ-ի գործադրած համառ ջանքերից ու սպառնալիքներից հետո։ Շուրջ երկու շաբաթ շարունակված բանակցությունների ավարտին Նիգերիայի նախագահը համաձայնեց վերանայել իր որոշումը, նախապես, սակայն, պահանջեց ֆուտբոլիստներից հրապարակային ներողություն խնդրել երկրի 140 միլիոն բնակիչներից։

Ֆուտբոլի դաշտում կրած պարտությունը քաղաքական քննարկումների ու թեժ բանավեճերի առիթ դարձավ նաեւ Ֆրանսիայում։ Ոչ վաղ անցյալի աշխարհի գավաթակիրները այս անգամ` առաջին փուլից դուրս մնալուց հետո, ստիպված էին հայրենիք վերադառնալ ուշ գիշերով, այն էլ` վարէջք կատարել ոչ թե մայրաքաղաքում, այլ Փարիզից ոչ հեռու գտնվող «Լե Բուժե» օդանավակայանում` լրագրողներից ու զայրացած երկրպագուներից խուսափելու համար։ Ֆրանսիական լրատվամիջոցները պնդում են, թե հավաքականի ներկայացուցիչ Թիերի Անրին անձամբ է ընդունելություն խնդրել նախագահ Նիկոլա Սարկոզիից ու ետնամուտքով Ելիսեյան պալատ մտել` հավաքականի ներսում ծագած սկանդալների ու ոչ պակաս սկանդալային պարտությունների շուրջ բացատրություններ տալու համար։ Ներկայացված պարզաբանումները, սակայն, ամենայն հավանականությամբ, չեն գոհացրել ղեկավարությանը: «Այն, ինչ նրանք ցուցադրեցին, աղետ էր»», - հավաքականի վերադարձից մեկ օր անց հայտարարեց Ֆրանսիայի սպորտի նախարարը։

Կրքերը շարունակում են բորբոքվել նաեւ Իտալիայում: 1966 թվականին այս երկրում երկրպագուները հավկիթներով ու լոլիկներով էին դիմավորել իրենց հավաքականին` Հյուսիսային Կորեային պարտվելու համար։ Այս տարի բանջարեղենի ու հավկիթների փոխարեն երկրագուները լուտանքների տարափ տեղացին ֆուտբոլիստների գլխին, որոնք արձանագրել էին ամենավատ արդյունքը 1974 թվականից ի վեր։ «Ամոթ, դուք խայտառակեցիք երկիրը, հիմա մեզ վրա բոլորն են ծիծաղում», - գոռում էին երկրպագուները Հռոմի օդանավակայանից հեռացող ֆուտբոլիստների հասցեին։

Գերմանիային 0:4 հաշվով պարտվելուց հետո գազազած երկրագուների ամբոխ էին կանխատեսում նաեւ արգենտինացի ֆուտբոլիստները, եւ թերեւս հենց այդ պատճառով Բուենոս Այրեսի օդանավակայանում ոստիկանությունը հսկայական միջանցք էր կազմել` երկրպագուների հնարավոր հարձակումներից նրանց պաշտպանելու համար։ Չնայած ոստիկանության գործադրած ջանքերին, երկրպագուները գնացին մինչեւ վերջ` Ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր գրասենյակ, միայն թե, ի զարմանս ֆուտբոլիստների, ոչ թե հանդիմանական գոռոցներով, այլ ծափողջյուններով` եւս մեկ անգամ ապացուցելով, որ այդ երկրում Դիեգո Մարադոնային պատրաստ են ներել ամեն ինչ, փաստում են արեւմտյան լրատվամիջոցները։

Չնայած Հարավ-Աֆիկյան Հանրապետությունում կրած պարտությանը` տանը ծափողջյուններով ու օվացիաներով դիմավորեցին նաեւ Սլովենիայի ֆուտբոլիստներին։ Երկու միլիոն բնակչություն ունեցող եւ ընդամենը երկրորդ անգամ աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարին մասնակցող այս երկրում ֆուտբոլիստներին պատվեցին մեծ համերգով` Լյուբլյանայի կենտրոնում, եւ շքեղ ընդունելությամբ` նախագահական նստավայրում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG