Մատչելիության հղումներ

Այս տարվա աշնանը Ստամբուլում կկազմակերպվի հայ ճարտարապետների ու նրանց թողած հարուստ ժառանգության մասին պատմող լայնածավալ ցուցահանդես:

Ինչպես հաղորդում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը, ցուցահանդեսը կազմակերպում է Հրանտ Դինքի անվան միջազգային հիմնադրամը` Թուրքիայում հայտնի երկու ճարտարապետական կազմակերպությունների հետ համատեղ:

«Մեր նպատակն է Ստամբուլի բնակիչներին եւ այցելուներին ներկայացնել այն ահռելի դերը, որ ունեցել են հայ ճարտարապետները այս քաղաքի կառուցման գործում, նոր տեղեկություններ հայթայթել նրանց հեղինակած շինությունների մասին եւ դրանով հայտնի դարձնել Ստամբուլի մոռացված հայ ճարտարապետների անունները», - հայտարարում են միջոցառման կազմակերպիչները:

Ակնկալվում է, որ ցուցահանդեսի ընթացքում կներկայացվեն 19-20-րդ դարերում Ստամբուլում ապրած ու աշխատած հայ վարպետների մասին վավերագրությունները, նրանց կատարած աշխատանքների գծանկարներն ու մինչ օրս պահպանված լուսանկարները:

Մինչ ցուցահանդեսը, Ստամբուլում հայերի թողած հարուստ ճարտարապետական ժառանգությանը անդրադառնում են թուրքական պարբերականները` ընդգծելով, որ երեք մեծ կայսրությունների մայրաքաղաքում զբոսաշրջիկների այցելության համար պարտադիր համարվող մշակութային կոթողների մեծ մասը հեղինակել են հայերը:

Տարիներ շարունակ Օսմանյան կայսրության արքունիքի ճարտարապետներն են եղել ճարտարապետական ավանդույթներով հարուստ Բալյան ընտանիքի ներկայացուցիչները, որոնք կառուցել ու նորոգել են հանրահայտ Թոփքափի, Բելերբեյի, Դոլմաբահչեի, Բեշիքթաշի ու Յըլդըզի պալատները: Արքունի պալատներից բացի, այս ընտանիքը Ստամբուլում նաեւ տասնյակ մզկիթներ ու եկեղեցիներ, հասարակական շինություններ ու գործարաններ է կառուցել, որոնց մեծ մասը համարվում է առաջնային մշակութային հարստություն եւ այժմ վերցված է պետական պահպանության տակ:

Հայ ճարտարապետների մասին պատմող ցուցահանդեսը կանցկացվի «Ստամբուլը եվրոպական մշակույթի մայրաքաղաք» փառատոնի շրջանակներում:

Եվրամիության կողմից 25 տարի առաջ հիմնադրված այս փառատոնի նպատակն է ցույց տալ աշխարհին եվրոպական քաղաքների ու մայրաքաղաքների մշակութային ժառանգությունը:

Ծրագրի շրջանակներում տարեսկզբից Ստամբուլում տասնյակ փառատոններ ու ցուցահանդեսներ են կազմակերպվել, որոնց, ըստ պաշտոնական տվյալներ, հազարավոր զբոսաշրջիկներ են մասնակցել ողջ աշխարհից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG