Մատչելիության հղումներ

Ամերիկայի հայկական համագումարը շնորհակալություն է հայտնում Քլինթոնին


U
U

Ամերիկայի հայկական համագումարը շնորհակալություն է հայտնում Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնին Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելության համար:

«Շնորհակալություն ենք հայտնում պետքարտուղար Քլինթոնին Հայաստան կատարած այցի, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման առաջընթացի համար Թուրքիայի պատասխանատվության վերաբերյալ նրա մեկնաբանությունների եւ հատկապես Հայոց ցեղասպանության հուշահամալիրում նրա մատուցած հարգանքի տուրքի համար», - հայտարարել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հրայր Հովնանյանը:

«Դա կարեւոր խորհրդանշական ակտ էր», - ընդգծել է Հովնանյանը եւ հավելել. - «Այն ոչ միայն համահունչ էր նրա [Քլինթոնի] երկարատեւ եւ հրապարակային գործունեությանը, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչման` Ամերիկայի պատմական արձանագրություններին, այլեւ օգնում է մեզ` հասնելու համընդհանուր ճանաչման եւ արդարության»:

Կազմակերպության գործադիր տնօրեն Բրայան Արդունին, իր հերթին, հայտարարել է, որ պետքարտուղարի այցելությունը Ծիծեռնակաբերդ նոր թափ է հաղորդում Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ իրենց ջանքերին, եւ հավելել. - «Համագումարը վերահաստատում է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը այս` 95-ամյակի տարվա ընթացքում ընդունելու իր կոչը»:

Ամերիկայի հայկական համագումարը նշում է, որ Քլինթոնի Հայաստան այցի նախաշեմին կազմակերպության ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել Միացյալ Նահանգների Կոնգրեսի ազդեցիկ անդամների եւ Պետդեպարտամենտի պաշտոնյաների հետ` ներկայացնելով Հայոց ցեղասպանության հուշահամալիր պետքարտուղարի այցելության կարեւորությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG