Մատչելիության հղումներ

Թուրքիան սպառնում է խզել հարաբերությունները Իսրայելի հետ


Ահմեդ Դավութօղլու
Ահմեդ Դավութօղլու
Պաշտոնական Անկարան պատրաստ է խզել հարաբերությունները երբեմնի ռազմավարական դաշնակից Իսրայելի հետ, եթե Թել Ավիվը ներողություն չխնդրի մայիսի 31-ին Գազայի հատվածում «Ազատության նավատորմիղի» վրա կատարված հարձակման համար կամ չհամաձայնի միջադեպի շուրջ միջազգային հետաքննությանը: Այդ մասին կիրակի օրը թուրքական Hurriyet-ի հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն։

«Հրեաները երեք տարբերակ ունեն. կա'մ նրանք պետք է ներողություն խնդրեն, կա'մ համաձայնեն միջազգային-չեզոք հետաքննություն անցկացնելու առաջարկին եւ այդ հետաքննության արդունքներին։ Հակառակ դեպքում` մեր դիվանագիտական հարաբերությունները կխզվեն», - ասել է Դավութօղլուն։

Միջազգային լրատվամիջոցները փաստում են, որ Անկարան խստացնում է իր դիրքորոշումը երբեմնի ռազմավարական դաշնակցի հանդեպ` հարաբերությունների կարգավորման շուրջ տեղի ունեցած գաղտնի բանակցություններից մեկ շաբաթ չանցած։

Հինգշաբթի օրը Բրյուսելում Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հանդիպել էր Իսրայելի առեւտրի ու արդյունաբերության նախարար Բենջամին Բեն-Էլիզերին եւ վերստին ներկայացրել այն քայլերը, որոնք ակնկալում է Իսրայելից` ռազմավարական հարաբերությունները վերականգնելու համար։ Մինչ այդ հանդիպումը Անկարան հետեւողականորեն պահանջում էր Թել Ավիվից համաձայնել արյունալի միջադեպի շուրջ միջազգային հետաքննություն անցկացնելու պահանջին, այժմ, սակայն, պնդում է, թե կհամաձայնի նաեւ Իսրայելի հետաքննությանը, եթե դրա արդյունքում Թել Ավիվը ներողություն խնդրի Թուրքիայից։

«Մենք նրանց խնդրի լուծման ճանապարհ ցույց տվեցինք», - անդրադառնալով Բրյուսելում տեղի ունեցած գաղտնի բանակցություններին` ասել է Դավութօղլուն եւ մանրամասնել. - «Եթե նրանք սեփական հետաքննության արդյունքում ներողություն խնդրեն, դա մեզ կբավարարի, հակառակ դեպքում` հարաբերությունները երբեք չեն վերականգնվի»։

Ընդգծելով, որ Անկարան մտադիր չէ անվերջ սպասել Իրսայելի արձագանքին, Դավութօղլուն ասել է. - «Թուրքիայի կառավարությունը Թել Ավիվի դեմ հնարավոր միջոցառումների նախագիծ է մշակել։ Մենք արդեն փակել ենք Թուրքիայի օդային տարածքը այդ երկրի ռազմական օդանավերի համար, եթե Թել Ավիվը համապատասխան քայլեր չձեռնարկի, արգելքը կարող է տարածվել նաեւ քաղաքացիական ինքնաթիռների վրա»։

«Մենք գիտենք` ինչ ենք ուզում, եւ ետ չենք կանգնի, մինչեւ մեր պահանջները չբավարարվեն», - ասել է Թուրքիայի արտգործնախարարը։

Չնայած Անկարայի հորդորներին ու սպառնալիքներին` Իսրայելը շարունակում է պնդել, որ մայիսի 31-ին զինուժը ինքնապաշտպանության նպատակով է հարձակվել «Ազատության նավատորմիղի» վրա։ «Մենք ցավում ենք արձանագրված զոհերի համար, սակայն Թեկ Ավիվը մտադիր չէ երբեւիցե որեւէ մեկից ներողություն խնդրել` սեփական քաղաքացիներին պաշտպանելու համար», - երկուշաբթի օրը հայտարարել է Իսրայելի կառավարության ներկայացուցիչը։

Թել Ավիվը պնդում է, թե ստիպված է շրջափակել Գազայի հատվածը` կանխելու համար զենքի ու զինամթերքի մատակարարումը ծայրահեղական «Համաս» խմբավորմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG