Մատչելիության հղումներ

Մոզդոկ - Թբիլիսի - Հայաստան գազատարի հարցով քննարկումները շարունակվում են


Արդյոք կսեփականաշնորհվի՞ Մոզդոկ - Թբիլիսի - Հայաստան գազատարը: Այս հարցի շուրջ քննարկումները ակտիվացան անցած շաբաթավերջին, երբ հայտնի դարձավ Վրաստանի խորհրդարանում շրջանառության մեջ դրված մի օրինագծի մասին, որի համաձայն` գազամուղը դուրս է բերվում ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտների ցանկից: Դա էլ, իր հերթին, ճանապարհ է բացում գազատարի հետագա մասնավորեցման համար:

Հայաստանյան որոշ պարբերականներ պնդում են, որ Ռուսաստանից Հայաստան եկող գազատարը գնելու ցանկություն է հայտնել Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը` SOCAR-ը: Մտավախությունները հիմնազուրկ չեն` հաշվի առնելով ադրբեջանական ընկերության լուրջ դերակատարությունը վրացական շուկայում: 2008 թվականի դեկտեմբերին կնքված պայմանագրի համաձայն` ադրբեջանական նավթային ընկերության դուստր ձեռնարկությանը` SOCAR Energy Georgia- ին են պատկանում Վրաստանի ներքին շուկայում գործող 30 գազաբաշխիչ ընկերությունները: Անցած ամիս SOCAR Energy Georgia-ն հայտարարեց, որ ցանկանում է ձեռք բերել Վրաստանի կառավարության կողմից վաճառքի հանված եւս 24 գազաբաշխիչ ընկերությունների բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթները. այդ դեպքում ադրբեջանական պետական ընկերությունը կդառնա Վրաստանի գազաբաշխիչ ցանցի մեծ մասի միանձնյա սեփականատերը:

Վրացական իշխանությունները առայժմ հերքում են գազատարի մասնավորեցման հավանականությունը: Երկրի վարչապետ Նիկա Գիլաուրին, ելույթ ունենալով խորհրդարանում, հայտարարեց. - «Գազամուղի բաժնետոմսերի 51 տոկոսը չի վաճառվի: Բաժնետոմսերի 5-ից 15 տոկոսը միայն վաճառքի կդրվի Լոնդոնի բորսայում: Դա, սակայն, այս տարի տեղի չի ունենա. նման քայլի դիմելու համար ժամանակ է պահանջվում»:

Թբիլիսիի համալսարանի պրոֆեսոր, տնտեսագետ Նոդար Խադուրին, մինչդեռ, «Ազատություն» ռադիոկայանի «Էխո Կավկազա» ծառայությանը ասել է. - «Կարեւորը ոչ թե վարչապետի հայտարարություններն են, այլ այն, ինչ գրված է օրենքի նախագծում: Օրինագծում հստակ նշված է, որ գազատարը կարող է սեփականաշնորհվել, սակայն խոսք անգամ չկա, որ դրա վերահսկիչ փաթեթը գտնվելու է կառավարության ձեռքում»:

Թբիլիսցի տնտեսագետի կարծիքով, սակայն, առավել մեծ է հավանականությունը, որ Մոզդոկ - Հայաստան գազատարի սեփականատերը դառնա ոչ թե Ադրբեջանի նավթային ընկերությունը, այլ ռուսական «Գազպրոմ»-ը, ինչը, ըստ նրա, վտանգավոր է վրացական կողմի համար:

«Գազպրոմ»-ը ահռելի միջոցներ եւ սեփական զինված խմբեր ունի: Բացի այդ, «Գազպրոմ»-ին ռուսական օրենսդրությամբ այլ երկրների տարածքում սեփական ունեցվածքը պաշտպանելու իրավունք է վերապահված», - նշում է փորձագետը:

Վրաց մեկ այլ վերլուծաբանի` Գիա Խուխաշվիլիի կարծիքով, Հայաստան եկող գազատարը ազդեցության յուրատեսակ լծակ է Վրաստանի ձեռքում:

«Վաճառելով գազատարը «Գազպրոմ»-ին կամ դրա հայաստանյան դուստր ձեռնարկությանը` Վրաստանը կկորցնի այդ լծակը», - «Էխո Կավկազա» ծառայության հետ զրույցում նշել է փորձագետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG