Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. «Հայաստանը շահագրգռված է ԱՄՆ-ի հետ իր հարաբերությունների ամրապնդմամբ»




Հայաստանը խորապես շահագրգռված է ԱՄՆ-ի հետ իր հարաբերություններն ամրապնդելու հարցում, հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` կիրակի օրը ընդունելով Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնին:


«Ես վստահ եմ, որ Միացյալ Նահանգների պետքարտուղարի երկար սպասված այցը Հայաստանի Հանրապետություն մեծ նպաստ կբերի հայ - ամերիկյան հարաբերությունների խորացման գործում, նաեւ կնպաստի մեր տարածաշրջանում խաղաղության եւ փոխվստահության մթնոլորտի ամրապնդմանը», - ասել է նախագահը:

«Անկեղծորեն շնորհավորում եմ Ձեզ Միացյալ Նահանգների Անկախության տոնի կապակցությամբ, Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին ցանկանում եմ խաղաղություն, բարօրություն եւ հետագա բարգավաճում: Ցանկանում եմ նաեւ շնորհակալություն հայտնել ԱՄՆ-ի կառավարությանը, անձամբ Ձեզ` Հայաստանի Հանրապետությանը ցուցաբերվող քաղաքական, տնտեսական եւ տեխնիկական օժանդակության համար», - ասել է Սերժ Սարգսյանը:

«Միացյալ Նահանգները երկար տարիների ընթացքում իր ներդրումն է բերել Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործում: Այսօր հայ ժողովրդի առջեւ ծառացած ամենակարեւոր խնդիրը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի` միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան լուծումն է: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իրավունք ունի իր պատմական տարածքում ազատ տնօրինելու իր ճակատագիրը եւ զարգանալու: Այս իրավունքն անքակտելի է, եւ այս իրավունքի իրացման շնորհիվ է, որ այսօր աշխարհում շատ ժողովուրդներ իրենց երջանիկ են զգում: Շնորհակալ եմ այդ հարցում ձեր օժանդակության եւ ջանքերի համար», - հայտարարել է Հայաստանի նախագահը եւ շարունակել. - «Շնորհակալ եմ նաեւ Նախագահ Օբամայի եւ Ձեր ջանքերի համար` Հայաստան - Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործում: Չնայած նրան, որ թուրքերը պատրաստ չէին եւ այսօր էլ պատրաստ չեն առանց նախապայմանի Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու, մեզ համար չափազանց կարեւոր է զգալ Միացյալ Նահանգների վարչակազմի վերաբերմունքն այս խնդրի վերաբերյալ»:

«Մեկ անգամ եւս ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունը խորապես շահագրգռված է Միացյալ Նահանգների հետ իր հարաբերություններն ամրապնդելու հարցում: Այս հարաբերությունների բարձր մակարդակը մենք դիտարկում ենք որպես մեր երկրի տնտեսական, քաղաքական զարգացման, ինչպես նաեւ տարածաշրջանում կայունության եւ խաղաղության ամրապնդման համար կարեւորագույն գործոններից մեկը», - ասել է Սերժ Սարգսյանը:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Հիլարի Քլինթոնն ասել է, թե իր համար մեծ պատիվ եւ հաճույք է գտնվել Հայաստանում, եւ հատկապես հաճելի է այսօր այստեղ գտնվել, երբ ԱՄՆ-ը նշում է իր Անկախության տոնը. - «Վաղը նաեւ ձեր Սահմանադրության օրն է. եւս մեկ կապ ԱՄՆ-ի եւ Հայաստանի միջեւ»:

«Շնորհակալություն Ձեր բարի խոսքերի համար` Հելսինկիի սկզբունքների հիման վրա Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցում ԱՄՆ-ի վարչակազմի եւ Նախագահ Օբամայի կողմից գործադրած ջանքերի համար: Ես անձամբ իմ անունից ցանկանում եմ Ձեզ շնորհակալություն հայտնել Թուրքիայի հետ Ձեր երկրի հարաբերությունները բարելավելու գործում Ձեր անձնական ներդրման համար: Ինչպես մեր նախկին հանդիպումների ընթացքում քննարկել ենք, ԱՄՆ-ը, անշուշտ, շահագրգռված է հիմնախնդրի լուծման հարցում: Մենք շարունակում ենք հավատացած լինել, որ այդ հարցերի լուծումը, ընդհանրապես նաեւ տարածաշրջանի զարգացման ու նոր հնարավորությունների ստեղծման տեսանկյունից, բխում է Հայաստանի ժողովրդի շահերից», - ասել է պետքարտուղարը` շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար:

Ի պատիվ բարձրաստիճան հյուրի, նախագահի նստավայրում տրվել է աշխատանքային ընթրիք, որից հետո տեղի է ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի մամուլի ասուլիսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG