Մատչելիության հղումներ

Հուլիսի 3-ի մամուլ


«Ղարաբաղյան բանակցություններում, ինչպես հայտնի է, հայկական կողմը մի գաղտնի հաղթաթուղթ ուներ, այն է` եթե բանակցային գործընթացը զարգանա ի վնաս մեզ, վերջին պահին միշտ էլ կարող ենք հայտարարել, որ այդ ամենը որեւէ նշանակություն չունի` քանի դեռ Ղարաբաղը բանակցություններին չի մասնակցում», - գրում է «Չորրորդ ինքնիշխանություն»-ը` շարունակելով.- «Մինչեւ հիմա Լեռնային Ղարաբաղի իշխանությունները այդ մասին բարձրաձայն չէին խոսում. դա անում էին առանձին կուսակցությունները կամ քաղաքական գործիչները, բայց պաշտոնապես ոչինչ չկար: Եվ դա հասկանալի է. այդ քայլը պահում էին «ծայրահեղ իրավիճակների» համար: Բայց [Մինսկի խմբի համանախագահների] այս այցի նախօրեին Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի քարտուղարն ուղղակիորեն հայտարարեց, որ քանի դեռ բանակցությունների ձեւաչափը չի փոխվել, մնացած ամեն ինչը քաղաքական շահարկումների ենթատեքստում կարելի է դիտարկել: Գեղեցիկ է հնչում իհարկե, բայց այստեղից կարելի է եզրակացնել, որ բանակցային գործընթացը այնպիսի տհաճ սցենարով է զարգանում, որ ստիպված ենք օգտագործել նաեւ այդ հաղթաթուղթը»:

Նույն հարցով «Հայոց Աշխարհ»-ը զրուցել է պատգամավոր Արտակ Զաքարյանի (ՀՀԿ) հետ: Նա ասում է. - «Բանակցությունները տրամաբանական զարգացում կունենան, երբ Ադրբեջանը պատրաստակամորեն ընդունի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը եւ հայկական ազատագրված տարածքների կարգավիճակը։ Հակամարտություններ կարգավորելու համաշխարհային փորձն ու պրակտիկան եւս հաստատում են, որ չի կարող գտնվել իրական լուծում, եթե լիովին չեն պաշտպանվում ինքնորոշվող ժողովրդի բոլոր իրավունքներն ու ազատությունները։ Հակառակ դեպքում ցանկացած լուծում արհեստական կլինի ու արդյունք չի ունենա։ «Տարածք` անվտանգության դիմաց» բանաձեւը չի կարող գործել, այլ կգործի «ուժի դեմ` ուժ» բանաձեւը»։

«168 ժամ»-ը զրուցել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանի հետ: «Մեր այն իշխանավորները, որոնք ուզում էին իրենց ներկայացնել իբրեւ միանձնյա ղեկավար, ինչ-ինչ պատճառներով դուրս շպրտեցին, այլ կերպ ասած` աչքաթող արեցին փախստականներին ու նրանց խնդիրները», - ասում է նա` շարունակելով. «Ադրբեջանից վտարված հայ քաղաքացիների իրավունքները անտեսված են թե' Հայաստանի, թե' Լեռնային Ղարաբաղի իշխանություների կողմից: Մեր այս պահվածքով դրդեցինք Ադրբեջանին, որ նա էլ նենգափոխի հարցի էությունը ու ասի, որ գոյություն չունեն հայ փախստականներ, այլ գոյություն ունեն միայն Ադրբեջանից զավթած տարածքներ ու ադրբեջանցի փախստականներ: 10 տարի շարունակ Ադրբեջանի ղեկավարությունը մեր պարապության հետեւանքով այդպես է ներկայացնում պատմությունը` սերմանելով ատելություն հայերի նկատմամբ, իսկ մենք դրա վրա աչք ենք փակում»:

«Առավոտ»-ը զրուցել է Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի հետ: Լրագրողը հարցնում է. -«Հայտնի է, որ տարածաշրջանում մեր տնտեսությունը մրցունակ չէ, մենք միշտ խոսում ենք ադրբեջանական նավթային դոլարների մասին»: «Ես համաձայն չեմ ձեր տեսակետի հետ, թե մեր տնտեսությունը մրցունակ չէ», - ասում է Մինասյանը` փաստարկելով. - «Համեմատենք նույն Ադրբեջանի հետ: Ակնհայտ է, որ Ադրբեջանում տնտեսության առյուծի բաժինը հենց նավթով է պայմանավորված, սակայն հեղինակավոր միջազգային կառույցները միանշանակ ասում են, որ նավթային բումը 2010-ից սկսած պետք է նվազի: Եվ այս պարագայում, երբ դուք ուզում եք ինձ համոզել, որ մեր տնտեսությունը Ադրբեջանի հետ մրցունակ չէ, բնավ չեմ կարող համաձայնել: Ինչպես ասվում է հայտնի ստեղծագործության վերնագրում` շուտով կանցնի այնտեղի պերճանքը եւ կսկսվի թշվառությունը: Իսկապես, Ադրբեջանի պերճանքը կանցնի, եւ կմնա թշվառությունը: Մեզ մոտ այդպես չէ, մեզ մոտ լուրջ ներդրումներ են կատարվում բազմապրոֆիլ ոլորտներում, տնտեսությունը գնալով դիվերսիֆիկացվում է, եւ սա այն հիմնական դասն է, որ մենք քաղեցինք տնտեսական ճգնաժամից: Այլ խնդիր է, որ շրջափակումը թույլ չի տալիս, որ մեր ապրանքները ավելի մրցունակ լինեն միջազգային շուկաներում»:

«Կապիտալ»-ի հյուրն է Ազգային ժողովի նախկին նախագահ, ներկայումս անկախ պատգամավոր Տիգրան Թորոսյանը: «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխությունների վերաբերյալ նա ասում է. - «Կառավարությունը ներկայացրել է ընդամենը մեկ հիմնավորում` Հայաստանում հանրակրթության մակարդակը բարձրացնելու նպատակով պետք է թույլ տալ միջազգային բարձրակարգ դպրոցների մուտքը: Առանց պատասխան տալու, թե ինչու է իր գործունեության կարեւոր ոլորտներից մեկում այդպիսի վիճակ, առանց մասնագիտական վերլուծության` այդ իրավիճակի պատճառների եւ խնդրի հնարավոր լուծումների վերաբերյալ, կառավարությունը «լուծում» է առաջարկում: Սակայն ակնհայտ է, որ նման հիմնախնդիրն այդպիսի քայլերով հնարավոր չէ լուծել»: Դիտարկմանը, թե որոշ հանրապետականներ ասում են, որ լեզուն կապ չունի լեզվամտածողության հետ եւ չի կարող վտանգել ազգային ինքնությունը, Թորոսյանը արձագանքում է. - «Դա պարզունակ արդարացում է: Իհարկե, նրանցից ոմանք նախ պետք է պարզեն, թե ինչ բան է կրթությունը, լեզվամտածողությունը եւ ինքնությունը, բայց մյուսները հասկանում են, որ խնդիրն ունի հիմնարար նշանակություն եւ ուղղակիորեն վերաբերում է հայ ինքնության ձևավորմանն ու պահպանմանը»:

Նույն թեմայով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG