Մատչելիության հղումներ

Պոլսո Հայոց փոխպատրիարք ընտրելու հարցը որոշվել է Թուրքիայի իշխանությունների առաջարկով


Արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը:
Արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը:

Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ ընտրվեց արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը, որը փաստորեն ավելի քան մեկ տարի գլխավորում էր պատրիարքարանը։

Հանգուցալուծումը անսպասելի էր, որովհետեւ մինչեւ վերջին պահը փոխպատրիարքի ընտրության հարց չկար:

Պետք է ընտրվեր Պոլսո պատրիարքարանի առաջնորդ՝ աթոռակից պատրիարք կամ նոր պատրիարք, որի նախաձեռնությամբ հանդես էր եկել հայ համայնքը։ Այս երկու մոտեցումների հետեւանքով թուրքահայ համայնքը պառակտվել էր։

Պոլսո Հայոց պատրիարքի ընտրություն անցկացնելու թույլտվությունը, քվեարկության օրը որոշում ու նշանակում է Թուրքիայի իշխանությունը։

Ըստ Թուրքիայի օրենսդրության` եթե որոշակի ժամանակահատվածում դիմումները մնում են անպատասխան, ապա դիմողները կարող են դիմել դատարան։ Թուրքիայի իշխանությունների պատասխանը ստացվել է վերջին պահին. նրանք երկու դիմումն էլ մերժել են՝ ո՛չ աթոռակից պատրիարք ընտրել, ո՛չ էլ պատրիարք, այլ ընտրել պատրիարքի փոխանորդ։

Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Ստամբուլում հրատարակվող «Ժամանակ» թերթի խմբագիր Արա Գոչունյանը. - «Այդ պառակտվածության փոխարժեքը հիմա թանկ է վճարում համայնքը, որովհետեւ պետությունը արդեն չէր էլ նախատեսում դիմումներից մեկին ընթացք տա, երկու կողմերին էլ չբավարարեց, առաջարկելով, որ պատրիարքի փոխանորդ ընտրվի»:

Նրա խոսքերով` համայնքի պառակտվածությունը «լուրջ եւ ծանր ազդեցություն ունեցավ»։

«Այնպիսի վիճակ առաջացավ, որ հարցի լուծումը պետությունը ինքը թելադրեց», - ասաց Արա Գոչունյանը` նշելով, որ մի կարեւոր մանրամասն կա. - «Թուրքիայի հանրապետության պատմության մեջ առաջին անգամ ընտրություն կատարելու համար համայնքի ներկայացրած դիմումը մերժվել է»։

Արա Գոչունյանը նշեց, որ նախկինում դեպքեր եղել են, որ պատասխանը ուշ էր ստացվում, բայց երբեք չէր մերժվել. - «Իրավիճակը բարդ է։ Բայց պետության առաջարկը արդեն իրականացվել է։ Հինգշաբթի օրը կրոնական ժողովը նիստ է անցկացրել, որոշել է ընթացք տալ ստացված պատասխանին։ Նույն օրը համայնքային խորհրդակցություն է հրավիրվել, որպեսզի համայնքի ղեկավարներին ու մամուլին տեղեկացվի կացության մասին։ Կեսօրից հետո եկեղեցական ժողովի միաձայնությամբ Պոլսո Հայոց պատրիարքարանի փոխանորդ ընտրվեց Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը»։

Արա Գոչունյանի խոսքերով` բավականին հարցականներ կան, մասնավորապես պատրիարքի աթոռը անժամկետ թափուր մնալու հանգամանքը։

«Այս պահի նրբությունն այն է, որ պատրիարքը ի վիճակի չէ գահակալելու։ Հիվանդ է, ինքը չի գիտակցում, որ պատրիարք է, հիվանդությունը մտային է, եւ այդ պատճառով չի կարողանում հրաժարական տալ։ Այս պայմաններում պետք է նոր պատրիարք ունենալ, բայց համայնքը չկարողացավ կողմնորոշվել, ու այդ պատճառով էլ ժողովրդի միջոցով ընտրություն կատարելու տարբերակը մերժվեց ու գտնվեց միջանկյալ լուծում` ասելով, որ երբ պատրիարքը վախճանվի, նոր պատրիարքի ընտրությունը ավանդական ձեւով կկատարվի», - փոխանցեց նա։

Պոլսո Հայոց պատրիարքարանը առաջնորդ չուներ այն բանից հետո, երբ մոտավորապես մեկ տարի առաջ ծանր հիվանդացավ պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը։ 54-ամյա պատրիարքը ամնեզիա ստացավ՝ հիշողության կորուստ, թուլամտություն։ Նրա հիվանդությունը սկսվեց ու խորացավ «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանությունից հետո, որը պատրիարքի ընկերն էր։

Արա Գոչունյանը ասաց, որ ժամանակավոր լուծում է գտնվել. -«Ես համոզված եմ, որ չի կարելի մարսել այս պարագան, որ պատրիարքական աթոռը այսքան երկար ժամանակ թափուր մնա։ Անժամկետ թափուր մնա ու փոխարենը միջանկյալ շրջանի դրությունը երկար շարունակվի։ Այսինքն` բոլոր հարցերը 100 տոկոս լուծված չեն»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG