Մատչելիության հղումներ

Համանախագահները հանդիպեցին Ղարաբաղի ղեկավարության հետ


Իգոր Պոպովը (ձախից) եւ Ռոբերտ Բրադկեն Ղարաբաղի ղեկավարության հետ բանակցություններից հետո, Ստեփանակերտ, 2-ը հուլիսի, 2010թ.

Իգոր Պոպովը (ձախից) եւ Ռոբերտ Բրադկեն Ղարաբաղի ղեկավարության հետ բանակցություններից հետո, Ստեփանակերտ, 2-ը հուլիսի, 2010թ.

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները ուրբաթ օրը Ստեփանակերտում հանդիպեցին Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի, պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանի եւ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանի հետ:

Առանց ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեի Լեռնային Ղարաբաղ ժամանած միջնորդները նախ հանդիպել են Ղարաբաղի պաշտպանության նախարարի, այնուհետեւ` նախագահի եւ արտգործնախարարի հետ:

Բակո Սահակյանի հետ կեսօրին մոտ սկսված հանդիպումը շարունակվեց մոտ երկու ժամ:

«Ինչպես ես ընդգծել եմ նախկինում, միշտ կարեւոր է գալ Ղարաբաղ, լսել Ղարաբաղի ներկայացուցիչներին եւ ծանոթանալ նրանց տեսակետներին», - հանդիպումներից հետո լրագրողներին ասաց ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն:

«Մեր երեք նախագահները` նախագահ Օբաման, նախագահ Մեդվեդեւը եւ նախագահ Սարկոզին, անցած շաբաթ Կանադայում հանդես եկան հայտարարությամբ, որում նրանք ընդգծեցին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման կարեւորությունը, գոհունակություն հայտնեցին, որ ձեռք է բերվել որոշակի առաջընթաց, եւ տարածաշրջանի առաջնորդներին կոչ արեցին ձեռնարկել հաջորդ քայլը խաղաղ կարգավորման ուղղությամբ», - նշեց Բրադկեն` հավելելով. - «Հետեւաբար, նրանք հրահանգեցին մեզ եւ մեր նախարարներին` այս ժամանակամիջոցում ինտենսիվորեն աշխատել եւ փորձել հաղթահարել տարաձայնությունները խաղաղ գործընթացում»:

Ամերիկացի համանախագահը նշեց, որ տարածաշրջանում իրենց հանդիպումների նպատակն է Ալմաթիում հուլիսի կեսերին կայանալիք ԵԱՀԿ-ի նախարարական նիստի շրջանակներում Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարների կամ նրանց ներկայացուցիչների եւ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը նախապատրաստելը:

Ռոբերտ Բրադկեն հիշեցրեց, որ Հայաստանում եւ Երեւանում առաջիկա օրերին հանդիպումներ է ունենալու նաեւ Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:

Ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը, իր հերթին, հայտնեց, որ Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ քննարկել են Սանկտ Պետերբուրգում հունիսի 17-ին կայացած նախագահների եռակողմ հանդիպման ընթացքում հնչած հարցերը, ինչպես նաեւ հունիսի 18-ին Ղարաբաղում տեղի ունեցած միջադեպը:

«Մենք հաստատել ենք մեր մտահոգությունը այդ միջադեպի վերաբերյալ, խախտվել է 1994 թվականին ձեռք բերված հրադադարի մասին համաձայնագիրը, եւ նմանատիպ միջադեպերը կարող են վնաս հասցնել խնդրի խաղաղ կարգավորման գործընթացին: Եվ մենք քննարկել ենք, թե ինչպես կարելի է, ինչպիսի միջոցներ են հնարավոր` կանխարգելելու համար նման միջադեպերը ապագայում», - ասաց Պոպովը:

Նա նշեց, որ այդ հարցը քննարկվել է Մովսես Հակոբյանի եւ Ղարաբաղի ղեկավարության հետ, քննարկվելու է նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի ռազմական եւ քաղաքական ղեկավարությունների հետ:

Ռուսաստանցի համանախագահը նաեւ հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է լուծվի ժողովրդավարական ճանապարհով. - «Ըմբռնում կա նախագահների մոտ, այն շարադրվել էր Ակվիլայում եւ այն շարադրվեց այժմ, որ Ղարաբաղի կարգավիճակային հարցը պետք է լուծվի ժողովրդավարական ճանապարհով` ժողովրդական կամարտահայտության հիման վրա: Ինչպես դա կլուծվի` դա դեռ պետք կլինի քննարկել»:

Շաբաթ օրը Երեւանում նախատեսված են միջնորդների հանդիպումները Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Համանախագահները Ստեփանակերտում հայտնեցին, որ պատրաստվում են հանդիպել նաեւ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ:

Երկուշաբթի օրը համանախագահները հանդիպումներ կունենան Բաքվում:

Երեւանում եւ Բաքվում համանախագահները կլինեն լրիվ կազմով: Ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցի` Պոպովը հայտնեց, որ Բեռնար Ֆասիեն «որոշակի պարտավորություններ ունի Փարիզում» եւ իրենց կմիանա ուրբաթ երեկոյան:

Համանախագահների այցի նախաշեմին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Ղարաբաղի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը ասել էր. - «Որեւէ բեկում ես` որպես քաղաքագետ, չեմ սպասում, բայց, համենայն դեպս, նման հանդիպումները կարեւոր են նաեւ, որպեսզի տեսնենք, ընդհանրապես, ի՞նչ նոր մոտեցումներ կան, ի՞նչ զարգացումներ կան ադրբեջանա - ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում»:

«Ձեր կարծիքով, համանախագահները ինչ-որ նոր բաներ պատրաստո՞ւմ են: Որովհետեւ հնչում էր տեսակետ վերջին շրջանում, որ նրանք բավական պասիվ են, եւ առանձին կողմերը, օրինակ` Ռուսաստանն է ինչ-որ նախաձեռնություններով հանդես գալիս», - այս հարցին Ղարաբաղի նախագահի խոսնակը արձագանքել էր. - «Նրանք, երբ Ադրբեջանը խախտեց զինանադարի ռեժիմը` ամսի [հունիսի] 18-ին, ա'յ ակտիվությունը այդտեղ պետք է ցուցաբերվեր եւ կոնկրետ քայլեր կատարվեր` ագրեսորի եւ ռեժիմը խախտելու կոնկրետ կողմին պետք է ինչ-որ ձեւով ոչ թե նույնիսկ պատժեր, այլ գոնե հասկացներ, որ նա սխալ է: Բայց այդ գործընթացը տեղի չունեցավ: Հետեւաբար, մի քիչ կարծես թե ժամանակը բաց է թողնվել»:

«Եթե կոնկրետ ինչ-որ քայլեր լինի, ապա առաջինը պետք է փոխվի, վերանայվի ձեւաչափը: Ձեւաչափի մասին դեռեւս խոսակցություն չկա, հետեւաբար` մնացած բոլորը ուղղակի քաղաքական շահարկումների ենթատեքստում կարելի է դիտարկել եւ որեւէ կոնկրետ նորույթ, որեւէ կոնկրետ մոտեցում ես չեմ ակնկալում», - նշել էր Բաբայանը:
XS
SM
MD
LG