Մատչելիության հղումներ

logo-print

Հուլիսի 2-ի մամուլ


«Առավոտ»-ի խմբագիրը Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին հարցնում է. - «Հնարավոր համարո՞ւմ եք արտահերթ ընտրությունների հեռանկարը»: Աբրահամյանը արձագանքում է. - «Արտահերթ ընտրությունների համար անհրաժեշտ են լուրջ ներքին, արտաքին քաղաքական նախադրյալներ: Մեկ կամ մի քանի քաղաքական ուժի ցանկությամբ կամ պատվերով արտահերթ ընտրությունների քաղաքական անհրաժեշտություն չի առաջանում: Այսօր երկրում ներքաղաքական իրավիճակը կայուն, կանխատեսելի ու կառավարելի է, եւ բոլոր գործընթացները տեղավարվում են կանխատեսելի եւ կայուն քաղաքական զարգացումների շրջանակներում: Վերջին 15 տարիների մեր քաղաքական առանձնահատկությունը այն է, որ ընդդիմությունը համառորեն եւ հետեւողականորեն պատրաստվում է արտահերթ գործընթացների, ուստի հերթական ընտրությունների ժամանակ, սպորտային տերմինաբանությամբ ասած, «հանդես է գալիս իր հնարավորություններից ցածր», քանի որ արտահերթ ընտրությունների ընթացքում վատնած է լինում իր ռեսուրսի զգալի մասը»:

Հիլարի Քլինթոնի Հայաստան այցելության նախօրեին «Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Միացյալ Նահանգներին Ղարաբաղի ճակատագիրը, մեղմ ասած, այնքան էլ չի հետաքրքրում, բայց, խոստովանենք, նրան հարկավոր է խաղաղություն եւ եթե ստացվի՝ նաեւ Հայաստանում Ռուսաստանի ներկայությունը թուլացնելու հնարավորություն։ Ուստի՝ Մադրիդյան կամ ցանկացած այլ սկզբունքների վրա հիմնվող «Ղարաբաղյան բարաթի» ստորագրումը հնարավորություն կտա ԱՄՆ-ին տեղից շարժել նաեւ հայ-թուրքական հարաբերությունները, անկախ նրանից, թե դրանից հետո ինչպե՞ս եւ ո՞ւմ օգտին է ընթանալու Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բուն գործընթացը։ Սակայն Միացյալ Նահանգների «օրհնությամբ» ընթացող նման զարգացումների անխուսափելիությունը մարտահրավեր է դառնում Ռուսաստանի համար, որը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ հնարավոր տարբերակն է համարում սեփական զորքերի տեղակայումը հակամարտության գոտում... Եթե խաղաղապահ ուժերը բաղկացած լինեն աննշան երկրների ներկայացուցիչներից եւ, ամենակարեւորը, Ռուսաստանը չմասնակցի նման գործողությանը, ապա, ինչպես կարծում են Բաքվում, ազատագրված տարածքները ստանալուց հետո նոր հակամարտության հրահրումն ու Ղարաբաղի զավթումը Ադրբեջանի համար այնքան էլ դժվար չի լինի»։

«Հայկական ժամանակ»-ը հիշեցնում է. -«Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը անցյալ շաբաթ սենսացիոն հայտարարություն էր արել, թե` «այսօր Հայաստանի սահմանները, ցավոք, չեն գտնվում այն վիճակում, որ կարող են ապահովել անվտանգության բարձր մակարդակ»: Այս հայտարարության վերաբերյալ թերթը փորձել է ճշտել Պաշտպանության նախարարության բանակային կորպուսների հրամանատարների կարծիքները: Կորպուսի հրամանատար Լյովա Երանոսյանը ասել է. - «Ես չեմ հասկանում, ո՞նց կարելի է նման արտահայտություն անել: Ես, որպես ազգի գեներալ, շփված եմ Ղարաբաղի սահմաններով, հայկական սահմաններով էլ, մեր բանակը կայուն է ու ամեն մի մամենտ պատրաստ է սահմանները պահելու ու հակահարված խփելու: Մեկ այլ կորպուսի հրամանատար` Հայկազ Բաղմանյանը ասել է. - «Ես չգիտեմ ով ինչ հայտարարություն է անում, բայց նման հայտարարություն ո՞նց կանեն: Դա ադրբեջանցի է ասե՞լ... ա, դե էս քանի տարի է , 94 թվից նորմալ պահում են, հիմա ո՞վ ա տենց բան ասում: Եթե տենց բան են ասել, շատ բացասական եմ վերաբերվում»:

«Ժամանակ»-ը տեղեկացնում է. - «Վրաստանի խորհրդարանը, ինչպես երեւում է, շատ լրջորեն է տրամադրված Հայաստան մտնող գազատարը սեփականաշնորհելու հարցում: Նախօրեին, ինչպես տեղեկացնում են վրացական լրատվամիջոցները, երկրի խորհրդարանի իշխող կուսակցության կողմից խորհրդարան ներկայացված օրինագիծը, ամենայն հավանականությամբ, կընդունվի: Վրացի պատգամավորները առաջարկում են ազգային ռեսուրսների ցանկից հանել որոշ կետեր եւ դրանք հանել վաճառքի: Ուշագրավն այն է, որ ցուցակում է նաեւ այն գազատար խողովակաշարը, որով Հայաստանը Վրաստանի տարածքով գազ է ստանում Ռուսաստանից: Վրաստանի գազաբաշխիչ ցանցը արդեն 5 տարով հավատարմագրային կառավարման է հանձնված Ադրբեջանի պետական նավթային ընկերությանը: Իսկ եթե Հայաստանի համար ռազմավարական, ավելին` նույնիսկ կենսական նշանակություն ունեցող այս օբյեկտն էլ հայտնվի ադրբեջանցիների ձեռքում, ապա մեղավորները ոչ միայն Վրաստանի խորհրդարանականներ են լինելու, այլեւ Հայաստանի իշխանությունները, ովքեր չկարողացած ազդել գործընթացի վրա»:

«de facto Իրավունքը» թերթի հետ զրույցում Ազգային ժողովի պատգամավոր Արա Նռանյանը (ՀՅԴ) ասում է. - «Կառավարությունը շարունակում է նեոլիբերալ կուրսը` ի հաշիվ աշխատավորների ապահովելով թվացյալ ակտիվություն տնտեսական կյանքում: Նպատակը մեկն է` անցումային շրջանի տնտեսություններում պաշտպանել ոչ թե աշխատավորի, այլ գործատուի շահերը` նրան տալով առավելություն աշխատավորի նկատմամբ, որպեսզի տնտեսական գործունեություն ծավալելու շահագրգռություն ունենա: Սա շարունակությունն է այն կուրսի, որ Հայաստանում պետք է լինեն ցածր աշխատավարձեր, տնտեսության մրցունակության ապահովման համար աշխատատեղերը սոցիալապես ոչ ապահովված պետք է լինեն, ինչը թույլ կտա գործատուին շահույթներ կուտակել եւ նոր ներդրում անել տնտեսության մեջ»:

Նույն թեմայով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG