Մատչելիության հղումներ

Հիլարի Քլինթոնը գալիս է Երեւան


Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը կիրակի օրը կժամանի Երեւան: Պետքարտուղարը Հայաստան է այցելում Արեւելյան Եվրոպայի եւ Հարավային Կովկասի երկրներ այցի շրջանակում: Նախատեսված են նրա հանդիպումները Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Երեքշաբթի օրը Պետքարտուղարության խոսնակ Ֆիլիպ Գորդոնը լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձել էր Քլինթոնի առաջիկա այցին:

«Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լուծում ստանա», - ասել էր Գորդոնը:

Պատասխանելով ղարաբաղա - ադրբեջանական շփման գոտում հունիսի 18-ի միջադեպին վերաբերող հարցին, որը հայկական կողմից 4, ադրբեջանականից` 1 զինվորի կյանք խլեց` ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը ասել էր. - «Բռնության վերջին դեպքերն էլ ցույց տվեցին, որ կայունությունը չենք կարող համարել ինքնին ենթադրելի երեւույթ: Պետքարտուղարի այցի նպատակներից մեկը երկու կողմերի հետ` Հայաստանի ու Ադրբեջանի, քննարկելն է` ինչպես կարելի է հարցը առաջ մղել: Գործընթացը ձգձգվեց ավելի, քան կցանկանայինք: Եվ այս կամ այն չափով բռնության ժայթքումը մեզ շատ է անհանգստացնում»:

Գորդոնը նշել է, որ պետքարտուղարը երկու երկրներում էլ հնարավորություն կունենա ընդգծել այն, ինչ երեք նախագահներն ասել են Տորոնտոյում. - «Ամերիկյան կողմը կարեւորում է այդ հայտարարությունում առկա բոլոր սկզբունքները»:

Ֆիլիպ Գորդոնի խոսքերով` հայաստանյան հանդիպումների ժամանակ Քլինթոնը չի շրջանցի նաեւ հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման թեման:

«Մենք շարունակում ենք հավատալ, որ լավ կլինի, եթե արձանագրությունները վավերացվեն ու իրականացվեն, եւ բացվի Թուրքիայի հետ սահմանը, ինչից կշահեն թե' Հայաստանը եւ թե' Թուրքիան», - ասել է պետքարտուղարի տեղակալը:

Միացյալ Նահանգների պետքարտուղարը Երեւան է ժամանելու Բաքվից, ուր հուլիսի 4-ին նախատեսված են հանդիպումներ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ, երիտասարդության հետ քննարկումներ մամուլի ազատության եւ քաղաքական մասնակցության հարցերով:

Հուլիսի 1-3-ը Հիլարի Քլինթոնը այցելելու է Ուկրաինա եւ Լեհաստան, իսկ հուլիսի 5-ին Երեւանից մեկնելու է Թբիլիսի, որտեղ էլ ավարտելու է իր շրջագայությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG