Մատչելիության հղումներ

logo-print

Կոնգրեսի ենթահանձնաժողով. Հայաստանին` 44 միլիոն, Ղարաբաղին` 10 միլիոն


2011-ի ֆինանսական տարում Հայաստանը Միացյալ Նահանգներից ստանալու է 44 միլիոն դոլարի ուղղակի օգնություն, եւս 10 միլիոն դոլար ամերիկյան բյուջեից հատկացվելու է Լեռնային Ղարաբաղին: Երեկ նման որոշում է կայացրել ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հատկացումների ենթահանձնաժողովը:

Ավելի վաղ Սպիտակ տունը առաջարկել էր Հայաստանին 40 միլիոն դոլարի օգնություն ցուցաբերել` 2010-ի 41 միլիոնի դիմաց:

Ենթահանձնաժողովի անդամները, սակայն, քննարկումների արդյունքում որոշեցին Հայաստանին հատկացվող ֆինանսական օգնության ծավալն ավելացնել շուրջ 10 տոկոսով:

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, ապա ընթացիկ ֆինանսական տարվա համեմատ` Ստեփանակերտին հատկացվող ամերիկյան ուղղակի օգնության ծավալն աճելու է շուրջ 25 տոկոսով:

Ամերիկայի հայկական համագումարի տարածած հաղորդագրության համաձայն, ենթահանձնաժողովի անդամները նիստի ընթացքում անդրադարձել են նաեւ հունիսի 18-ին հայ - ադրբեջանական շփման գոտում տեղի ունեցած միջադեպին` ընդգծելով. - «Անհրաժեշտ է խորհրդակցություններ անցկացնել Սպիտակ տան վարչակազմի հետ` նվիրված Ազատության աջակցության ակտի 907-րդ ուղղման հետագա ճակատագրին»:

Հայաստանին եւ Ադրբեջանին ռազմական ոլորտում հատկացվող ամերիկյան օգնության ծավալները եկող տարի էլ հավասար մակարդակի վրա են լինելու. ենթահանձնաժողովը որոշել է Հայաստանին ու Ադրբեջանին 3.5-ական միլիոն դոլարի օգություն տրամադրել «Արտաքին ռազմական օժանդակության» ծրագրի շրջանակներում, ինչպես նաեւ 450-հազարական դոլար` ռազմական վարժանքների ու կրթական ծրագրերի անցկացման նպատակով:

Ենթահանձնաժողվոի որոշման մեջ առանձին տողով նաեւ կոչ է ուղղված Ադրբեջանի ղեկավարությանը` վերջ տալ ռազմատենչ հռետորաբանության օգտագործմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG