Մատչելիության հղումներ

2009 թվականի թե’ գարնանը եւ թե’ աշնանը Մարկետինգի հայկական ասոցիացիայի կողմից արված հարցումների արդյունքներով` Հայաստանի բնակչության ավելի քան 80 տոկոսն ասել է, որ տնտեսական ճգնաժամն արտահայտվել է գնաճով:

Մոտ 30 տոկոսը պատասխանել է, որ նվազել են ընտանիքի անդամների եկամուտները. սկսել են կրճատել կոմունալ եւ այլ ծախսերը, տնտեսում են նաեւ հագուստի եւ սննդի հաշվին:

Մարկետինգի հայկական ասոցիացիայի նախագահ Արամ Նավասարդյանը հիշեցնում է, որ 2008 թվականի աշնանը, երբ տնտեսական ճգնաժամն արդեն զգացվում էր աշխարհում, այդ թվում` Հայաստանում, երկրի իշխանությունները վստահեցնում էին, թե այստեղ բանկային համակարգը կայուն է եւ ճգնաժամը Հայաստան չի հասնի կամ դրա ազդեցությունը երկրում շատ թեթեւ կզգացվի: Կառավարությունը ստիպված էր ճգնաժամի առկայության մասին հայտարարություններ անել միայն 2009 թվականի ապրիլին, երբ արձանագրվեցին տնտեսության ամենացածր ցուցանիշները, ասում է Մարկետինգի հայկական ասոցիացիայի նախագահը:

«2009-ի սկզբից, քանի որ արդեն ճար չկար` որոշակի ձեւով չասելու դրա մասին, իրենք ուրիշ հիմնավորումներ էին տալիս, ասում էին` «քանի որ մենք արդեն իսկ համաշխարհային տնտեսության մեկ մասնիկն ենք հանդիսանում, իհարկե, նաեւ ճգնաժամը մեզ մոտ կանդրադառնա». լրիվ այլ ձեւակերպում էր տրվել այդ ամենին», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նկատեց Նավասարդյանը:

Դրանից հետո, ասոցիացիայի հարցումների համաձայն, որոշ դրական միտումներ գրանցվել են: Եթե տարեսկզբին հարցվածների մոտ 60 տոկոսն էր ասել, թե արդեն իսկ զգում է ճգնաժամի ազդեցությունը, ապա տարեվերջին այդ ցուցանիշը մոտ 10 տոկոսով նվազել է: Սակայն, Արամ Նավասարդյանի կարծիքով, տնտեսության այդ դրական միտումները ժամանակավոր են. - «Ընդհանուր տեղեկատվական ֆոնը ստիպում է հասարակ բնակչությանը հավատալ որոշ առումով, որ այո, մենք ունենք դրական տենդենցներ եւ այլն, բայց ես կարծում եմ, որ իրականում այդքան դրական չեն տենդենցները»:

Բացի այդ, դրական միտումները չպետք է միայն պայմանավորել Հայաստանի տնտեսությամբ` բավականաչափ վերականգնվել են արտերկրից ստացվող դրամական փոխանցումները, ասում է Արամ Նավասարդյանը:

«Երբ նորից վերականգնվում են այդ աղբյուրները, փաստորեն ինքը [հարցման մասնակիցը] այդ ճգնաժամը սկսում է իր վրա ոչ այնքան շատ զգալ եւ, իր պատկերացումով, դա իրավիճակի լավացում է: Բայց դա իրականում ի'ր իրավիճակի լավացում է, ոչ թե տնտեսության իրավիճակի լավացումն է», - ընդգծեց Մարկետինգի հայկական ասոցիացիայի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG