Մատչելիության հղումներ

Վրաստանը «չեզոք անձնագրեր» է առաջարկում աբխազներին եւ օսերին


Վրաստանի պետական խորհրդանիշները

Վրաստանի պետական խորհրդանիշները

Վրաստանի Անվտանգության խորհուրդը քննարկել է Հարավային Օսիայի եւ Աբխազիայի հետ նոր տիպի հարաբերություններ հաստատելու հարցը:

«Վրացական նոր ռազմավարության նպատակն է բաժանարար գծերի երկու կողմերում բնակվող մարդկանց համագործակցությանն ու շփմանը նպաստող բարենպաստ մթնոլորտի ձեւավորումը», - նշված է վրացական իշխանությունների կազմած փաստաթղթում:

Նախագիծը, որ Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի ընդլայնված նիստի մասնակիցները քննարկեցին երեքշաբթի երեկոյան, առաջարկում է Վրաստանից անջատված Աբխազիայի եւ Հարավային Օսիայի բնակիչներին հատուկ անձնագրեր բաժանել:

«Չեզոք անձնագիր» անվանումը ստացած փաստաթղթերի տերերը Վրաստանի քաղաքացիներ չեն համարվի, սակայն հնարավորություն կունենան բուժում ստանալ Վրաստանի տարածքում գտնվող հիվանդանոցներում, ընդունվել վրացական բուհեր, Վրաստանում ազատորեն բիզնեսով զբաղվելու իրավունք կստանան:

Վրացական նոր ռազմավարության համապատասխան, արտերկիր ուղեւորվելու համար Աբխազիայի եւ Հարավային Օսիայի բնակիչներին կտրամադրվեն անձը հաստատող հատուկ «ճամփորդական փաստաթղթեր»: Նախագծի հեղինակների խոսքով` ուղեւորությունների ընթացքում անձը հաստատող նման փաստաթղթերից են օգտվում, օրինակ, ՄԱԿ-ի շատ աշխատակիցներ:

Վրաստանի կառավարության մշակած ռազմավարության մյուս առանցքային կետը Թբիլիսիում` Հարավային Օսիայի եւ Աբխազիայի, իսկ Ցխինվալիում եւ Սուխումիում` Վրաստանի հատուկ ներկայացուցչությունների բացումն է: «Միջնորդների գրասենյակ» անվանումը կրող այս կառույցների ղեկավարները յուրատեսակ դեսպաններ կդառնան, բայց առանց դիվանագիտական կարգավիճակի», - նշում են վրացական իշխանությունները:

Նախատեսվում է նաեւ «Վստահության հիմնադրամի» ստեղծումը, որի միջոցներով կֆինանսավորվեն երկու ինքնահռչակ հանրապետություններում գործող ոչ կառավարական կազմակերպությունները:

Վերլուծաբանները, սակայն, կասկածում են, թե Թբիլիսիում մշակված նախագիծը հավանության կարժանանա Աբխազիայում եւ Հարավային Օսիայում:

Վրաց քաղաքագետ Պաատա Զաքարեիշվիլին, մասնավորապես, նշում է. - «Այս գաղափարները պետք է կյանքի կոչվեն օսական, աբխազական կողմերի եւ միջազգային հանրության հետ համատեղ: Դա պարզապես ծիծաղելի է: Աբխազներն ու օսերը այս աշխատանքներին չեն մասնակցի: Ավելին, գրոշի արժեք չունի այն փաստաթուղթը, որը կախված է արտաքին գործոններից` գործոններ, որ դուրս են տվյալ փաստաթղթի իրավասությունից»:




Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG