Մատչելիության հղումներ

Հուլիսի 1-ի մամուլ


«Հայոց Աշխարհ»-ը անդրադառնում է Freedom House-ի վերջին զեկույցին. - «Հնարավոր չէ հերքել նաեւ այն հանգամանքը, որ հակառակ Freedom House-ի կողմից Հայաստանում ժողովրդավարության ու մարդու իրավունքների վիճակը հնարավորինս անբարենպաստ ֆոնի վրա ներկայացնելու փորձերին, մեր երկիրը պահպանել է իր տեղը «կիսաավտորիտար երկրներ» կոչվող անվանաշարքում։ Այն է՝ մեզանում չկարողանալով կամ չցանկանալով արձանագրել առաջընթաց, Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը չի կարողացել գրանցել նաեւ որեւէ շոշափելի հետընթաց։ Ամենեւին էլ չփորձելով վիճել Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության հետ Հայաստանում 2009-ին ժողովրդավարության ու մարդու իրավունքների պաշտպանության ասպարեզում արձանագրված այս կամ այն կոնկրետ թերության շուրջ, ցանկանում ենք հարց տալ հարգարժան իրավապաշտպաններին։ Եթե իրենք ու նաեւ Եվրախորհրդի Մարդու իրավունքների գծով կոմիսար Թոմաս Համմարբերգը Ադրբեջանում արձանագրել են մարդու իրավունքների պաշտպանության վիճակի կատաստրոֆիկ անկումներ, ապա դրանից հետո ինչո՞ւ չեն դիմում կոնկրետ քայլերի` պաշտպանելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիներին Ադրբեջանի հավանական ոտնձգություններից»։

«Հրապարակ»-ի խմբագիրը պատմում է. - «Օրերս Ղարաբաղից վերադարձած ծանոթս հետաքրքիր միտք հայտնեց. «Ղարաբաղում անվրդով են ու ինքնավստահ: Ասում են` ինչ փաստաթուղթ ուզում է հայաստանցիք ստորագրեն, մենք հող տվողը չենք»: Եվ որքանով ես եմ ճանաչում ղարաբաղյան ժողովրդին, կարծում եմ, որ այս մոտեցումը այնքան էլ հեռու չէ իրականությունից: Իր կողով հայտնի ղարաբաղցին կարող է անտեսել մեդվեդեւ-սարկոզի-օբամա դիրքորոշումը ու «փաթթած ունենալ» ցանկացած բարձր մակարդակի փաստաթուղթ, որտեղ դրված կլինի Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների ստորագրությունը: Ահա այն հետեւանքը, որը կարող է ծագել բանակցությունների գործընթացից Ղարաբաղի ներկայացուցչին մեկուսացնելու արդյունքում, ինչից զգուշացնում էին տարբեր փորձագետներ տարիներ շարունակ: Իսկ ի՞նչ է անելու, ասենք, Հայաստանի նախագահը, երբ պարզվի, որ ինքը ինչ-որ փաստաթղթի հետ համաձայնել է եւ իր կարծիքով լավագույն փոխզիջումն է կորզել հակառակորդից, իսկ նրանք, ում համար այդ փոխզիջումը կորզել են (ղարաբաղցիները), դա լիակատար պարտություն են համարում եւ մտադիր չեն իրենցից պահանջվողը կատարել եւ Հայաստանի նախագահի ստորագրությունը հարգել»:

«Կապիտալ»-ը զրուցել է ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանի հետ: Նա ասում է. - «Պետքարտուղար Քլինթոնի այցելությունը տարածաշրջան նախագահների հայտարարության հետ ուղղակի կապ չունի, սակայն նաեւ պարզ է, որ այդ հայտարարությամբ ճշտված ուղղություններով Քլինթոնը բանակցելու է ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Ադրբեջանում։ Կարծում եմ՝ նա երկու պետությունների իշխանությունների հետ հանդիպման ժամանակ կանդրադառնա նաեւ հայ-թուրքական հարաբերություններին։ Կարծում եմ՝ հիմնականում Միացյալ Նահանգների հորդորով է, ինչպես ասում է նախագահ Սարգսյանը, ես կասեի՝ ճնշումով է, որ Հայաստանը որոշեց հետ չկանչել իր ստորագրությունը հայ-թուրքական արձանագրություններից՝ բավարարվելով արձանագրությունների վավերացման գործընթացի կասեցմամբ։ Այս առումով, կարծում եմ, որ ԱՄՆ-ը ակնկալիքներ ունի, սակայն վստահ չեմ, որ այդ ակնկալիքները կբավարարվեն»։

«168 ժամ»-ը հարցազրույց է տպագրել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մեւլութ Չավուշօղլու հետ, ով ասում է. - «Ես մայիսին այցելել եմ Հայաստան: Ներկայումս Հայաստանը գտնվում է դիտարկման փուլում: Մենք դա չենք ցանկանում անվանել «խնդիր», սակայն երկիրը դեռ շատ անելիքներ ունի եւ պետք է անցկացնի բազմաթիվ բարեփոխումներ: Մենք քննարկում ենք այդ խնդիրները: Կան հարցեր, որոնք վերաբերում են Հայաստանի պարտավորություններին. 2008 թվականի ընտրություններին հաջորդած ողբերգական իրադարձությունների ընթացքում զոհվել է 10 մարդ, եւ ոչ ոք դրա համար պատասխանատվության չի ենթարկվել: Դա շատ կաեւոր խնդիր է»: Լրագրողը հարցնում է. - «Հնարավո՞ր է արդյոք հայ-թուրքական սահմանի բացում»: Չավուշօղլուն պատասխանում է. - «Դա կախված է Հայաստանից: Դա ոչ թե իմ, այլ թուրքական իշխանությունների կարծիքն է: Ակնհայտ է, որ եթե Հայաստանը զորքերը դուրս չբերի գրավյալ տարածքներից, արձանագրությունները չեն վավերացվի, եւ թուրքական բոլոր կուսակցությունները համաձայն են դրան: Հարց. - «Հայաստանում որոշ քաղաքական ուժեր եւ լրատվամիջոցներ հաճախ քննադատում են Ձեզ կանխակալության եւ ադրբեջանամետության համար»: Պատասխան. - «Այդ մարդիկ ստախոսներ են: Ես երբեք չեմ փորձել պատժել Հայաստանին: Մայիսին ես շատ հաջող այցելություն եմ կատարել Հայաստան: Ինձ համար բոլոր երկրները հավասար են, ներառյալ` Թուրքիան: Այնպես որ, Հայաստանում այդ մարդիկ անազնիվ են, եւ դա վատ է, շատ վատ: Դա ռասիզմ է իմ նկատմամբ»:

«Ազատության հրապարակում երիտասարդները կազմակերպեցին պրովոկացիա, որի ժամանակ ոստիկանները չկարողացան պատշաճ բարձրության վրա գտնվել, եւ խնդրեմ` արդեն ԵԽԽՎ-ում մարդիկ ունեն ինֆորմացիա այդ այդ ամենի վերաբերյալ եւ դրանք օգտագործում են մեր դեմ», - երեկ «Առավոտ»-ի հետ զրույցում ասել է Ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Նիկոյանը: Հարցին, թե ինչու է վստահ, որ դա պրովոկացիա է, եւ ինչու չի մեղադրում ոստիկաններին, Նիկոյանը արձագանքել է. - «Նրանք [նկատի ունի ոստիկաններին] պետք է հասկանային, որ գործ ունեն պարապած, պրովոկացիայի պատրաստ, կազմակերպված խմբի հետ, որը զինված էր լուսանկարչական ապարատներով, եւ հաջորդ օրը թերթերը ողողված էին դրանով»:

Նույն թեմայով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG