Մատչելիության հղումներ

Ռուսաստանում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը երեքշաբթի օրը հյուրընկալվել է «Էխո Մոսկվի» ռադիոկայանին։ Դեսպանը պատասխանել է հաղորդավարի, ինչպես նաեւ ունկնդիրների հարցերին։

Առաջին հերթին, Օլեգ Եսայանը հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը մոտ ապագայում պետական այց է կատարելու Հայաստան։ Դեսպանն ասել է, որ Հայաստանում «շատ ուշադիր, շատ ջերմ ու անհամբեր սպասում են այդ այցելությանը», եւ Օլեգ Եսայանի կարծիքով, Մեդվեդեւի այցելությունը «նոր փուլ կլինի հայ - ռուսական հարաբերությունների զարգացման համար»։

Հաղորդման զգալի մասը վերաբերել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, բանակցային գործընթացին։

Օլեգ Եսայանը հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղը անկախ, առանձին պետություն է։

Միաժամանակ նա ավելացրել է, որ ղարաբաղցիներից ոչ մեկը չի խլել եւ նրանք էլ չեն կորցրել իրենց մեծ հույսը «միավորվելու իրենց ժողովրդի, իրենց երկրի հետ»։ «Բայց այս փուլում Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակումը ժամանակի պահանջն էր», - ասել է դեսպանը` նշելով, թե շատերը կարող են հեգնանքով վերաբերել այսպիսի հայտարարությանը, բայց դա փոխզիջումային որոշում էր:

«Այդ հանրապետությունը կարող էր լինել ոչ միայն հայերի, այլեւ ադրբեջանցիների հանրապետությունը, որոնք այդ ժամանակ բնակվում էին այնտեղ», - ասել է նա։

Անդրադառնալով հաղորդավարի ձեւակերպմամբ` Ղարաբաղի հսկողության տակ գտնվող ադրբեջանական տարածքների հարցին` Օլեգ Եսայանն ասել է, թե այսօր անհնարին է համաձայնության հասնել ու լուծել մեկ առանձին հարց։ Չնայած լուծումները ստիպված «արվելու են հերթականությամբ», բայց բոլորի շուրջ, ամեն ինչի մասին «պետք է պայմանավորվել ու համալիր որոշումներ ընդունել»։

«Հայաստանը գտնում էր եւ գտնում է, որ բանակցություններում հիմնական հարցը Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշումն է։ Երկրորդ», - շարադրում է նա, - «բանակցային գործընթացը չի կարող վերադառնալ մեկնարկային կետ, ամեն ինչ նորից սկսել»։

«Մեզ համար առաջնահերթ է այդ ժողովրդի ինքնորոշման իրավունքը», - հայտարարել է Օլեգ Եսայանը։

Զրույցը վարել է «Էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Բենեդիկտովը: Հիշեցնելով, որ Օլեգ Եսայանը եղել է Ղարաբաղի վարչապետ, այնուհետեւ խորհրդարանի նախագահ` նա հարցում է, թե Եսայանը ինչ ճանապարհ է տեսնում հակամարտության կարգավորման համար։

Օլեգ Եսայանը խորը համոզմունք է հայտնում, որ ռազմական ճանապարհով հարցի լուծում պարզապես չկա։ Նա ընդգծում է, որ խաղաղ կարգավորման այլընտրանք պարզապես գոյություն չունի եւ ասում է, թե «լավատես է, որ հարցը կլուծվի բանակցությունների միջոցով»։

Անդրադառնալով բանակցային գործընթացում Ղարաբաղի բացակայությանը` Օլեգ Եսայանը հարց է բարձրացրել, թե արդյոք Ղարաբաղը իր վրա պատասխանատվություն կվերցնի կատարելու այս կամ այն հանձնառությունը, որոշումը, որի քննարկումներին, որի ընդունմանը Ղարաբաղը չի մասնակցել։ «Իհարկե չի կարող», - շեշտադրել է Օլեգ Եսայանը` ասելով, թե դրա համար էլ հայկական կողմը պնդում է բանակցություններին որպես լիարժեք կողմ Ղարաբաղի իշխանությունների ու ներկայացուցիչների մասնակցության անհրաժեշտությունը։

Հաղորդավարը, հարցնելով ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի առաջիկա այցի մասին, հիշեցնում է, որ Հայաստանում Իրանի դեսպանը վերջերս ասել է, թե Իրանը թույլ չի տա ամերիկացի խաղաղապահների տեղակայումը Ղարաբաղի հակամարտության գոտում, մասնավորապես` Ֆիզուլիի շրջանում։

Օլեգ Եսայանն ասել է, թե նախկինում էլ մամուլում հանդիպել է նման լուրերի, թե իբր ամերիկացի խաղաղապահները տեղակայվելու են Ֆիզուլիի շրջանում, իսկ ռուսական ուժերը՝ Քելբաջարում։ Բայց նա նշում է` քանի որ ո'չ միջնորդները, ո'չ բանակցող կողմերը հրապարակավ հայտարարություն չեն արել հակամարտության շրջանում խաղաղապահների տեղակայման մասին, այդ հարցի շուրջ մեկնաբանություններ անելը վաղ է ու ժամանակավրեպ:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG