Մատչելիության հղումներ

Վահան Հովհաննիսյանը «շոշափելի է» համարում հայկական կողմից ակնկալվող զիջումը


Հայ Յեղափոխական Դաշնակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը չորեքշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը փաստարկներ ներկայացրեց, թե ինչու է Դաշնակցությունը դեմ ԱՄՆ-ի, Ռուսաստանի ու Ֆրանսիայի նախագահների վերջին հայտարարության մեջ տեղ գտած դրույթներին:

«Այն զիջումը, որ անկնկալվում է հայկական կողմից, շոշափելի է` դա տարածք է, որն ի վերջո պատահական չի ազատագրվել: Ենթադրենք անվտանգության այդ գոտին Ղարաբաղի շուրջ չլիներ, ուրեմն բոլոր այն հարձակումները, որը կատարում է Ադրբեջանը, կկատարվեին ուղղակի հայկական գյուղերի վրա, եւ զոհերը կդառնային խաղաղ բնակիչները», - հայտարարեց նա: - «Այդ անվտանգության գոտին անհրաժեշտ է: Մեզ կարող են ասել` բայց եթե անվտանգության գոտին զիջեք, Ղարաբաղը պայմանագիր կունենա Ադրբեջանի հետ, եւ Ադրբեջանը այլեւս հարձակումներ չի գործի: Ո՞վ ասաց: Պայմանագիր այսօր էլ կա, պահո՞ւմ է ադրբեջանցիներին հեռու հարձակումներից: Ոչ»:

«Մեզնից պահանջում են անհապաղ հանձնել անվտանգության գոտին, բայց դիմացը առաջարկում են հեռավոր, մշուշոտ մի հեռանկար», - շարունակեց Հովհաննիսյանը:

«[Եթե Կրեմլի պաշտոնական կայքէջում տեղադրված հայտարարության ռուսերեն տարբերակում] գրված է, որ Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի նրա բնակչության կամարտահայտության արդյունքում, ապա անգլերեն տարբերակում, որը բնօրինակն է, ասված է [ընդամենը] կամարտահայտության միջոցով»,- նշեց բանախոսը` պնդելով. - «Չի գրված` ում կամարտահայտության, չի գրված` Լեռնային Ղարաբաղի հանրապետության բնակչության… Ադրբեջանը կարող է սա մեկնաբանել իր օգտին: Ադրբեջանի սահմանադրությունը ասում է, որ նման տարածքային փոփոխությունը կարող է տեղի ունենալ միայն ամբողջ հանրապետության տարածքում իրականացված ռեֆերենդումի արդյունքում»:

Վահան Հովհաննիսյանը կասկած հայտնեց, թե ռազմական գործողությունների վերսկսման պարագայում միջազգային հանրությունը կկարողանա ժամանակին եւ համահունչ արձագանքել` կոչ անելով հաշվի առնել միայն սեփական ուժերը. - «ՀԱՊԿ-ը [Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն], օրինակ, ապացուցեց, թե որքանով գործունյա կառույց է Կիրգիզիայի օրինակի վրա: ՆԱՏՕ-ն ռեգիոնում դա Թուրքիան է, եւ մեզ համար ընդունելի չէ որեւէ միջամտություն: Ռուսաստանը, որպես կանոն, մի քանի օրով ուշանում է նման դեպքերում»:

Հարցին, թե ղարաբաղյան բանակցային գործընթացի հետ կապված շարունակելով քննադատել իշխանություններին` դարձյա՞լ պահանջելու են միայն արտգործնախարարի հրաժարականը, Հովհաննիսյանը արձագանքեց. - «Բոլոր նրանք, ովքեր իրենց քաղաքական ակտիվությունը փորձում են հիմնավորել, թե` այ, մենք պահանջում ենք Սերժ Սարգսյանի հրաժարականը, ուրեմն մենք իսկական օպոզիցիա ենք, դա ապուշություն է: Պարոն Գեղայանը հիշո՞ւմ եք, ինչքան էր պահանջում, Ստեփանը Դեմիրճյանը: Արթուր Բաղդասարյանը ռելսերին էր պառկում, ինքնազոհության էր գնում: Ո՞ւր են իրենք հիմա… Ապուշություն է հավատալ, որ այդ պահանջով միայն կարող ես ինչ-որ բանի հասնել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG