Մատչելիության հղումներ

Ֆիլիպ Գորդոն. «Ղարաբաղի հարցը պետք է լուծում ստանա»


Ֆիլիպ Գորդոն
Ֆիլիպ Գորդոն

«Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լուծում ստանա», - երեքշաբթի օրը Վաշինգտոնում կայացած ճեպազրույցում եւս մեկ անգամ շեշտել է Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնը` անդրադառնալով պետքարտուղար Հիլարի Քլինթոնի առաջիկա այցին Արեւելյան Եվրոպայի եւ Հարավային Կովկասի երկրներ:

«Բռնության վերջին դեպքերն էլ ցույց տվեցին, որ կայունությունը չենք կարող համարել ինքնին ենթադրելի երեւույթ: Պետքարտուղարի այցի նպատակներից մեկը երկու կողմերի հետ` Հայաստանի ու Ադրբեջանի, քննարկելն է` ինչպես կարելի է հարցը առաջ մղել», - ասել է ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը:

Լրագրողի հարցին ի պատասխան անդրադառնալով ղարաբաղա - ադրբեջանական շփման գոտում տեղի ունեցած միջադեպին, որը հայկական կողմից 4, ադրբեջանականից` 1 զինվորի կյանք խլեց, Գորդոնը նկատել է. - «Գործընթացը ձգձգվեց ավելի, քան կցանկանայինք: Եվ այս կամ այն չափով բռնության ժայթքումը մեզ շատ է անհանգստացնում»:

Նա նշել է, որ պետքարտուղարը երկու երկրներում էլ հնարավորություն կունենա ընդգծել այն, ինչ երեք նախագահներն ասել են Տորոնտոյում:

Հունիսի 26-ին ԱՄՆ-ի, Ռուսաստանի ու Ֆրանսիայի նախագահները Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ համատեղ հայտարարություն են ընդունել, որտեղ կոչ են անում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին արագացնել աշխատանքները հակամարտության կարգավորման սկզբունքների շուրջ եւ անցնել խաղաղության համաձայնագրի կնքմանը:

Ամերիկյան կողմը կարեւորում է այդ հայտարարությունում առկա բոլոր սկզբունքները, փոխանցել է Գորդոնը:

Անդրադառնալով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի` ուժի չկիրառման համաձայնագիր ստորագրելու վերաբերյալ Ադրբեջանին արված առաջարկին, ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալը նշել է, թե երկու կողմերն էլ բավական հստակ արտահայտել են իրենց հավատարմությունը Հելսինկյան սկզբունքներին, որոնցից առաջինը հենց ուժի կամ դրա գործադրման սպառնալիքի կիրառումից հրաժարվելն է:

Ֆիլիպ Գորդոնի խոսքերով` հայաստանյան հանդիպումների ժամանակ Քլինթոնը չի շրջանցի նաեւ հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման թեման:

«Ինչպես գիտեք, մենք սատարել ենք [հայ - թուրքական] արձանագրությունները, պետքարտուղար Քլինթոնը անցած տարվա հոկտեմբերին Ցյուրիխում մասնակցեց դրանց ստորագրման արարողությանը, քանի որ մենք կարծում ենք, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորումը լավ կլինի Թուրքիայի համար, լավ կլինի Հայաստանի համար եւ լավ կլինի տարածաշրջանային իրավիճակի համար», - ասել է ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը:

«Այդ արձանագրությունները վավերացված չեն: Ինչպես գիտեք, նախագահ Սարգսյանը անցած գարնանը հայտարարեց, որ կասեցնում է դրանց վավերացումը, սակայն երբ թուրք գործընկերը պատրաստ լինի առաջ շարժվել վավերացման հարցում, Հայաստանը նույնպես պատրաստ կլինի», - նշել է Գորդոնը` հավելելով. - «Հետեւաբար, սա մի հնարավորություն կլինի, որպեսզի պետքարտուղարը խոսի նախագահ Սարգսյանի եւ հայերի հետ այն մասին, թե ինչպես են իրենք տեսնում այդ իրավիճակը»:

«Մենք շարունակում ենք հավատալ, որ լավ կլինի, եթե արձանագրությունները վավերացվեն ու իրականացվեն, եւ բացվի Թուրքիայի հետ սահմանը, ինչից կշահեն թե' Հայաստանը եւ թե' Թուրքիան», - ասել է պետքարտուղարի տեղակալը:

Հիլարի Քլինթոնը իր շրջագայությունը կսկսի հինգշաբթի օրը` Ուկրաինայից: Նա Հայաստանում կլինի հուլիսի 4-5-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG