Մատչելիության հղումներ

logo-print

Նախագահների հայտարարությունը «ամբողջովին բավարարում է Ադրբեջանին»


Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի պետ Ալի Հասանով

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի պետ Ալի Հասանով

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբում համանախագահող երեք երկրների նախագահների հայտարարությունը` Մեծ ութնյակի գագաթնաժողովի շրջանակներում, ամբողջովին բավարարում է Ադրբեջանին: Այդ մասին չորեքշաբթի օրը Բաքվում հայտարարել է նախագահ Իլհամ Ալիեւի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի պետ Ալի Հասանովը։

«Հայտարարությունը գոհացնում է Բաքվին», - ասել է ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյան եւ մանրամասնել. - «Նախ, եռանախագահող բոլոր երկրները ընդունում են ադրբեջանական տարածքների օկուպացիայի փաստը։ Բացի այդ, հայտարարությունը պահանջում է դուրս բերել հայկական ուժերը ադրբեջանական գրավյալ տարածքներից, ինչպես նաեւ արտահայտում է այդ երկրների ցանկությունը` հակամարտությունը կարգավորելու վերաբերյալ»։

Հայտարարությունը կարեւորել եւ բարձր է գնահատել նաեւ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը։ «Օկուպացիան`
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարով
օկուպացիա է, եւ բոլորն են դա ընդունում», - երեքշաբթի երեկոյան Բեռլինում` Բունդեսթագի պատգամավորների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Մամեդյարովը եւ ընդգծել. - «Եթե մենք ուզում ենք խաղաղության հասնել տարածաշրջանում, ապա պետք է այն կառուցենք միջազգային իրավունքի նորմերի հիման վրա»։

«Ադրբեջանը սկզբունքորեն տվել է իր համաձայնությունը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի միջնորդների առաջարկած` Մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակին», - հայտարարել է Մամեդյարովը եւ մանրամասնել. - «Փաստաթղթի հիմնական դրույթներն են. առաջին փուլում գրավյալ 7 շրջաններից 5-ի ազատագրումը, մնացած երկու շրջանները պետք է ազատվեն 5 տարի անց, տարածաշրջանում առկա հաղորդակցության միջոցների ապաշրջափակումը, այդ թվում օրակարգում կլինի նաեւ հայ - թուրքական սահմանի բացումը, վերականգնողական աշխատանքների անցկացումը, փախստականների վերադարձը իրենց բնակավայրեր, միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայումը` բնակչության անվտանգությունը երաշխավորելու նպատակով, Լեռնային Ղարաբաղին միջանկյալ կարգավիճակի տրամադրումը` ընդարձակ ինքակառավարմամբ։ Եվ միայն այս ամենի ավարտին` կողմերի միջեւ վստահությունը վերականգնելուց հետո, հնարավոր կլինի խաղաղ մթնոլորտում քննարկել Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը», - ընդգծել է Ադրբեջանի արտգործնախարարը։

«Հակամարտության կարգավորման ուղղությամբ իմ լավատեսությունը կմեծանա, եթե մենք հասկանանք, թե ինչ են ուզում հայերը։ Եթե նրանք ուզում են բռնակցել Ղարաբաղը, ապա դա բացառված է։ Եթե շարունակեն պնդել այդ շրջանի անկախության շուրջ, ապա դա էլ է ինձ անհնարին թվում», - հայտարարել է Մամեդյարովը։

Հայաստանյան լրատվամիջոցների խնդրանքով մեկնաբանելով ադրբեջանցի պաշտոնակցի հայտարարությունը` Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, մասնավորապես, ասել է. - «Պարոն Մամեդյարովի պնդումը, թե օկուպացիան` օկուպացիա է, իհարկե ճիշտ է, ինչը ենթադրում է, որ Ադրբեջանը պետք է դուրս բերի իր զինված ուժերը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օկուպացված տարածքներից: Ճիշտ է նաեւ, որ բացառվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անեքսիան
Շավարշ Քոչարյան
Ադրբեջանի կողմից, ինչը ապացուցեց Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմում»:

«Ողջունելի է այն պնդումը, որ խաղաղությունը պետք է հիմնվի միջազգային իրավունքի վրա: Հուսով եմ, որ Ադրբեջանի արտգործնախարարը չի մոռացել, որ միջազգային իրավունքի հիմնարար դրույթներից մեկը, որը հանդիսանում է ՄԱԿ-ի նպատակը` ժողովուրդների իրավահավասարությունը եւ ինքնորոշումն է: Եթե նույնիսկ մոռացել է, ապա Մուսկոկայի [ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահների] հայտարարությունը հիշեցում է նրան եւ նրա ղեկավարներին, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշում են ոչ թե իրենք, այլ Արցախի ժողովուրդը իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտությամբ», - ասել է Շավարշ Քոչարյանը արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության տարածած մեկնաբանություններում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG