Մատչելիության հղումներ

Freedom House. «ԱՊՀ-ի բնակչության 80 տոկոսը ապրում է ավտորիտարիզմի պայմաններում»


ԱՊՀ-ի խորհրդանիշը
ԱՊՀ-ի խորհրդանիշը

Անցումային երկրների վերաբերյալ Freedom House իրավապաշտպան կազմակերպության վերջին զեկույցի համաձայն, ԱՊՀ-ի տարածքում բնակչության 80 տոկոսը` շուրջ 220 միլիոն մարդ, շարունակում է ապրել ավտորիտար վարչախմբերի իշխանավարության տակ` իրական ժողովրդավարության բացակայության պայմաններում:

«Ամենաակնհայտը այս առումով Ռուսաստանի շարունակաբար արձանագրվող անկումն է», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Freedom House-ի հետազոտությունների գծով տնօրեն Քրիս Ուոքերը եւ ընդգծել. - «Այդ երկրում մարդու իրավունքների պաշտպանության վիճակը գնալով վատթարանում է»:

Զեկույցում վերջին տասնամյակը բնորոշվում է որպես Պուտին - Մեդվեդեւի ղեկավարման ժամանակաշրջան:

«Ակնհայտորեն, սա մի շրջան էր, որի ընթացքում խարխլվեցին վստահությունն ու թափանցիկությունը ապահովող ժողովրդավարական ինստիտուտները, եւ այս միտումը արձանագրվեց թե' տնտեսական անկման, թե' վերելքի ժամանակ», - ընդգծել է Ուոքերը:

Ժողովրդավարական կառավարման ուղղությամբ Ռուսաստանի արձանագրած հետընթացը, ըստ փորձագետների, բացասաբար է անդրադառնում եւ վարակիչ օրինակ ծառայում նաեւ նախկին Խորհրդային Միության մյուս երկրների համար:

«Կոմունիզմը տապալելուց շուրջ երկու տասնամյակ անց` այսօր էլ այս երկրների ղեկավարները ընդդիմադիրներին ճնշելու համար գործի են դնում անվտանգության ուժերը, իրենց ենթարկվող դատարաններն ու վերահսկվող լրատվամիջոցները», - ընդգծում է Freedom House-ը:

Այս առումով նախկին Խորհրդային Միության երկրներից, ըստ հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպության, վերջին տասնամյակում առանձնացել են միայն Վրաստանն ու Ուկրաինան:

«Մի տարածաշրջանում, որտեղ լրատվամիջոցների, քաղաքացիական հասարակության ու ընտրական ոլորտներում շարունակական անկում էր արձանագրվում, Ուկրաինան դրականորեն առանձնանում էր իր բարեփոխումներով, եւ այժմ անհրաժեշտ է, որ միջազգային հանրությունը ուշադրության կենտրոնում պահի այդ ոլորտները», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է հետազոտության համահեղինակ Ուոքերը:

Վրաստանից եւ Ուկրաինայից հետո համեմատաբար շահեկան դիրքերում են Հայաստանն ու Մոլդովան, որոնք Freedom House-ի զեկույցում բնորոշվում են որպես «կիսաավտորիտար» համակարգ ունեցող երկրներ:

Վերլուծելով Հայաստանում 2009 թվականին արձանագրված իրադարձությունները` կազմակերպությունը փաստել է, որ ժողովրդավարության կայացման համար կարեւոր 9 ոլորտներից եւ ոչ մեկում իշխանությունները նախորդ տարի առաջընթաց չեն արձանագրել, բայց եւ չեն զիջել դիրքերը:

Նախկին Խորհրդային Միության տարածքի մյուս 8 պետությունները բնորոշվում են որպես ավտորիտար համակարգ ունեցող երկրներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG