Մատչելիության հղումներ

ՖԻՖԱ-ի նախագահը` սկանդալի կենտրոնում


ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատեր
ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատեր

Վատ կազմակերպվածության, ինչպես նաեւ կուլիսներում կնքված մի շարք գործարքների պատճառով ֆուտբոլի հազարավոր երկրպագուներ այդպես էլ չկարողացան ժամանել Հարավ-Աֆրիկյան Հանրապետություն, հայտարարում է հեղինակավոր Newsweek ամսագիրը` դրա համար մեղադրելով ՖԻՖԱ-ի ղեկավար Զեպ Բլատերին:

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունից ամիսներ առաջ ՖԻՖԱ-ն վիճահարույց գործարք է կնքել MATCH Services AG ընկերության հետ, որի ղեկավարներից մեկը Ֆիլիպ Բլատերն է` Զեպ Բլատերի զարմիկը: Վերջինիս պատկանող ընկերությունը սկսել է խաղերից առաջ նախօրոք պատվիրել Հարավային Աֆրիկայի հյուրանոցային համարներն ու իջեւանատները` կես միլիոն այցելուների համար: Արդյունքում, գները արհեստականորեն աճել են` սկզբում կրկնապատկվել են, ապա` եռապատկվել ու տասնապատկվել:

«Մեկ գիշերվա համար սովորաբար 70 դոլար պահանջող իջեւանատներից մեկը նույն ծառայության համար հիմա ինձնից 2 հազար դոլար է պահանջում», - գրում է լրագրողն ու ընդգծում. - «Արդյունքում, բազմաթիվ ֆուտբոլային երկրպագուներ, որոնք առանց այդ էլ հսկայական գին են վճարում հարավային Աֆրիկա հասնելու համար, ստիպված եղան վերջին պահին հրաժարվել խաղերին տեղում հետեւելու ցանկությունից: Այդ էին վկայում ոչ միայն առաջին խաղերի կիսադատարկ տրիբունաները, այլեւ առաջնության շուրջ ինտերնետում կազմակերպված քննարկումները»:

«Երկրպագուներից մեկը ՖԻՖԱ-ն բնորոշել է որպես կազմակերպված հանցագործների անկազմակերպ ակումբ, շատերն էլ քննարկում են ՖԻՖԱ-ի դեմ դատարան միասնական հայց ներկայացնելու հնարավորությունը», - գրում է Newsweek-ը եւ ընդգծում. - «Հարավային Աֆրիկան, որը առաջնությունը կազմակերպելու եւ հավելյալ մարզադաշտեր կառուցելու համար շուրջ 4 միլիարդ դոլար էր ծախսել, ՖԻՖԱ-ի որոշումների արդյունքում զրկվեց հազարավոր երկրպագուներից, մինչդեռ ՖԻՖԱ-ն, որ միայն առաջնության հեռարձակման միջոցով ավելի քան 2.5 միլիարդ դոլար է աշխատում, առատաձեռնությամբ առանձնապես չի փայլում»:

Նախօրեին, ըստ Newsweek-ի, Հարավ-Աֆրիկյան Հանրապետության մի շարք մարզադաշտերի անվտանգության ծառայության աշխատակիցներ գործադուլ են հայտարարել` պնդելով, թե ՖԻՖԱ-ն 12-ժամյա աշխատանքի համար խոստացած 65 դոլարի փոխարեն վճարել է ընդամենը 25 դոլար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG