Մատչելիության հղումներ

«Դոկտոր մահը» վախենում է մահվանից


Ջեք Գեւորգյանը Միչիգան նահանգի Օքլենդի շրջանային դատարանի դահլիճում, մարտ, 1999թ.

Ջեք Գեւորգյանը Միչիգան նահանգի Օքլենդի շրջանային դատարանի դահլիճում, մարտ, 1999թ.

Ամերիկահայ բժիշկ Ջեք Գեւորգյանը, ով հայտնի է որպես «Դոկտոր մահ», HBO հեռուստաընկերության նոր վավերագրական ֆիլմի հերոսն է դարձել:

«Ռոյթերզ» լրատվական գործակալության փոխանցմամբ` 90-րոպեանոց «Գեւորգյան» ֆիլմը, որի պրեմիերան տվյալ հեռուստաալիքով կայացել է երկուշաբթի օրը, ներկայացնում է 82-ամյա բժշկի կենսագրությունը, այդ թվում բանտում անցկացրած 8.5 տարիները, 2008 թվականի ընտրարշավը Կոնգրեսի թափուր տեղի համար, նրա խոհերը կյանքի եւ մահվան մասին, հարցազրույցներ Գեւորգյանի ընտանիքի անդամների, գործընկերների եւ նույնիսկ նախկին խցակիցների հետ:

«Դոկտոր մահը», ով օգնել է կյանքից հեռանալ 130 ծանր հիվանդների, խոստովանում է, որ վախենում է մահվանից:

«Կարծում եմ, ես վախենում եմ մեռնելուց` ինչպես եւ բոլորը», - «Ռոյթերզ» հեռուստատեսությանը ասել է Գեւորգյանը, միաժամանակ հավելելով, որ դրա պատճառը իր հարմարավետ կյանքն է:

«Դոկտոր մահի» իր համբավի վերաբերյալ հարցին Գեւորգյանը արձագանքել է. - «Ենթադրում եմ, որ եթե ասեին «Դոկտոր կյանք», մարդկանց դա դուր կգար»:

«Մարդկանց սովորեցրել են, որ կյանքը հիասքանչ շնորհ է: Անշուշտ, եթե դուք առողջ եք, լավ եք սնվում, աշխատանք ունեք: Բայց հարցրեք Դարֆուրում կամ Աֆղանստանում որեւէ մեկին` արդյո՞ք նա համարում է, որ կյանքը պարգեւ է: Շատերը չէին համաձայնի մեր ասածին», - նշել է «Դոկտոր մահը»:

«Եթե մենք օգնում ենք մարդկանց աշխարհ գալ, ինչո՞ւ չենք կարող օգնել նրանց հեռանալ աշխարհից», - ընդգծել է Ջեք Գեւորգյանը:

Ամերիկահայ բժիշկը ասել է, որ չի ափսոսում որեւէ բանի, նույնիսկ 1998 թվականին անբուժելի հիվանդ Թոմաս Յուկի «երկրորդ աստիճանի սպանության» մեղադրանքով ազատազրկման դատապարտվելու համար:

Նշելով, թե ազատազրկման մեջ որոշ պահեր իր համար տանջանք էին, «Դոկտոր մահը» հավելել է. - «Ի՞նչն է ամենաանտանելին բանտում` խռմփոց լսելը»:

Երկու ամիս առաջ ամերիկյան նույն հեռուստաալիքը հեռարձակել էր Գեւորգյանի մասին «Դուք չգիտեք Ջեքին» ֆիլմը, որի գլխավոր դերը մարմնավորում է աշխարհահռչակ դերասան Ալ Պաչինոն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG