Մատչելիության հղումներ

logo-print

Հունիսի 29-ի մամուլ


Լեռնային Ղարաբաղի նախագահի լրատվամիջոցների եւ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Դավիթ Բաբայանը «Հայոց Աշխարհ»-ին ասել է. - «Փաստորեն կարգավորման գործընթացում սկսվում է մի նոր փուլ, երբ Մադրիդյան սկզբունքների էջը փակվում է, եւ շրջանառության մեջ են դրվում նոր մոտեցումներ` ի դեմս «պետերբուրգյան սկզբունքների»։ Իհարկե, դեռեւս վաղ է ասել` ինչի դա կհանգեցնի, մի բան պարզ է` հունիսի 26-ի հայտարարության ամենակարեւոր բաղադրիչն այն է, որ պատերազմական գործողություններն անթույլատրելի են համարվում բոլորի համար»։

«Առավոտ»-ի խմբագրի դիտարկմամբ, ադրբեջանական եւ հայկական կոմերը միանգամայն յուրովի են մեկնաբանում ԵԱՀԿ-ում համանախագահող երկրների հայտնի հայտարարությունը: Տրվում է երկու տեսակի մեկնաբանություն` «ներքին» եւ «արտաքին» սպառման համար: Խմբագրականը նախ անդրադառնում է ներքին սպառման արձագանքներին. - «Հայաստանի իշխանությունը ասում է, որ այդ փաստաթղթով Ղարաբաղը կարող է անկախություն ստանալ: Ընդդիմությունն ասում է, որ դա հերթական դիվանագիտական պարտությունն է, որովհետեւ մեզ ճնշում են: Ադրբեջանն էլ պնդում է, որ այս հայտարարությամբ Ղարաբաղը սկուտեղի վրա վերադարձվում է իրեն, եւ մնում է, որ Հայաստանն «այնքան կառուցողական գտնվի», որ այդ նվերն իրենց անի»:

Արտաքին սպառման մեկնաբանություններին անդրադառնալով` «Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Տրամաբանական է ենթադրել, որ ասվում է հենց այն, ինչ ֆիքսել են համանախագահ երկրների ղեկավարները. Լեռնային Ղարաբաղը շրջապատող տարածքների վերադարձ, միջանկյալ կարգավիճակ, ինքնակառավարում, միջանցք, կամարտահայտություն, փախստականների վերադառնալու իրավունք, անվտանգության միջազգային երաշխիքներ: Կողմերը, հավանաբար, հենց սա են ասում «արտաքին սպառման համար», իսկ հետո իրենց ժողովուրդների ուղեղները լվալու նպատակով այդ սկզբունքները մատուցում են այնպես, ինչպես հարմար է»:

Արամ Աբրահամյանը եզրակացնում է - «Հենց սկզբից հարց է առաջանում. այդ քայլերը արվելու են հենց ա՞յս հերթականությամբ, թե՞ սա պարզապես միջոցառումների ցանկ է: Եթե դա քայլերի հերթականություն է, ապա թե' երեք երկրների ղեկավարները եւ թե' բանակցող կողմերը ընկել են պատրանքների հետեւից կամ գուցե անկեղծ չեն իրենց «խաղաղասիրական» ձգտումներում: Բանն այն է, որ առաջին քայլից` «Ղարաբաղը շրջապատող տարածքների վերադարձից» հետո, երկրորդ, երրորդ եւ մնացած քայլերը պարզապես չեն իրականացվի` Ադրբեջանը կհարձակվի Ղարաբաղի վրա, եւ կսկսվի պատերազմ: Հիմ ա միջնորդները եւ երկու կողմերի դիվանագետները ի՞նչ են ուզում` հարցի կարգավորո՞ւմ, թե՞ պատերազմ»:

Նույն հայտարարությանն է անդրադառնում նաեւ «Հայկական ժամանակ»-ի խմբագիրը` գնահատելով. - «Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ինչ-որ լավատեսական երանգներ է նկատել այդ հայտարարության մեջ, որն իբր ապագա է խոստանում Լեռնային Ղարաբաղին: Մինչդեռ տառերի գոնե մեծամասնության հետ ծանոթ ցանկացած ոք, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների հայտարարության բովանդակությանը ծանոթանալով, կարող է միայն մի եզրակացության հանգել. այդ փաստաթղթի մեջ որոշակի է միայն «օկուպացված» տարածքները Ադրբեջանին վերադարձնելու պահանջը: Մնացածը, եթե նույնիսկ այդ մնացածի մեջ լավատեսական երանգներ տեսնենք, ընդամենը լոլո է, ընդամենը` ջուրծեծոցի: Եվ այս լոլոյի մեջ եղած շատ թե քիչ որոշակի միակ դրույթը` փախստականների վերադարձը, է՛լ ավելի անորոշ է դարձնում Լեռնային Ղարաբաղի ապագան»:

«Հրապարակ» թերթի խմբագրականում կարդում ենք. - «Թեեւ բոլորը հասկանում են, որ Հայաստանում դեռ մի 100 տարի նորմալ ընտրություն չի լինելու, սակայն նախընտրական պայքարը մեզանում ընթանում է խաղի բոլոր կանոնների պահպանմամբ։ Մարզային այցելություններ, գրասենյակների բացումներ, զանգվածային անդամագրումներ, բարեգործական եւ տարաբնույթ միջոցառումներ եւ դրանց հնարավորինս լայն լուսաբանում։ Ընտրություններին ավելի մոտ շրջանում նաեւ տարբեր PR ակցիաներ, որոնց մեջ մտնում են բերնեբերան տարածվող կեղծ լուրերն ու տպավորություն ստեղծելուն ուղղված միջոցառումները։ Եթե այս կոնտեքստում նայենք, ապա պայքարի ստարտն արդեն իսկ տրված է։ Բավական է մի երեկո մեկ կամ երկու ժամ անցկացնել հեռուստացույցի առաջ՝ պուլտը ձեռքիդ, պտտվել բոլոր ալիքներով, որ համոզվեք՝ լուրջ հավակնություններ ունեցող անձինք եւ ուժերն արդեն իսկ մրցավազքի մեջ են»։

Նույն թեմայով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG