Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահի մրցանակ` «Ինտել» կորպորացիայի նախկին ղեկավարին


Սերժ Սարգսյանը Քրեյգ Բարեթին է հանձնում Հայաստանի Նախագահի մրցանակը, Երեւան, 28-ը հունիսի, 2010թ.
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Նախագահի 2009 թվականի մրցանակը շնորհվել է «Ինտել» կորպորացիայի տնօրենների խորհրդի նախկին նախագահ Քրեյգ Բարեթին:

Այսօր նախագահական նստավայրում կայացած արարողության ժամանակ հանձնելով մրցանակը` Սերժ Սարգսյանը, մասնավորապես, ասել է. - «Այս մրցանակը Հայաստանի Հանրապետության համեստ ներդրումն է համաշխարհային մակարդակով տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման գործում: Սրանով մենք պատվում ենք դոկտոր Բարեթին եւ գնահատում «Ինտել» կորպորացիայի ներդրումը բարձր տեխնոլոգիաներն ու գիտելիքն աշխարհի բոլոր կողմերը հասցնելու գործում»:

«Այս մրցանակի ստեղծման ամենակարեւոր նպատակը տեղեկատվական տեխնոլոգիաների հանդեպ Հայաստանի երիտասարդության ուշադրությունը հրավիրելն է: Մենք խրախուսելու ենք նրանց ուսումն ու աշխատանքն այս ոլորտում, որոնելու եւ գտնելու ենք դրա համար անհրաժեշտ նոր ուղիներ եւ միջոցներ», - հայտարարել է նախագահը:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանը ընդգծել է, որ հայ ժողովուրդը ունի «տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի համար ամենաանհրաժեշտ կապիտալը` միտքն ու տաղանդը». - «Այս բնագավառում մենք ունենք զարգացման անսպառ ներուժ»:

«Պարոն Բարեթին ներկայացնելիս մարդիկ հաճախ են նրան բնորոշում որպես աշխարհում ուսման բարելավման առաջավոր պաշտպան` մարդ, ով միշտ կարողացել է առաջ նայել ու պնդել, որ ապագան գիտելիքինն է: Սա է մեր ժամանակների գործարարի իմ տեսլականը: Ես ուզում եմ, որ Հայաստանի գործարարները խորհեն այս օրինակի շուրջ: Իմ ցանկությունն է, որ այսպիսին լինեն նաեւ մեր երկրի բոլոր ձեռներեցները», - ասել է նախագահը:

Քրեյգ Բարեթը, ստանալով մրցանակը, մասնավորապես, ասել է. - «Հաճելի է Հայաստանում գտնվել` դառնալով Ձեր մրցանակի առաջին կրողը: Ես այստեղ եմ ոչ թե որպես անհատ, այլ` ներկայացնում եմ հազարավոր մարդկանց, ովքեր տասնամյակների ընթացքում մեծ նպաստ են բերել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում առաջընթացի հարցում եւ հասցրել են դրանք ներկայիս վիճակին»:

Մրցանակի հանձնման արարողությունից հետո Սերժ Սարգսյանն առանձնազրույց է ունեցել Քրեյգ Բարեթի հետ, այնուհետեւ տեր եւ տիկին Բարեթների պատվին տրվել է ճաշ:

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Նախագահի մրցանակը հիմնվել է Սերժ Սարգսյանի 2009 թվականի հուլիսի 6-ի հրամանագրով: Մրցանակը բաղկացած է Հայաստանը եւ բարձր տեխնոլոգիաները խորհրդանշող ոսկե եւ ադամանդե մեդալից, դիպլոմից եւ հուշախորհրդանիշից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG