Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանցի փորձագետները մեկնաբանում են ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահների հայտարարությունը


Քաղաքագետ Դավիթ Հովհաննիսյանի գնահատմամբ, Բարաք Օբամայի, Դմիտրի Մեդվեդեւի եւ Նիկոլա Սարկոզիի` անցած շաբաթավերջին տարածած հայտարարությունը «ամենակտրուկն է» բարձր մակարդակով արված հայտարարությունների շարքում:

Քաղաքագետ Դավիթ Հովհաննիսյանի գնահատմամբ, Բարաք Օբամայի, Դմիտրի Մեդվեդեւ եւ Նիկոլա Սարկոզիի` անցած շաբաթավերջին տարածած հայտարարությունը «ամենակտրուկն է» բարձր մակարդակով արված հայտարարությունների շարքում:

«Հայտարարության մեջ մի շարք անտրամաբանական եւ անընդունելի դրույթներ եմ տեսնում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց նա: - «Նախ եւ առաջ, նշված չէ, որ վերջնական կարգավիճակը պետք է որոշի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը: Եվ երկրորդը` սպառնալիք եմ տեսնում. նշված է, որ խաղաղարար գործողությունների միջոցով հնարավոր է ստիպել որոշակի քայլերի: Սա տեքստում վերաբերում է փախստականներին ու միջազգային երաշխիքներին, բայց սա կարող է տարածվել ամենի ինչի վրա»:

Նրա համոզմամբ, հայտարարությունը բավականին լուրջ ազդեցություն կունենա հիմնախնդրի կարգավորման շուրջ հետագա բանակցությունների վրա, ուստի թե' Հայաստանի եւ թե' Լեռնային Ղարաբաղի իշխանություններն ու հասարակությունը պետք է անմիջապես «հստակ եւ միանշանակ» դիրքորոշում դրսեւորեն:

Բացի դրանից, ըստ Հովհաննիսյանի, հայտարարության մեջ «որեւէ բառ ասված չէ հիմնախնդրի միայն խաղաղ լուծման մասին», եւ «որեւէ կերպ հիշատակված չէ Չայլի գյուղի մոտ տեղի ունեցած իրադարձությունը, որը ուղղակի ռազմական սադրանք էր»:

Հունիսի 18-ի միջադեպին չանդրադառնալը երեք նախագահների հայտարարության հիմնական թերությունն է համարում նաեւ ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի երեւանյան գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:

«Կարծում եմ, շատ սխալ պատգամ է ուղարկվում Բաքվին` որ նման արարքները հանդուրժվում են, նույնիսկ անտեսվում են», - ասաց Մանոյանը:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանի մեկնաբանությամբ, մինչդեռ, կարեւոր չեն հայտարարության մեջ նշված մանրամասները, շատ ավելի կարեւոր են Ադրբեջանին Մինսկի խմբի շրջանակներում բանակցություններին վերադարձնելու ձգտումը, քանի որ «Մինսկի խումբը անհանգստացած է Ադրբեջանի վերջին ռազմական հարձակումներով»:

Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի կարծիքով, Մադրիդյան սկզբունքների հիման վրա Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի «երկարաժամկետ, խաղաղ լուծում հնարավոր չէ», ուստի հայկական կողմը պետք է «շատ հստակ կարողանա նոր նախաձեռնություններով եւ ձեւակերպումներով լրացնել այդ սկզբունքները»:

«Շատ կարեւոր է այստեղ հատկապես փախստականների հետ կապված խնդիրը», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց նա: - «Երկրորդ կարեւոր կետն այն է, որ Լեռնային Ղարաբաղ ասելով որեւէ մեկը որեւէ սահման չի կարողանում ուրվագծել: Ենթադրվում է, որ սա նախկին Լեռնային Ղարաբաղի ինքանավար մարզի սահմաններն են, բայց կարելի է ենթադրել նաեւ շատ այլ բաներ: Այս տեսանկյունից մենք լիարժեք կարող ենք տրամաբանական շեշտադրումների փոփոխություն նախաձեռնել»:

«Այլ հարց է` արդյո՞ք այսօրվա իշխանությունները եւ արտաքին քաղաքականությամբ զբաղվող պատասխանատուները ունակ են նման փոփոխություններ իրականացնելու: Իմ տպավորությունն այն է, որ դրա համար անհրաժեշտ փորձագիտական ռեսուրսը նրանք չունեն», - եզրափակեց Արման Մելիքյանը:
XS
SM
MD
LG