Մատչելիության հղումներ

Թուրքիան փակում է իր օդային տարածքը Իսրայելի համար


Թուրքիայի եւ Իսրայելի պետական դրոշները

Թուրքիայի եւ Իսրայելի պետական դրոշները

Պաշտոնական Անկարան որոշել է փակել Թուրքիայի օդային տարածքը իսրայելական ռազմաօդային ուժերին պատկանող ինքնաթիռների համար:

Կիրակի օրը Թել Ավիվում լույս տեսնող Yediot Ahronot թերթը տեղեկացրել է, որ թուրքական իշխանությունները արգելել են Իսրայելի պաշտպանության բանակին պատկանող տրանսպորտային ինքնաթիռներից մեկին մուտք գործել երկրի օդային տարածք: Այդ օդանավով իսրայելցի ավելի քան 100 զինվորականներ մեկնում էին Լեհաստան` Օսվենցիմում Հոլոքոսթի զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը մասնակցելու համար:

«Միջադեպից հետո Իսրայելի իշխանությունները պաշտոնական բողոքով հանդես չեն եկել` առանց այդ է լարված երկկողմ հարաբերությունները է'լ ավելի չսրելու համար», - գրում է Yediot Ahronot-ը:

Կանադայում գտնվող Ռեջեփ Էդողանը տեղական Toronto Star պարբերականին տված հարցազրույցում հաստատել է արգելքի փաստը` նշելով. - «Սա մեր պատասխանն է մայիսի 31-ին «Ազատության նավատորմիղի» դեմ Իսրայելի կողմից իրականացված հարձակմանը»:

Կառավարության այս որոշման մասին այլ մանրամասներ Թուրքիայի վարչապետը թերթին չի փոխանցել:

Թուրքական կառավարությանը մոտ կանգած անանուն աղբյուրը, սակայն, «Անադոլու» գործակալությանը տեղեկացրել է. - «Սա թռիչքների լիակատար արգելք չէ: Այն չի վերաբերում կոմերցիոն թռիչքներին, խոսքը միայն իսրայելական օդուժին պատկանող ինքնաթիռների մասին է: Այդ դեպքում էլ ամեն մի թռիչքի հարցը առանձին քննարկման առարկա է դառնալու»:

Թուրքական լրատվամիջոցները նաեւ չեն կարողացել պարզել, թե կառավարության կողմից սահմանված արգելքը որքան ժամանակ է ուժի մեջ լինելու:

Տորոնտոյում գտնվող վարչապետ Էրդողանն այս առթիվ նշել է, թե թուրքական կողմի պահանջները Իսրայելի կառավարությանը շարունակում են ուժի մեջ մնալ: Պաշտոնական Անկարան Իսրայելի կառավարությունից պահանջում է թույլատրել Գազայի ափերի մոտ տեղի ունեցած դեպքերի անկախ հետաքննություն, ինչպես նաեւ պաշտոնապես ներողություն խնդրել Թուրքիայից տեղի ունեցածի համար:

«Մենք չենք ուզում այս ամենը շուի վերածել: Թուրքիան համբերատար կերպով սպասելու է իրադրաձությունների հետագա զարգացմանը», - նշել է Էրդողանը:

Արեւմտյան լրատվամիջոցները, սակայն, նկատում են, որ իսրայելական օդանավի հետ տեղի ունեցած միջադեպն արձանագրվեց Էրդողանի եւ Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի միջեւ Տորոնտոյում կայացած հանդիպումից հաշվված ժամեր առաջ: Օբամա - Էրդողան հանդիպման գլխավոր թեմաներից մեկը հենց Իսրայելի եւ Թուրքիայի հարաբերություններում ծագած ճգնաժամն էր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG