Մատչելիության հղումներ

Հայաստանը բարձր է գնահատում երեք նախագահների հետեւողական ջանքերը


Էդվարդ Նալբանդյան
Էդվարդ Նալբանդյան
«Մենք բարձր ենք գնահատում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների` Ռուսաստանի, Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի նախագահների ցանկությունը եւ հետեւողական ջանքերը աջակցելու հակամարտության կողմերին` մոտեցնելու դիրքորոշումները եւ առաջ ընթանալու հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ», - ասել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` մեկնաբանելով Բարաք Օբամայի, Դմիտրի Մեդվեդեւի եւ Նիկոլա Սարկոզիի շաբաթ օրվա հայտարարությունը:

«Կարեւոր է, որ Կանադայում Մեծ ութնյակի գագաթաժողովի շրջանակներում արված հայտարարությունը, հղում կատարելով 2009 թվականի հուլիսի 10-ի Լ'Աքվիլայի հայտարարությանը կից մադրիդյան դրույթներին, կրկին վերահաստատում է այն սկզբունքները, որոնք Հայաստանը բազմիցս հայտարարել էր` որպես հիմնախնդրի կարգավորման հիմնարար սկզբունքներ: Դրանք են. Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի իրավական պարտադիր ուժ ունեցող Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքի արտահայտմամբ, ինչը նշանակում է` Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման ճանաչում, անխափան ցամաքային կապ պետք է լինի Հայաստանի եւ Արցախի միջեւ եւ պետք է ապահովվեն անվտանգության միջազգային երաշխիքներ», - կիրակի օրը Հանրային հեռուստաընկերության «Հայլուր» լրատվական ծրագրին տված մեկնաբանություններում ընդգծել է Հայաստանի արտգործնախարարը:

«Հայտարարության մեջ հիշատակված մադրիդյան առաջարկությունների տարրերը եւս մեկ անգամ հիշեցնում են Լ'Աքվիլայի հայտարարությանը կից մադրիդյան փաստաթղթի հրապարակված դրույթները: Իսկ Հայաստանը ավելի քան երկու տարի առաջ հայտարարել էր, որ ընդունում է, ճանաչում է մադրիդյան փաստաթուղթը որպես բանակցությունների հիմք», - նշել է Նալբանդյանը:

Համանախագահ երկրների ղեկավարները, ըստ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի, «փաստում են, որ 2007 թվականի մադրիդյան առաջարկությունների հիման վրա ընթացող բանակցություններում կարեւոր քայլ, եւս մեկ հանգրվան է գրանցվել, հատկապես ուղիղ 10 օր առաջ Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպմանը, որտեղ կողմերը արձանագրեցին այն, ինչին հասել են առ այսօր հանդիպումների արդյունքում, եւ պայմանավորվեցին շարունակել բանակցությունները հենց դրա հիման վրա»:

«Գալիք օրերը ցույց կտան, թե արդյոք Ադրբեջանը պատրաստ է շարժվել այդ ուղիով, թե շարունակելու է իր ռազմատենչ կեցվածքը` փորձելով ձախողել խաղաղ գործընթացը նոր սադրիչ եւ ապակառուցողական քայլերով», - ամփոփել է Էդվարդ Նալբանդյանը իր մեկնաբանությունները, որոնք տեղադրված են արտգործնախարարության պաշտոնական կայքէջում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG