Մատչելիության հղումներ

logo-print

ԵԽԽՎ-ն անընդունելի է համարում ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումները Ադրբեջանում


Ադրբեջանցի լրագրող Էյնուլա Ֆաթուլաեւը (կենտրոնում) դատարանում, Բաքու, 2-ը հունիսի, 2010թ.

Ադրբեջանցի լրագրող Էյնուլա Ֆաթուլաեւը (կենտրոնում) դատարանում, Բաքու, 2-ը հունիսի, 2010թ.

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ազատ արձակել անազատության մեջ գտնվող լրագրողներին` անընդունելի համարելով լրատվամիջոցների նկատմամբ ճնշումները երկրում:

«Ադրբեջանի ժողովրդավարական հաստատությունների գործունեության մասին» բանաձեւում, որը անցած շաբաթավերջին ընդունվել է ԵԽԽՎ-ի նստաշրջանում, Վեհաժողովը դատապարտում է լրագրողների ձերբակալությունների, ահաբեկման, ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքների դեպքերը:

Վեհաժողովը վկայակոչում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը ահաբեկչության մեղադրանքով 8.5 տարվա ազատազրկման դատապարտված լրագրող Էյնուլա Ֆաթուլաեւի բողոքի կապակցությամբ: Այս տարվա ապրիլին Եվրադատարանը եզրակացրել է, որ Ֆաթուլաեւին դատապարտելու որոշումը ապօրինի է եւ նա պետք է անհապաղ ազատ արձակվի, իսկ Ադրբեջանի կառավարությանը պարտավորեցրել է լրագրողին որպես փոխհատուցում վճարել 25 հազար եվրո: Ադրբեջանի իշխանությունները, սակայն, դեռ չեն կատարել Եվրադատարանի վճիռը:

Վեհաժողովը մտահոգություն է հայտնում երիտասարդ ակտիվիստներ, բլոգերներ Ադնան Հաջիզադեին եւ Էմին Միլիին խուլիգանության մեղադրանքներով համապատասխանաբար 2.5 եւ 2 տարի ազատազրկման դատապարտելու առնչությամբ: Իրավապաշտպանները Հաջիզադեին եւ Միլիին քաղբանտարկյալ են համարում:

ԵԽԽՎ-ի ընդունած բանաձեւում մտահոգություն է արտահայտված նաեւ «Թալիշների ձայն» թերթի գլխավոր խմբագիր Նովրուզալի Մամադովի մահվան առնչությամբ: Պետական դավաճանության մեղադրանքով 10 տարվա ազատազրկման դատապարտված 68-ամյա Մամադովը անցյալ տարվա օգոստոսին մահացել է բանտում:

Մեջբերելով Եվրախորհրդարանի դեկտեմբերի 17-ի զեկույցը, ըստ որի` զանգվածային լրատվամիջոցների ազատության հետ կապված իրավիճակը Ադրբեջանում վատացել է, Վեհաժողովը Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում ապաքրեականացնել զրպարտության համար պատասխանատվություն սահմանող հոդվածները, իսկ նոյեմբերին երկրում անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ` պայմաններ ստեղծել լրատվամիջոցներում բազմակարծության համար, հավաքների ազատության համար, բարեփոխել Ընտրական օրենսգիրքը:

«Առաջիկա խորհրդարանական ընտրությունները պետք է լիովին համապատասխանեն եվրոպական չափանիշներին», - ասված է Ադրբեջանի վերաբերյալ ԵԽԽՎ-ի ընդունած բանաձեւում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG