Մատչելիության հղումներ

«Եվրամիության հետ ասոցիացման համաձայնագրի կնքումը հնարավորություն կտա Հայաստանին շարունակել իր արդիականացումը»,- շաբաթ օրը «Ազատություն» ռադիոկայանին ասաց Բրյուսելում գործող «Հայաստանի եվրոպական բարեկամներ» կազմակերպության գլխավոր քարտուղար Մայքլ Քամբեկը:

Հուլիսից Եվրամիության եւ հարավկովկասյան երեք երկրների միջեւ բանակցություններ են սկսվելու, որոնց արդյունքում կնքվելու են ասոցիացման համաձայնագրեր:

«[Ասոցիացման համաձայնագրի ստորագրումը] շատ կոնկրետ օգուտներ կտա Հայաստանին: Օրինակ, այն իր հետ կբերի վիզային ռեժիմի թեթեւացում, իսկ հետագայում՝ այդ ռեժիմի ազատականացում, ինչը նշանակում է, որ Եվրոպա մեկնելիս դուք վիզայի կարիք չեք ունենա», - ասաց Քամբեկը՝ շարունակելով. - «Նման համաձայնագրի ստորագրումը Հայաստանին առավելություններ կտա առեւտրի ոլորտում, եւ ի վերջո՝ մենք կստանանք ազատ առեւտրի գոտու վերաբերյալ խորը եւ համապարփակ պայմանագիր»:

«Հայաստանի եվրոպական բարեկամներ» կազմակերպության գլխավոր քարտուղարը, սակայն, կարծում է, որ շատ բան կախված է Հայաստանում ժողովրդավարության գործընթացի հասունության աստիճանից։

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում գրանցված լարվածությունը լուրջ մտահոգություններ է առաջացրել Բրյուսելում ...
«Կարծում եմ` այս առումով հայաստանյան յուրաքանչյուր քաղաքական գործիչ ունի պատասխանատվության իր բաժինը», - ասում է Քամբեկը. - «Հարկավոր է, որ երկրում գրանցվի ժողովրդավարական առաջընթաց և կայունացում, ու այս ամենը կառավարության գործն է իհարկե, բայց ոչ միայն»:

Անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում գրանցված լարվածությանը՝ Մայքլ Քամբեկը, մասնավորապես, ասաց, որ տեղի ունեցածը լուրջ մտահոգություններ է առաջացրել Բրյուսելում։

«Այնտեղ համոզված են, որ ռազմական գործողությունների վերսկսումը կարող է լիովին նոր վիճակ ստեղծել տարածաշրջանում, երբ արդեն անիմաստ կդառնա հարավկովկասյան երկրների հետ խոսել ասոցիացված համաձայնագրի մասին», - ասաց «Հայաստանի եվրոպական բարեկամներ» կազմակերպության գլխավոր քարտուղարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG